Դատական նիստերն ապացույցների հետազոտման փուլում կանցնեն առանց Սերժ Սարգսյանի ներկայության
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, սկսվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարուցված հերթական քրեական վարույթով դատական նիստը:
Նիստին ներկա էր ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Դատական նիստի սկզբում Սերժ Սարգսյանի պաշտպաններ Ամրամ Մակինյանն ու Ռուբեն Հակոբյանը միջնորդություն ներկայացրեցին 3-րդ նախագահի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին. դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը:
Հաջորդիվ դատախազը միջնորդեց շարունակել Սերժ Սարգսյանի վերաբերյալ կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը, քանի որ վերջինս հաճախ է սահմանը հատում, ու դա կարող է խոչընդոտել գործի քննությանը: Պաշտպան Ամրամ Մակինյանը հակադարձեց՝ դա մարդու իրավունքը սահմանափակող միջնորդություն է, և պնդեց՝ բացակայելու արգելք կիրառելու համար հիմքեր չկան, ու այն ենթակա է անհապաղ վերացման:
Ռուբեն Հակոբյանն էլ հանրային մեղադրողի խոսքը մեկնաբանելու համար դիմեց հայոց լեզվի օգնությանը:
«Եթե տարին մեկ անգամ սահմանը հատելը համարվում է հաճախակի, այստեղ հայերենն անզոր է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով՝ 4 գործով նախագահ Սարգսյանի վերաբերյալ առհասարակ խափանման միջոց չի կիրառվել դատաքննության կեսից, հետևաբար համառորեն պահանջել, որ այս գործով խափանման միջոցը պետք է մնա, առնվազն, ըստ պաշտպանի՝ ազնիվ չէ:
Դատարանը, լսելով կողմերին՝ որոշեց՝ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում. Սերժ Սարգսյանի վերաբերյալ կիրառված խափանման միջոցը վերացվեց:
Հաջորդիվ միջնորդություն ներկայացվեց առ այն, որ Սերժ Սարգսյանը չմասնակցի դատական նիստերին: Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը. Սերժ Սարգսյանը գրավոր ապացույցների հետազոտման փուլի դատական նիստերին կարող է չմասնակցել: Կմասնակցի վկաների հարցաքննության փուլից:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։ Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում:

