Աշխատատեղերի «ռեկորդների» մասին Փաշինյանի հայտարարությունները՝ աճող գործազրկության և փակվող բիզնեսների ֆոնին

Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստերից մեկում հայտարարեց, թե 2026 թվականի օգոստոսին մենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել: Նախկինում ոչ մի անգամ չենք ունեցել, որ օգոստոսին պատմական մաքսիմում ունենանք, այսինքն՝ աճեր եղել են, բայց նույն տարվա նախորդ ամիսներին 1 կամ 2 անգամ ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշ:

«Այս տարի աննախադեպ է նրանով, որ օգոստոս ամսին բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել: Օգոստոսին ունեցել ենք 830.417 աշխատատեղ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մի կողմ թողնենք այն, որ աշխատատեղերի վերաբերյալ իշխանությունների կողմից պարբերաբար հայտարարվող «պատմական ռեկորդների» պայմաններում Հայաստանում խորացել է գործազրկությունը։ Եթե անցած տարվա երկրորդ եռամսյակում, պաշտոնական տվյալներով, Հայաստանում 166 հազար գործազուրկ կար, ապա այս տարվա երկրորդ եռամսյակում գործազուրկների քանակը հասել է ընդհուպ 182 հազարի՝ 16 հազարով ավելի շատ, քան անցած տարի էր։

Խորացել է նաև գործազրկության մակարդակը՝ նախորդ տարվա 12.3 տոկոսից դարձել է 13 տոկոս։

Կարդացեք նաև

Աշխատաշուկայի ահա այսպիսի դրսևորումների պայմաններում, Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդների մասին է հայտարարում։ Նրա այդ հայտարարությունից մի քանի օր անց կառավարության կայքում տեղեկատվություն հայտնվեց, ըստ որի, օգոստոսին Հայաստանում գրանցվել է 834 հազար 417 աշխատատեղ։ Չորս հազարով ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել։

«2026 թ․ օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ։ Օգոստոսին գրանցվել է 834 հազար 417 աշխատատեղ»,- հայտարարել էին կառավարությունից։

Թե ինչպե՞ս մի քանի օրվա ընթացքում 830 հազար 417-ը դարձավ 834 հազար 417, թող իրենք որոշեն։ Մի քանի հազար՝ այս կողմ, մի քանի հազար՝ այն կողմ, հավանաբար մեծ բան չէ իշխանությունների համար։ Կարևորը՝ ցանկալի թվերը տեղը տեղին լինեն։ Բայց միշտ չէ, որ դա էլ հաջողվում է։

Մի քանի օր անց էլ պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց տվյալներ աշխատաշուկայի վերաբերյալ, որոնք սառը ջուր լցրեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարած «պատմական ռեկորդների» վրա։ Պաշտոնական վիճակագրությունը 2026թ. օգոստոսին Հայաստանում արձանագրել էր 826 հազար 986 աշխատող՝ 3431-ով պակաս, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարած աշխատատեղերի «պատմական ռեկորդն» էր, 7431-ով էլ պակաս, քան արձանագրել էր կառավարությունը։

Ընդ որում, պաշտոնական վիճակագրության համաձայն, հուլիսի համեմատ՝ օգոստոսին աշխատողների թվաքանակը Հայաստանում ոչ միայն չի ավելացել, այլև նույնիսկ նվազել է։ Եթե հուլիսին արձանագրվել էր 827 հազար 895 աշխատող, օգոստոսին աշխատանքով ապահովված է եղել 826 հազար 986 քաղաքացի։

Հուլիսի համեմատ օգոստոսին աշխատողների թվաքանակը կրճատվել է 909-ով։

Զբաղվածները, ըստ պաշտոնական վիճակագրության, օգոստոսին ավելի քիչ են եղել՝ ոչ միայն հուլիսի, այլև հունիսի համեմատ։ Հունիսին գրանցված է եղել 829 հազար 231 քաղաքացի՝ 2 հազար 245-ով ավելի, քան եղել է օգոստոսին։

Ստացվում է, որ վերջին 2 ամիսներին աշխատողների թվաքանակը Հայաստանում նվազել է ավելի քան 2.2 հազարով, իսկ Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդների մասին է խոսում։ Հայտարարում է, որ օգոստոսն առանձնահատուկ է հենց նրանով, որ նախորդ ամիսներից ավելի բարձր աշխատատեղերի ցուցանիշ է գրանցվել։ Մինչդեռ նույն ժամանակահատվածի պաշտոնական վիճակագրությունն աշխատողների թվաքանակի կրճատում է արձանագրել։

Կարևորն այստեղ ոչ թե այն է, որ աշխատատեղերն ավելացել են, այլ այն, որ աշխատողներն են կրճատվել, ինչպես արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։ Դա նշանակում է, որ նույն աշխատողը երբեմն մեկից ավելի աշխատատեղ է զբաղեցնում, ու դրանով է պայմանավորված, որ աշխատատեղերն ավելի շատ են, քան այդ աշխատատեղերը զբաղեցրած քաղաքացիների թվաքանակն է։ Այս պարագայում, սակայն, ինչպես նշեցինք, շատ ավելի կարևոր է աշխատողների թվաքանակը, որի մասին, սակայն, Նիկոլ Փաշինյանը չի խոսում։

Նման «տխուր» ցուցանիշները նրան չեն հետաքրքրում, պիտի «պատմական ռեկորդներ» լինեն, որպեսզի դրանց վերաբերյալ հայտարարություններ անի և փորձի տպավորություն ստեղծել, թե ինչպիսի տնտեսական զարգացում ու բարեկեցիկ կյանք է ապահովել Հայաստանի քաղաքացիների համար։  

Ինչպես հուլիսին, այնպես էլ օգոստոսին արձանագրված աշխատողների թվաքանակի կրճատումն ուղիղ կապ ունի այն քաղաքական բռնաճնշումների հետ, որը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Նրանց կամ նրանց ընտանիքներին պատկանող բազմաթիվ ընկերություններ ընտրություններից անմիջապես հետո քաղաքական իշխանության անմիջական հրահանգով հայտնվեցին պետական տարբեր կառույցների թիրախում ու կանգնեցին հարկադիր պարապուրդի առաջ։ Ամիսներ անց էլ տասնյակ այդպիսի բիզնեսներ շարունակում են կապարակնքված մնալ։ Կապարակնքումից հետո այդ ընկերություններում զբաղված հազարավոր աշխատողներ զրկված են իրենց աշխատանքից, գտնվում են հարկադիր պարապուրդում ու կորցրել են իրենց եկամուտները։

Քաղաքական հաշվեհարդարի ճանապարհով ընկերություններ փակելը սովորական երևույթ է դարձել Հայաստանում։ Բայց բիզնեսները միայն այդ ձևով չեն փակվում։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործող կազմակերպությունների քանակը մի քանի հարյուրով կրճատվել է։ Նվազել է հատկապես փոքր կազմակերպությունների քանակը։ Նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 1.2 հազարի տարբերություն կա։

Գործող կազմակերպությունների քանակի տարբերությունն ակնհայտ է հատկապես 2 տարի առաջվա նկատմամբ։ Մինչ իշխանությունները խոսում են տնտեսության զարգացումների ու աշխատատեղերի ստեղծման մասին, վերջին 2 տարում Հայաստանում գրանցված կազմակերպությունների քանակը շուրջ 5 հազարով նվազել է։ 2024թ. օգոստոսին հասնում էր 69.7 հազարի, հիմա մնացել է 64.8 հազարը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031