«Որքան մեր իշխանությունները, ընդդիմությունը, ժողովուրդն ուշ հասկանան, որ պահն օրհասական է, այնքան շատ ավելի ծանր, վտանգավոր և ցավոտ կլինեն լուծումները, եթե լինեն». Հարություն Մեսրոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական հյուրը` կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոբյանը, կարծում է, որ, եթե մարդը կառավարում չգիտի, կարևոր չէ` ինքը գիտակցելո՞վ, թե՞ առանց գիտակցելու՝ չկարողացավ գլուխ հանել, և իշխանությունների քայլերը ցույց են տալիս, որ իրենք անհանգստացած են, բայց ձևերը չգիտեն:

«Մենք չպետք է գնանք պահի կառավարման տրամաբանությամբ, իսկ մեզ մոտ պահի կառավարման տրամաբանություն է: Համակարգը միասնականություն է: Կառավարման ժամանակ միշտ օգտագործվում է համակարգային մոտեցումը»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

Փորձագետը վստահ է, որ կառավարման համակարգը փրկելու համար պետք է դիմել կտրուկ քայլերի և անհապաղ:

«Քանի օր մեր իշխանությունները, ընդդիմությունը, ժողովուրդը ինչքան ուշ հասկանա, որ պահն օրհասական է, այնքան շատ ավելի ծանր, վտանգավոր և ցավոտ կլինեն լուծումները, եթե լինեն»,- ընդգծեց կառավարման հարցերով փորձագետը:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի պարգևավճարներին` Հարություն Մեսրոբյանն ասաց, որ ինքնանպատակ պարգևատրումներն ականներ են, որոնք պայթելու են որոշ ժամանակ անց:

«Երկրի բարձրագույն իշխանությունն ամիս առ ամիս զրկում է պետության կառավարման արդյունավետ մեթոդներից մեկը, իսկ երկիրը փլուզվում է, երբ պետական կառավարման համակարգում օբյեկտիվորեն և սուբյեկտիվորեն անջատվում են կառավարման ֆունկցիաները: Աստիճանաբար քաոս է սկսվում, և երկիրը փլուզվում է: Ես պնդում եմ, որ կառավարման իմաստով պարգևավճարները շատ վտանգավոր բան են: Անունն է փոխվել: Ժամանակին վերցնում էին կաշառք, հիմա տալիս են պարգևատրում»,- նշեց Հարություն Մեսրոբյանը:

Կառավարման փորձագետի կարծիքով` նույնն էլ գործուղումների դեպքում է, և եթե պաշտոնյան գնում է գործուղման, նա ամբողջ ժողովրդի համար հետո պետք է հաշվետվություն տա, քանի որ իր վրա ծախսվել է գումար, ու պաշտոնյան պետք է հաշվետվություն տա, թե ինչ արդյունքներ է գրանցել:

Տեսանյութեր

Լրահոս