
Միկրոֆոնների առաջ փողոցային պայքարից են խոսում, «հողի վրա» 2026-ի ընտրարշավով են զբաղված. Տիգրան Աբրահամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Արդեն երևի 3 ամիս կլինի՝ Պաշտպանության նախարարությունն օրենքի խախտմամբ հրաժարվում է պատասխանել առաջնագիծ այցելելու վերաբերյալ իմ գրավոր դիմումներին։ Երեք ամիս է՝ ես հնարավորություն չունեմ առաջնագիծ այցելելու։ Սովորաբար այդպես են վարվում, երբ առաջնագծում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում։ Ինձ՝ որպես առաջնագծին քաջ ծանոթ մարդու, դժվար է համոզել, որ ոչինչ տեղի չի ունեցել, եթե ես հասկանում եմ, որ փոփոխություն կա։ Ես դա անզեն աչքով եմ տեսնում։
- Նվազագույնը, ինչ տեղի է ունենում, հետևյալն է․Ադրբեջանն առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքներ է տանում։ Շատ, այսպես կոչված, աշխատանքներ իրականացվում են «նեյտրալ»` «չեզոք» զոնայում, թեպետ այդտեղ նեյտրալ զոնա չկա։ Եթե երկու կողմերը, ինչպես ասում են, գնում են խաղաղության ճանապարհով, ապա ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Ադրբեջանն ինչ-որ աշխատանքներ է իրականացնում հատկապես Հայաստանի տարածքում մխրճված հատվածներում։
- Երբ մեր հասարակությունը հարց է տալիս՝ ինչո՞ւ է ադրբեջանական զորքն այստեղ, ինչո՞ւ կա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում 240 կմ-անոց մխրճվածություն, եթե Ադրբեջանի հետ պայմանավորվել եք, մեզ պատասխանում են՝ դելիմիտացիա կարվի, հարցը կլուծվի։ Բա եթե Ադրբեջանն ունի պատրաստակամություն ԽՍՀՄ քարտեզներով առաջնորդվել, իսկ դրանցով դրանք մեր վարչական տարածքներն են, ինչո՞ւ է ակտիվ ինժեներական աշխատանքներ կատարում, ամրանում Հայաստանի այդ տարածքներում։ Ադրբեջանում ապուշ չեն, որ գումարներ ծախսեն այն տարածքների վրա, որոնք հետո պետք է վերադարձնեն Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ կարո՞ղ է Ադրբեջանի մտքին կա, որ այն տարածքները, որոնք իր համար կարևոր են ու որտեղ իրենք առաջ են եկել, դելիմիտացիան ավարտի, հետո մի փուլում պրոցեսը խափանի, ու այդ տարածքները մնան իրեն… Սահմանադրական դատարանի ընդունած խայտառակ որոշումը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հարցերի հետ, այդ հնարավորությունը նրանց տալիս է։ Հիմա Ադրբեջանն առաջնագծի գրեթե բոլոր հատվածներում, որտեղ 2021-2022-2023թթ․ ընթացքում Ադրբեջանը մխրճումներ ունի Հայաստանի տարածքում, այդ աշխատանքները կատարում է։
- ԽՍՀՄ ժամանակահատվածում տարբեր քարտեզներ են եղել։ Ադրբեջանն, իմ տպավորությամբ, որ ժամանակահատվածին հարմար բան է լինում, այդպես էլ առաջնորդվում է։ Ադրբեջանի համար մանևրի բավականին լայն դաշտ կա։ Մինչև հիմա, այսպես կոչված, «քաղաքական կռուտիտների» տեղը երկու կողմն էլ պահում է։ Ինչ հարցնում ես, ասում են՝ դա հետագայում ենք անելու, դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ… Նույն բանը տեղի ունեցավ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ժամանակ, երբ Հայաստանը կատարեց Ադրբեջանի բոլոր պահանջները, իսկ երբ ինքը պետք է աներ իր պարտավորությունը, թուղթը ծալեց ու գցեց մի կողմ։ Այն, ինչ Ադրբեջանն արել է Արցախի նկատմամբ, հիմա նույնն անում են Հայաստանի նկատմամբ։
- Հայաստանի Հանրապետությունն իր վրա պարտավորություն է վերցրել թույլ չտալ սեպարատիզմը։ Սեպարատիզմն Ադրբեջանի ընկալմամբ Արցախյան շարժումն է։ Գալու է ժամանակ, երբ օրենսդրական կարգավորումներով Հայաստանում առհասարակ թույլ չեն տալու բարձրացնել Արցախյան հարցը, խոսել դրա մասին։
- Նախիջևանի համար բավականին մեծ պայքար կա, այդ թվում՝ Իրանի կողմից։ Նախիջևանը վաղուց էր համարվում Իրանի ազդեցության գոտի։ Բացի դրանից, հատկապես 44-օրյա պատերազմից հետո կան հարցեր, որոնց վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումները տարբերվում են։ Այս առումով Ադրբեջանն իրեն դիտարկում է՝ որպես ռեգիոնալ դերակատար։ Նախիջևանի հետ կապված խնդիրները կանխելու համար Նախիջևանի մասով Ադրբեջանում վերջին տարիներին բավականին մեծ փոփոխություններ են արել։
- Այն, որ ադրբեջանական բանակը խորապես գտնվում է թուրքական բանակի տարբեր ստորաբաժանումների ազդեցության տակ, մեզ համար տեսանելի է վաղուց։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականը թուրք բարձրաստիճան գեներալ է, որի պաշտոնը բարձրացրել են Թուրքիայից եկած հրամանով։ 2023թ․սեպտեմբերի մեկօրյա հարձակման ժամանակ Ստեփանակերտ էր ներխուժել նաև թուրքական Կոմանդո ջոկատը։
- Կարծում եմ՝ Իրանում որոշակի դերաբաշխում կա, թե Հայաստանի հետ հարաբերություններում ով ինչ դիրքավորում պետք է ունենա։ Քանի որ Իրանի հոգևոր առաջնորդն ու նրա տակ եղած ինստիտուտները խնդիր չունեն, շատ ավելի բաց են արտահայտվում, դիվանագիտական թևը զուսպ է։ Այլ հարց է, որ Իրանում համարում են, որ իրենք այդ հարցում ուշացել են, բայց չեն համարում, որ իրենց համար անկարելիության գիծը հատված է։ Իրանում չեն ասում՝ մենք համոզված ենք, որ ամերիկյան հսկողություն չի լինելու «Զանգեզուրի միջանցքում», այլ հղում են տալիս Հայաստանի իշխանությանը՝ ասելով, թե ՀՀ իշխանությունները այդպես են ասել իրենց։
- Վաշինգտոնյան հանդիպումից առաջ, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքը խոսեց Սյունիքի այդ հատվածի արտապատվիրակման մասին, Փաշինյանի խոսնակը հերքեց դա, բայց դրանից ընդամենը օրեր անց Փաշինյանն ասուլիսի ժամանակ հնարավոր համարեց այդ տարբերակը։ Վաշինգտոնում արտապատվիրակումը հաստատվեց։ Ակնհայտ է, որ պրոցեսը ոչ միայն գնում է, այլև դրա վերաբերյալ կա համաձայնություն։
- Հայաստանի տարածքը մեր կամքից անկախ՝ հանել են աճուրդի, սա չարչիություն է, որն ուզում են ծախել մեր հասարակության վրա։ Ոչ ոք ո՛չ մեզ անվտանգության երաշխիքներ է տվել, ո՛չ էլ էդ փաստաթղթում որևէ տեղ գրված է, որ ներդրումներ են հոսելու։
- Իրանին իր հյուսիսային սահմաններում անհրաժեշտ է կայունություն և երկարաժամկետ անվտանգություն։ Դրա համար այնտեղ պետք է լինի քիչ խոցելի, կշիռ ունեցող պետություն, որպեսզի այդ տարածքը չդառնա պոլիգոն։
- Հայաստանն իր տարածքում դառնում է ինչ-որ կոմունիկացիայի համար սպասարկում իրականացնող, ծառայություն մատուցող սուբյեկտ։ Հետո դա կծախեն ժողովրդի վրա՝ որպես հաղթանակ։ Ինձ պատմեցին, որ բանակում հիմա կարգախոսներ նույնիսկ կան՝ «պարտություններն են ծնում հաղթանակներ» տրամաբանության մեջ»։ Սա փաշինյանական մոտեցում է։
- Ինքն ո՞վ է, որ ասի՝ Գորիս-Կապան մայրուղին պետք է վերադարձնեք․ ինքը ոչինչ է։ Ո՞նց է լինում, որ մարդը քաղաքական առումներով ոչնչություն է, բայց տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար դեռ կարողանում է մնալ ջրի վրա։
- Միայն Հանրապետականն է, որ ասում է՝ մեզ համար առաջնահերթություն է ոչ թե իշխանության գալը, այլ այս իշխանության հեռացումը։ Մենք չենք ասում՝ չենք կարող, ռեսուրս չունենք կամ այլ բան։ Մենք չենք ասում՝ կկրենք, դու թաղապետ կդառնաս, դու՝ նախարար, դու՝ այլ պաշտոն կզբաղեցնես։ Մարդիկ կան, որ պաշտոններ են բաժանում… Ում հարցնում ես, պատրաստ են փողոցային պայքարի, բայց հողի վրա տեսնում ես, որ պատրաստվում են 2026թ․ընտրություններին։
- Այս իշխանության համար թշնամի են հռչակված բոլորը, ովքեր ազգային արժեհամակարգի վրա փորձում են կառուցել գաղափարներ ու ծրագրեր։ Նիկոլ Փաշինյանն արժեհամակարգն է փորձում կոտրել, որ կարողանա հեշտ կառավարել։ Նահատակներին հիշելու իր խոսքը ներքին լսարանին էր ուղղված։
- Հայաստանում ինչքան քիչ արցախցի լինի, Հայաստանում ներքաղաքական խնդիրները Փաշինյանի համար ավելի քիչ կլինեն։ Նա ուզում է այնպես անել, որ արցախցիները հեռանան Հայաստանից:
Մանրամասները՝ տեսանյութում։