Ազգային պաշտպանության ծախսերի ավելացման թուրքական դրդապատճառները

Այս տարվա սեպտեմբերին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ներկայացրեց 2027-2029 թվականների տնտեսական ծրագիրը։

Ըստ այդմ՝ հանրապետությունը մտադիր է առաջիկա երեք տարում պաշտպանական ծախսերն ավելացնել 229 տոկոսով (ավելի քան երեք անգամ)։ Այս քայլի նպատակն է՝ ամրապնդել երկրի ինքնուրույնությունը և ընդլայնել ազդեցությունը Եվրասիայում։ Միաժամանակ ընդգծվել է՝ ֆինանսավորումը նախատեսվում է ուղղել հայրենական տեխնոլոգիաների զարգացմանը, ազգային պաշտպանության կարիքների բավարարմանը և բարձր ավելացված արժեքով հարթակների ստեղծմանը։

Հատկանշական է, որ հայտարարված ծրագրի շրջանակներում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծախսերի ավելացումն ամենանշանակալին է։ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2025 թվականին Թուրքիայի ռազմական ծախսերն արդեն հասել են 30 մլրդ դոլարի, ինչն այդ ցուցանիշով նրան 18-րդ տեղն է ապահովել։ Շվեդական «ուղեղային կենտրոնի» վերլուծաբանների կարծիքով՝ աճը մեծապես պայմանավորված է Իրաքում, Սոմալիում և Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների ծախսերի անհրաժեշտությամբ։ Սակայն առաջնային շարժառիթը մնում է թուրքական պաշտպանական արդյունաբերության վերելքի ձգտումը։

Որոշ հետազոտողներ կարծում են, որ ֆինանսավորման վերաբաշխման նման փոփոխությունը երկար տարիների ընթացքում «անվստահելի արևմտյան դաշնակիցներից» Թուրքիայի ունեցած խորը հիասթափության և ավելի մեծ ռազմավարական ինքնավարության ձգտման արդյունքն է։

Կարդացեք նաև

ՆԱՏՕ-ի գործընկերներից սարքավորումներ գնելու փոխարեն՝ Անկարան բյուջեի ավելացման համար հատկացված միջոցներն ուղղում է սեփական արդյունաբերական բազայի զարգացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անօդաչու թռչող սարքերին, հակաօդային պաշտպանությանը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին։ Մյուսները նշում են՝ Թուրքիայի աշխարհագրական դիրքը տարածաշրջանային խոշոր հակամարտությունների էպիկենտրոնների հարևանությամբ նույնպես ստիպում է հանրապետության քաղաքական վերնախավին ավելացնել ազգային պաշտպանության ծախսերը։

Համաձայնենք՝ «աշխարհագրությունը մեծապես որոշում է պետության ճակատագիրը», սակայն Մերձավոր Արևելքի հակամարտությունն արդեն փաստացի աշխարհաքաղաքական հաստատուն է դարձել։ Ուստի, մեր կարծիքով, Թուրքիայի սահմանների երկայնքով անկայունությունը թեև ծանրակշիռ պատճառ է, որը հանգեցրել է պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացման, սակայն հազիվ թե կարող է բացատրել նման քայլի արդիականությունն ընթացիկ փուլում։ Ինչ վերաբերում է արևմտյան գործոնին, ապա նկատենք, որ «ՆԱՏՕ-ի վրա հենվելուց» հեռանալու մասին փաստարկները, տեսանելի է, բավականաչափ հիմնավոր չեն, ինչն ապացուցվել է, մասնավորապես, այս տարի թուրքական հողում Ալյանսի ամառային գագաթնաժողովի արդյունքներով։

Ավելի շուտ հակառակը՝ Թուրքիայի ազգային ռազմարդյունաբերության զարգացման տեմպերի աճը համապատասխանում է Եվրաատլանտյան դաշինքի երկրների շահերին՝ հաշվի առնելով հանրապետության՝ որպես ՆԱՏՕ-ի «Հարավային բուֆերի» պահպանվող դերը։ Սա Վաշինգտոնի հռչակած այն դոկտրինի վառ ապացույցն է, որը հանդես է գալիս որպես օժանդակ միջոց՝ տարբեր տարածաշրջաններում իր շահերի իրացումը դաշնակիցներին «պատվիրակելու» համար, որոնց շարքին Մերձավոր Արևելքում, անշուշտ, դասվում է նաև Թուրքիան։

Ի թիվս այլ դրդապատճառների՝ չի կարելի չհիշատակել Պարսից ծոցի երկրների գործոնը, որոնք առաջին տարին չէ, որ զգալի ֆինանսական աջակցություն են ցուցաբերում «լողացող» թուրքական տնտեսությանը։ Ի պատասխան՝ նրանց անհրաժեշտ են թուրքական հուսալի և մատչելի տեխնոլոգիաներ, որոնք կարող են արդարացնել իրենց ներդրումները։ Իզուր չէ, որ ներկայումս մենք ականատես ենք լինում արաբական միապետությունների հետ Թուրքիայի լիարժեք տարածաշրջանային դաշինքների ձևավորմանը, որոնք հատկապես ակտիվացրել են համագործակցությունը թուրքական կառավարության և պաշտպանական ընկերությունների հետ՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի խորապատկերին։

Ռազմարդյունաբերական համալիրի աճի մեկ այլ անվիճելի շարժիչ է հանդիսանում «Անկախ արդյունաբերողների և գործարարների ասոցիացիան», որը կազմված է Թուրքիայի կենտրոնական և արևելյան շրջանների գործարարներից, որոնք պահպանողական կրոնական համոզմունքներ ունեն և հիմնականում ղեկավարում են փոքր և միջին ձեռնարկություններ: Ասոցիացիայի անդամներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ընտրական բազայի կարևոր բաղադրիչն են և Անկարայի արտաքին կապերի դիվերսիֆիկացման առանցքային օղակը:

Էրդողանն «անատոլիական վագրերի» (այսպես են երբեմն անվանում ասոցիացիայի անդամներին) դիրքերն ամրապնդելու նպատակով ակտիվացնում է տնտեսական նախագծերը Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի երկրներում, որտեղ, իսլամական արժեքների վրա հենվելով և ազգային գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների կողմից ակնհայտ մրցակցության բացակայության պայմաններում, նրանք լրացուցիչ առավելություններ են ստանում մուսուլմանական երկրների հետ կապեր հաստատելու հարցում։

Այս առումով Անկարայի միջազգային գործունեության տնտեսական բաղադրիչը կարևոր դեր է խաղում, ընդ որում՝ թուրքական արտահանման հատուկ ուղղություններից մեկը պաշտպանական արդյունաբերության արտադրանքն է, որի իրականացման ժամանակացույցը հստակ ցույց է տալիս, որ թուրքական ռազմական նմուշների երկու հիմնական գնորդներն են ԱՄԷ-ն (20,5 %) և Սաուդյան Արաբիան (12,1 %):

Կարևոր է նաև այն, որ պաշտպանական արդյունաբերության հաջողությունների շնորհիվ «ազգային հպարտության» ամրապնդումը նշանակալի տարր է իշխող շրջանակների կողմից առաջ քաշվող դիսկուրսում՝ ընտրազանգվածի աչքում նրանց քաղաքական դիրքերի ամրապնդման համար։ Սա հատկապես ակտուալ է 2028 թվականին սպասվող ընտրությունների նախաշեմին, որոնցում, ամենայն հավանականությամբ, կրկին կարող է առաջադրվել Էրդողանը։

Պատահական չէ, որ ԱԶԿ կազմավորման 25-ամյակին նվիրված իր ելույթում, նշված ժամանակահատվածում հաջողությունները թվարկելիս, նա հատուկ շեշտադրում արեց ռազմարդյունաբերական համալիրի վրա։ Թուրքիայի նախագահը նշել է, որ «երկիրը, որը նախկինում անգամ հետևակային հրացաններ էր գնում արտասահմանում, այժմ ինքն է արտադրում ռազմանավեր, ուղղաթիռներ, տանկեր, հրթիռներ և սուզանավեր», իսկ որպես Թուրքիայի «նոր վստահության» խորհրդանիշ՝ նա առաջիններից է նշել անօդաչու թռչող սարքերը, KAAN ազգային կործանիչը և հակաօդային պաշտպանության համակարգերը։

Հետաքրքիր է, որ նման խոսույթը դրական արձագանք է գտնում ժողովրդի մեջ։ Area Araştırma խոշոր հետազոտական ընկերության հուլիսյան հարցումը ցույց է տալիս հազվագյուտ միակարծություն։ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների կողմնակիցների ավելի քան 80%-ը կողմ է ազգային ռազմարդյունաբերական համալիրում արվող ներդրումներին։ Հարցվածների կարծիքով՝ այս ներդրումները կնպաստեն երկրի տնտեսական աճին։

Ի վերջո, պաշտպանական ծախսերի ավելացումը Թուրքիային թույլ կտա դառնալ ավելի ազդեցիկ գլոբալ խաղացող։ Դա նաև կմեծացնի նրա ռազմական գործողությունների արդյունավետությունը սեփական շահերի գոտիներում։ Անկարայի այս որոշումը բխում է սեփական ազգային շահերից։ Չէ՞ որ Թուրքիան կողմնորոշված է դեպի արևմտյան բաղադրիչների մատակարարումները և համագործակցում է եվրոպական ու ամերիկյան ընկերությունների հետ։ Բացի այդ, նա համակարգված կերպով ընդլայնում է ռազմական արտահանումը Ռուսաստանին սահմանակից երկրներ, հատկապես՝ Ուկրաինա և Կենտրոնական Ասիա։                                              

Մարիա Կոլեսնիկովա

interaffairs.ru

Թարգմանությունը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031