
«3-րդ տարին է՝ հանրակրթական ոլորտում այս իրավիճում ենք, ոչ մի պատախանատու իր պաշտոնից չի ազատվել. կրթությունն ու այդ մարդիկ տարբեր բևեռներում են գտնվում»

Այս ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում դասագրքերի պակաս կլինի, մի քանի առարկաներ դասագրքեր չեն ունենա։
Թե ինչպես են սովորելու երեխաները դպրոցում առանց դասագրքերի, հարց է։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը հստակ ասում է՝ այն առարկաները, որոնք դասագրքեր չեն ունենալու, նշանակում է, որ այդ առարկաները դպրոցներում չեն ուսումնասիրվելու։
«Արդեն 3-րդ տարին է, նման իրավիճակում ենք մեր հանրակրթության ոլորտում, բայց դրա համար ոչ մի պատախանատու իր պաշտոնից չի ազատվել։ Ըստ էության այս ամենը դարձել է սովորական երևույթ։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք պատասխանատու են և որոշումներ են կայացնում դասագրքերի համար, խրախուսվում են, պարգևավճարներ կարող են ստանալ, արձակուրդ մեկնել և այլն։ Սա ուղղակի անհանդուրժելի վիճակ է, այդ երեխաները որևէ բան չեն սովորում, ինչն այս պահից արդեն հայտնի է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։
Ըստ նրա, ոլորտի պատասխանատուները ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում երեխաների կրթվելու իրավունքն ապահովելու համար, այլև խոչընդոտում են ուսուցիչներին, որպեսզի նրանք չօգտագործեն հին դասագրքերը։
«Այսինքն՝ ոլորտի պատասխանատուն ոչ միայն դասագիրքը չի դնում աշակերտի սեղանին կամ դպրոցի գրասեղանին, այլև կասեցնում է, որ հանկարծ չօգտագործեն նախորդ տարիների դասագրքերը, պարզ ասեմ՝ խոսքը «Հայոց պատմություն» առարկայի մասին է։ Ինչո՞ւ են կասեցնում, որովհետև դրանք ազգային արժեքների համակարգով գրված դասագրքեր են, և քանի որ մեր կառավարությունն ազգային արժեքներից շատ հեռու է, եթե չասենք՝ հակադիր բևեռներում են, դրա համար խոչընդոտում են»,- հավելեց փորձագետը։
Շարունակելով միտքը, Ատոմ Մխիթարյանն ասաց՝ ստացվում է՝ ոլորտի պատասխանատուները գերադասում են, որ երեխաները ոչինչ չսովորեն, քան թե սովորեն հին դասագրքերով։
«Այս ամենը նշանակում է, որ այս մարդիկ, ովքեր խոսում են, թե «կրթվելը նորաձև է», կրթությունից շատ հեռու են, որովհետև նրանք չեն պատկերացնում, թե ինչ է կրթությունը։
Արդյո՞ք կրթությունից հասկացող մեկը կարող է հանրային տարածքում, որն այս դեպքում սոցիալական ցանցերն են, այնպիսի բառապաշար օգտագործել, որը քաղաքակիրթ չէ, որը կարող է վիրավորել դիմացինին, այսինքն՝ ցուցաբերում է անդաստիարակ պահվածք։ Եվ արդյո՞ք այն մարդը, որը Կառավարության նիստի ժամանակ խոստովանում է, որ մնում է նույն դասարանում, իրավունք ունի խոսելու կրթության մասին. ո՛չ իհարկե, կրթությունն ու այդ մարդիկ տարբեր բևեռներում են գտնվում»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը։