Ինչ եղավ, երբ Եվրոպայից ժամանեցի Հայաստան․ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատճառների մասին
Այս հոդվածով ես կփորձեմ ներկայացնել էմպիրիկ վերլուծություն, որպեսզի անձնական փորձի և համեմատական վերլուծության հիման վրա ներկայացնեմ այլընտրանքային կարծիք առ այն, թե ինչով է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը թերանում:
Այսպիսով, մի քանի եվրոպական քաղաքների հետ համեմատություն անցկացնելիս ակնհայտորեն պարզ դարձավ, որ Հայաստանում դիմակներ ավելի շատ են կրում, քան եվրոպական մի շարք քաղաքներում, որտեղ, ի դեպ, կորոնավիրուսի վարակների թիվը զգալի զիջում է հայաստանյան թվերին:
Այսպիսով, որպես օրինակ՝ դիտարկենք Ավստրիան, և փորձենք համեմատել այն Հայաստանում տիրող իրավիճակի հետ.
Ըստ Wikipedia առցանց հանրագիտարանի, Հայաստանի բնակչության թիվը գնահատվում է 2,956,900 անձ: Մինչդեռ, ըստ Ջոն Հոփքինսի բժշկական համալսարանի` կորոնավիրուսի ռեսուրս-կենտրոնի տվյալների՝ Հայաստանում ընդհանուր վարակվածների թիվն այս օրվա դրությամբ կազմում է 47,154, իսկ ընդհանուր մահացածների թիվը` 928:
Միևնույն ժամանակ, ըստ նույն առցանց հանրագիտարանի տվյալների` Ավստրիայի բնակչության թիվը գնահատվում է 8,902,600, ինչի պարագայում այդ երկրում, ըստ Ջոն Հոփքինսի բժշկական համալսարանի` կորոնավիրուսի ռեսուրս-կենտրոնի տվյալների, ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 37,474, իսկ ընդհանուր մահացածների թիվը` 765:
Այս երկու երկրների համետական կարգով ներկայացված թվերը ցույց են տալիս, որ Ավստրիայում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 238 անձանցից մեկը, իսկ Հայաստանում` 62 անձանցից մեկը: Այսինքն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու մեկ շնչին ընկնող դեպքերի քանակն Ավստրիայում գրանցված դեպքերին գերազանցում են շուրջ 3.78 անգամ:
Այժմ, ուշադրություն դարձնենք մարդկանց կողմից դիմակ կրելու և այլ կանխարգելիչ միջոցների կիրարկման փաստերին, որպեսզի կարողանանք հասկանալ երկու երկրների միջև տարբերությունը:
Ստորև ներկայացված լուսանկարներն արել եմ ինքս` ընդամենը երկու օր առաջ, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի ամենաբանուկ փողոցներում:
Ինչպես տեսնում եք՝ մարդիկ համատարած դիմակ չեն կրում այնպես, ինչպես Հայաստանում է: Օրինակ, Հյուսիսային պողոտայում տիրող իրավիճակն ավելի «բարվոք» է այս առումով, քան նշված լուսանկարներում: Եվ եթե Երևանի Հյուսիսային պողոտայում դիմակ չի կրում տասից երկուսը, ապա Վիեննայում` հակառակը՝ դիմակ չի կրում տասից ութ անձ:
Հետևաբար՝ հարց է առաջանում՝ նման կոնտրաստի պարագայում ինչո՞վ է պայմանավորված կորոնավիրուսով վարակման նման հսկայական տարբերությունը:
«Զվարթնոց» օդանավակայանում ժամանումն ու կորոնավիրուսի վերահսկման փորձառությունը
Պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի կողմից օդային և ցամաքային մուտքերի անարդյունավետ վերահսկումը, ինչն աչք է ծակում օդանավակայան ոտք դնելու պահից:
Այսպիսով. ժամանելով «Զվարթնոց» օդանավակայան, ժամանումների սրահում` նախքան սահմանային վերահսկման կետերին մոտենալն ու անձնագիր ներկայացնելը, տեղադրված են իրար միացված երկու սեղան` շուրջ չորս-հինգ մասնագետներով, ովքեր ժամանողների տվյալներն են լրացնում: Հաշվի առնելով սեղանների և սպասարկող անձանց սահմանափակ քանակը, և հայերի անհամբերությունն ու հերթ չկանգնելու և հերթերում միմյանց չհարգելու ցցուն մշակույթը, կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում այդ սեղանների շուրջ: Առաջին կուտակումն այդտեղ է. մի վայրում, որը պետք է վերահսկի և կանխի կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան:
Իմ տպավորությունն այն էր, որ եթե ես չունեի տվյալ ախտանիշը, ապա այդտեղից հեռանալիս ինձ մոտ ռիսկը կաճեր մոտ 70 տոկոսով:
Նշված վայրում վերցնում են հեռախոսահամար, անձնագրի տվյալներ և տեղեկացնում են, որ ժամանող անձը կա՛մ պետք է գնա 14-օրյա ինքնամեկուսացման, կա՛մ պետք է իր հաշվին COVID-19-ի առկայության ստուգման թեստ հանձնի, և միայն բացասական պատասխանից հետո կարող է դուրս գալ և շփվել այլ անձանց հետ:
Նախ նշեմ, որ չեն տրամադրվում թեստ իրականացնող կենտրոններից հեռախոսահամարներ, տվյալներ, նյութեր, որոնք կօգնեն մարդկանց կապ հաստատելու նման թեստավորման կենտրոնների հետ:
Երկրորդ՝ ժամանման հաջորդող օրվա ընթացքում ոչ մի զանգ չեմ ստացել, ոչ ոք չի ստուգել՝ արդյոք ես լքե՞լ եմ իմ ինքնամեկուսացման վայրը, թե՞ ոչ:
Եզրակացություններն ինքներդ արեք, թե ժամանողներից քանիսը կինքնամեկուսանան կամ կգնան թեստ հանձնելու, այն էլ՝ իրենց հաշվին։
Երրորդ խոչընդոտին հանդիպում ես, երբ որոշում ես թեստ հանձնել: Փորձեցի զանգել Հայաստանի ամենահայտնի թեստի կենտրոններից մեկը, որպեսզի գան տուն և թեստավորեն: Նախ՝ կայքում առկա հեռախոսահամարներից ոչ մեկին չպատասխանեցին: Ժամերով փորձելուց հետո, փորձեցի գրանցվել հերթերի կառավարման առցանց համակարգով (EarlyOne հավելվածի միջոցով), ինչը նույնպես չէր գործում:
Մնալով առանց որևէ այլընտրանքի, և բախվելով տվյալ ոլորտի ոչ արդյունավետ կառավարմանը, որոշեցի ինքս գնալ և հանձնել թեստը: Ժամանելով տվյալ թեստի կենտրոն (անունը չեմ նշում, բայց եթե լավագույններից մեկն այդպես է աշխատում, ապա մենք միանշանակ ձախողված ենք), վերցրեցի հերթերի գրանցման կտրոնը և սպասեցի դրսում` մեքենայի մեջ: Բարեբախտաբար, դրսում ամեն ինչ ավելի լավ էր համակարգվում. մարդիկ պահում էին սոցիալական հեռավորություն, և դրսում կար դրված էկրան, որի վրա մարդիկ կարող էին տեսնել իրենց հերթի համարները:
Թեստավորումն անցնելուց հետո ինձ ասացին, որ արդյունքները պատրաստ կլինեն առցանց` երեկոյան ժամը 19:00-ից հետո, ինչը նույնպես խափանվեց, քանզի տրամադրված առցանց աղբյուրը չէր գործում: Ստիպված էի առավոտյան ևս մեկ անգամ գնալ թեստերի հանձնման կենտրոն, որպեսզի ստանամ պատասխանը:
Այս ամենը՝ միայն այն պատճառով, որ ավելի արդյունավետ համակարգում չի եղել, և իմ անձնական պարտավորություններն իրականացնելու պայմաններ չեն ստեղծվել, և իմ քայլերը բխում են այդ խոչընդոտները հաղթահարելու իմ իրավունքներից (սա նշում եմ, որպեսզի հետագայում իմ հանդեպ իրավական պահանջ չներկայացվի):
Ի՞նչ է ստացվում, եթե անձն առանց կորոնավիրուսի ժամանում է Հայաստան, առնվազն երեք տեղ նման վիրուս ստանալու բարձր ռիսկի է հանդիպում. Մեկը՝ օդանավակայանում կորոնավիրուսի վերահսկման վայրում, մյուսը` թեստը հանձնելիս, և երրորդը` թեստավորման կենտրոնների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում առաջացող լրացուցիչ այցերի պատճառով:
Համեմատելով Ավստրիայի հետ՝ կոնկրետ ինձ մոտ տպավորությունն այն է, որ դիմակ չկրելու համար «ասֆալտին պառկեցնելու» պրակտիկան ավելի շատ շոու է, քան գործողություն` միտված քաղաքացիների առողջությունն ապահովելուն:
Մոտավորապես նույնկերպ, ինչպես տուգանում են ոստիկանության` թաքնված վայրերում տեղադրված արագաչափերը, որոնց տեղը վարորդները գիտեն, սակայն դրանց գործառույթը դարձել է ավելի շատ փող կեղեքելու և բյուջե լցնելու միջոց, քան քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու միջոց, ինչին այն պետք է կոչված լիներ:
Կորոնավիրուսի ռիսկերի նվազեցման վերաբերյալ առաջարկներ
- Օդանավակայանում ժամանող ուղևորների տվյալների գրանցման համար տեղադրել եռակի ավել քանակությամբ սեղաններ, այն էլ՝ սոցիալական հեռավորության պահպանմամբ:
- Ժամանող քաղաքացիներին տրամադրել նախօրոք տպագրված, տարբեր լեզուներով տեղեկատվություն պարունակող թերթիկներ, որտեղ նշված կլինեն այն թեստավորման կենտրոնների հեռախոսահամարները, որոնք կարող են թեստավորում ապահովել ուղևորի բնակավայրում:
- Ուղևորներին առաջարկել, որպեսզի նշեն, թե որ թեստավորման կենտրոնից են օգտվելու, այնուհետև տվյալները փոխանցեն կոնկրետ վերահսկող մարմնին, որպեսզի զանգահարեն և հաջորդ օրը ստուգեն՝ արդյո՞ք այդ անձինք կատարել են թեստավորում, թե՞ ոչ:
- Նշված տեղեկատվական թերթիկներում նշել որևէ թեժ գիծ, որոնց օգնությանը կարող են դիմել ժամանող ուղևորները, երբ զանգահարեն և չկարողանան կապ հաստատել թեստավորման կենտրոնների հետ, կամ չստանան պատշաճ ծառայություն:
- Լիցենզավորել թեստավորման կենտրոնները և պարբերաբար ստուգումներ անցկացնել, ինչպես նաև քաղաքացիների բողոքների և զանգերի հիման վրա խիստ վերահսկողություն սահմանել` ընդհուպ նաև վերջիններիս կողմից իրենց պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման դեպքում լիցենզիայից զրկումը:
Վերջիվերջո, այս ամենից կախված է մեր և մեր հարազատների կյանքը, և այս գործընթացում մասնակցող ցանկացած անձի պետք է հասկացնել, որ իր աշխատանքի անփույթ կատարման գինը կարող է լինել որևէ մեկի կյանքը:
Կամո Մայիլյան
Տորոնտո-Երևան