
Դիալոգ չկա, ու սա մեր մեծագույն կատաստրոֆան է. ծրագիր չեք բերում, առաջարկը չեք լրացնում, բայց իմպիչմենտի հետ կապված՝ մեծ պատմություն եք սարքել. Կարեն Բեքարյան
168TV-ի կիրակնօրյա «Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, զրույցի ընթացքում անդրադարձավ նաև իմպիչմենտի գործընթացին, ընդդիմադիր թևերի միջև եղած հակասություններին ու ժողովրդի սպասելիքներին:
Վերջինս նկատեց՝ լավագույն տարբերակը կլիներ գեներացնել պրոցես, որի մեջ իմպիչմենտը կարևոր բաղադրիչ է. միայն իմպիչմենտը բավարար չէ, բայց անգնահատելի գործիք է:
«Դիալոգ չկա, ու սա մեր մեծագույն կատաստրոֆան է։ Ծրագիր չեք բերում, առաջարկը չեք լրացնում, բայց իմպիչմենտի հետ կապված՝ մեծ պատմություն եք սկսել։ Այդպես չի լինում։ Կենսունակ բան դրեք սեղանին։ Հերիք է արդեն»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Քաղաքագետը նշեց՝ հանրությունն այսօր իշխանության հետ հույսեր չի կապում, բայց հույսեր չի կապում նաև ընդդիմության հետ։ Դա բերում է տոտալ անտարբերության կամ արտագաղթի։
«Պիտի սեղանին լինի իշխանափոխության այնպիսի ծրագիր, որտեղ հանրությունը հետաքրքիր ազդակ ստանա՝ տեսնելով իր ներգրավումն այդ գործընթացին։ Սա կարևոր է, որովհետև եթե փակ սենյակներում որոշելիքի մոդելը կիրառելի լիներ, պրոցեսը հաջողությամբ ավարտված կլիներ, հետևաբար՝ փակ սենյակներում որոշումները հանրության համար ընկալելի չեն։ Այս իշխանությունը մանիպուլյացիայով հանրությանը սովորեցրել է, որ հանրությունն իր գործողություններին մասնակից է զգում։ Հիմա հանրությունն ընդդիմությունից էլ է դա ակնկալում։ Ինչ պրոցես ուզում ես՝ արա, դու հաջողություն չես ունենա, եթե հանրության ընկալումների հետ համահունչություն չունենաս… Իսկ կարո՞ղ է պետք է քարը փեշից թափել ու ժողովրդից հարցնել՝ ինչ լիդեր է ուզում»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: