Կզրկվի՞ արդյոք Ադրբեջանը ԱՄՆ ֆինանսական աջակցությունից․ նախագիծը քվեարկության կդրվի հուլիսի 20-ին
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ առաջիկայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվեն փոփոխություններ, որոնք կարգելափակեն ԱՄՆ ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին։
«Քանի որ երկուշաբթի տեղի է ունենալու այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի կողմից առաջարկված այդ փոփոխություններին»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
168.am-ը թեմայի շուրջ զրուցեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունների ֆոնին հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկելու է մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը և ի՞նչ «ճանապարհ» պետք է անցնեն ուժի մեջ մտնելու համար։
– Սա այն փուլն է, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվում են հաջորդ տարվա բյուջետային հատկացումները և այդ հատկացումները, բնականաբար, տարբեր ուղղություններով ԱՄՆ ֆինանսական աջակցությունն են իրենց մեջ ներառում, այդ թվում՝ Պենտագոնի տարեկան բյուջեն, որով նախատեսված է աջակցություն Ադրբեջանին։ Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ նաև հայկական երկու կառույցները՝ Հայ Դատի գրասենյակը և Հայկական ասամբլեան փորձում են այնպես անել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ֆինանսական աջակցություն կամ չտրամադրի Ադրբեջանին ընդհանրապես, կամ տրամադրի Հայաստանին նույնպես համարժեք ֆինանսական միջոցներ։ Ամբողջ քննարկման թեման սա է։
Ամսի 20-ին կքվեարկվի, սակայն սա վերջնական որոշումը չի լինի, որովհետև հետո պետք է այս նախագիծը գնա Սենատ և հաստատվի նաև ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում՝ Սենատում, որն էլ տեղի կունենա սեպտեմբերի կեսերին։ Այնպես որ, ինչպես հասկանում ենք ժամկետներից, դեռևս շատ աշխատանք կա իրականացնելու, և դեռևս հեռու ենք այն օրվանից, որ ԱՄՆ-ը կզրկի Ադրբեջանին ֆինանսական աջակցությունից։
Եթե Սենատը ևս որևէ փոփոխություն չանի, և Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկված և այնտեղ ուղարկված օրենքի նախագիծը այնտեղ էլ նույնկերպ ընդունվի և նախագահի կողմից վետոյի չարժանանա, ինչը քիչ հավանական եմ համարում, ապա այն կստանա օրենքի ուժ, և Ադրբեջանին ֆինանսական աջակցությունից կզրկեն։
– Նմանաբովանդակ նախագծեր շրջանառության մեջ դնելուն ուղղված քայլեր անցյալ տարիներին ևս եղել են և հաջողությամբ չեն պսակվել։ Այս անգամ ի՞նչ կանխատեսում ունեք։
– Մշտապես փորձեր արվել են Ադրբեջանի ֆինանսական աջակցության կրճատման ուղղությամբ, բայց ամենաբացառիկը եղել է 1992 թվականին ընդունված 907-րդ բանաձևը «Ազատության աջակցության ակտ» օրենքում և հենց սրա շնորհիվ էլ մոտավորապես 10 տարի ԱՄՆ-ն հնարավորություն չի ունեցել Ադրբեջանին ուղիղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ ռազմական։ Իսկ մեր կազմակերպությունների նպատակն է՝ գոնե նպաստավոր միջավայր ձևավորել, որպեսզի ամերիկյան ֆինանսական աջակցություն Ադրբեջանին չգնա։
Շատ բարդ է որևէ կանխատեսում անել, հաշվի առնելով վերջին զարգացումները հայ-ադրբեջանական սահմանի վրա։ Հնարավորություններ կան, որ մեր կազմակերպությունները հաջողեն այս կարևոր նախաձեռնության հարցում։ Ինչևէ, սպասենք ամսի 20-ին, որից հետո կհասկանանք, թե ինչ ընթացակարգ կլինի։
– Այս օրերին մենք կենտրոնացած ենք այն իրադարձությունների վրա, որոնք զարգանում են հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ անելիք ունենք միջազգային համագործակցության ոլորտում։ Օրինակ, հայկական համացանցային տիրույթում տարածվեց Բրիտանիայում Ստորին պալատում տարածված հակահայկական հայտարարություն։ Այս ընթացքում եղել են նաև հայամետ հայտարարություններ։ Սակայն այս մասով ի՞նչ անելիք ունենք, Դուք աշխատանք տեսնո՞ւմ եք։
– Բնականաբար, ես կարծում եմ, որ առավել ակտիվ պետք է աշխատել միջազգային հեղինակավոր մամուլի հետ թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի, և թե Եվրոպական միության երկրների։ Սա ամենակարևոր և ազդեցիկ գործիքներից մեկն է, որով կկարողանանք հանրային պատկերացում ձևավորել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, սա առաջնահերթություն է։ Ինչպես նաև ակտիվ պետք է աշխատեն խորհրդարանականներն իրենց բարեկամական խմբերի ձևաչափերով ու հնարավորություններով թե միջազգային կառույցների հետ, թե այլ պետությունների խորհրդարանների հետ։
– Այս օրերին հասցրե՞լ ենք նման բնույթի աշխատանք տանել։
– Կարծում եմ, որ հասցրել ենք, բնականաբար, այնքան, որքան հնարավոր է, աշխատանքի մի մասն էլ ԱԳՆ-ի տեսանելի չի եղել, դա դիվանագիտական աշխատանքի առանձնահատկություններից է, չերևացող աշխատանքը։ Եղան հայամետ հայտարարություններ, որոնք էլ խոսում են նրա մասին, որ այդուհանդերձ աշխատանք տարվել է։ Ուստի կարծում եմ՝ աշխատանք եղել է, բայց միշտ էլ կարելի է ավելի արդյունավետ աշխատել։