
Մոռացե՞լ եք, որ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի մեջ Սուրմալուի նահանգը՝ Արարատ, Իգդիր, չկա. կարո՞ղ են ռուսներն այդ հարցը բարձրացնել, եթե հանկարծ թուրքերն ինչ-որ ուրիշ այլ քայլերի դիմեն. իհարկե կարող են. Վարդան Հակոբյան
«Մեր դեպքում մի կողմն ինչ ուզում, անում է, իսկ այս մյուս կողմը չի էլ քննարկում, համաձայնում է, զիջում է՝ ինչ հնարավոր է։ Սա նման է նոր ձևի օկուպացիայի՝ тихая оккупация»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրներին։
«Լուռ օկուպացիա» տերմինը նկարագրում է այն իրավիճակը, երբ պետությունը վերահսկողություն է իրականացնում մեկ այլ երկրի տարածքի նկատմամբ՝ առանց նրա բացահայտ համաձայնության, առանց բացահայտ ռազմական միջամտության քայլերի դիմելու: Այն կարող է ներառել տարբեր մեթոդներ, ինչպիսիք են՝ տնտեսական ճնշումը, ոչ ֆորմալ խմբերի օգտագործումը, քարոզչությունը և քաղաքացիների ներթափանցումը, ինչը հանգեցնում է այդ երկրի ինքնիշխան տարածքի վրա վերահսկողության փաստացի հաստատման, օկուպացման:
Նրա խոսքով՝ Ալիևը հասկանում է, որ Հայաստանից դեռ շատ բան կա քամելու, ու նա դա կանի ձևական ձեռքսեղմումներով։
«ԱՄՆ-ը այստեղ ոչ մի տնտեսական շահ չունի, բայց կան երկրներ, որոնք կօգտվեն ՆԱՏՕ-ական այս միջանցքից։ Բայց կան Իրանն ու Ռուսաստանը։ Բավական լուրջ աղբյուրներ ասում են, որ Անքորիջում Պուտինը Թրամփին ասել է, որ թույլ չի տա այդ՝ Զանգեզուրի Միջանցքի գոյությունը… Մոռացե՞լ եք, որ կա ռուս-թուրքական պայմանագիր: Չէ՞ որ խաղաղության պայմանագիր ասածը նաև սահմանների հարց է: Առանց սահմանների հստակության, դու ո՞նց ես խաղաղության պայմանագիր կնքում: 1921թ. բոլշևիկյան-աթաթուրքյան հակահայկական պայմանագրից, որը մասնատեց Հայաստանը, կարող է օգտվել Մոսկվան: Հետագայում, իհարկե, նրանք՝ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, թուրքերի հետ կրկին անդրադարձան այդ պայմանագրին:
Այդ պայմանագրում կա և՛ Նախիջևանի ստատուսը, որն ավտոնոմ Հանրապետություն էր ու ի սկզբանե չի մտել Ադրբեջանի մեջ, կան ռուս-թուրքական սահմանները և կան ադմինիստրատիվ Ադրբեջան-Հայաստան սահմանները: Իսկ ռուս-թուրքական պայմանագրի մեջ դիվանագիտական շատ խաղեր կան: Այնտեղ Սուրմալուի ամբողջ նահանգը՝ Արարատ, Իգդիր, չի մտել: Ուղղակի էն ժամանակ ռևկոմը, ոնց որ Հայաստանի այս իշխանությունները, տվել են: Հիմա ռուսները՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական գործիչները, կարո՞ղ են այդ հարցը բարձրացնել, եթե հանկարծ թուրքերն ինչ-որ ուրիշ այլ քայլերի դիմեն: Իհարկե կարող են: Դրա համար Թուրքիան չի կարողանում ազատ արտահայտվել:
Դրա համար թուրքերը կաշկանդված են։ Բացի դրանից, ռուս-պարսկական պայմանագիր էլ կա։ Պիտի հասկանան, որ եթե ՆԱՏՕ-ն, Թուրքիան մտան Հարավային Կովկաս, դա Իրանի համար էլ, Ռուսաստանի համար էլ վատ է։ Իսկ եթե մտավ Հարավային Կովկաս, խառնվելու է նախ՝ Հյուսիսային Կովկասը, ապա՝ Կենտրոնական Ասիան։ Ղազախստանն են ոտքի հանելու։ Գլոբալ լիբերալների ծրագիրը, միևնույն է, գնում է, ռուսներն ուզեն-չուզեն, պիտի շուռ գան դեպի Անդրկովկաս։ Հյուսիսային Կովկասը ոչ պակաս մահացու է Ռուսաստանի համար, քան Ուկրաինան»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Հիշեցնենք, 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բարեկամության և եղբայրության պայմանագրով Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Կարսը, Արևմտյան Հայաստանի մի շարք այլ շրջաններ և Սուրմալու հայկական գավառը` Թուրքիային: Այդ պայմանագիրն ուրվագծել է ներկայիս հայ-թուրքական սահմանը` Թուրքիային փոխանցելով նաև Արարատ լեռը:
Խոսքը 1921թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի մասին է, որին հետագայում հաջորդեց 1921թ․ հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագիրը։
Ըստ մասնագետների՝ թուրք-բոլշևիկյան մերձեցումը միայն հայ ժողովրդի դեմ չէր ուղղված, թուրք-բոլշևիկյան բանակցությունների այդ դավադրության զոհը միայն հայ ժողովուրդը չէր, այլ նաև Ռուսաստանը, որը Կարսի, Արդահանի, Արդվինի, Արևմտյան Հայաստանի մի շարք այլ տարածքների և հայ ժողովրդի, թուրքական տիրապետությունից նրա ազատագրման համար բազում պատերազմներ էր մղել ընդդեմ սուլթանական Թուրքիայի՝ զոհաբերելով իր հազարավոր զավակների կյանքը։
Մանրամասները՝ տեսանյութում: