Բաժիններ՝

«Հույսս կտրել եմ, իրավապահները ոչինչ չեն անում, մնում է տեսանյութը հրապարակեմ, գուցե ինչ-որ մեկն այդ անձին ճանաչի». Ռենե Մովսիսյան

2024 թվականի օգոստոսին Երևանում՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքի վարձակալած բնակարանում տեղի ունեցած գողությունը մինչև այս պահն իրավապահները չեն բացահայտել։

Այդ օրը՝ 2024 թվականի օգոստոսի 5-ին, Բաղրամյան 50/3 հասցեում գտնվող Ռենե Մովսիսյանի վարձակալած բնակարանից գողացել են ընտանիքի խնայած գումարը, ոսկեղենը, արծաթեղենը, նույնիսկ հասարակ զարդերը։ Այդ գումարն ընտանիքը խնայել էր, որպեսզի Երևանում բնակարան ձեռք բերելու համար կանխավճար ունենար։

Ընտանիքի անդամներն այդ օրը տանը չեն եղել, հրավիրված են եղել առիթի, տուն են վերադարձել երեկոյան ժամը 23։20-ին և տեսել, որ ննջասենյակում ամեն ինչ խառնված է, ու չկա իրենց խնայողությունը։

Այսօր Ռենե Մովսիսյանն ասաց, որ այդ գողությունից անցել է 1, 5 տարի, սակայն նույնիսկ կասկածյալ չկա։

Կարդացեք նաև

«Մենք քննիչի մոտ եղել ենք մեկ տարի առաջ, դրանից հետո մեզ քննիչը չի կանչել։ Քննիչի վերջին զրույցի բովանդակությունը հետևյալն է՝ «ձեր իրավունքն է, որտեղ ուզում եք՝ դիմեք, ով էլ մեր թղթաբանությունը ստուգում է, կեղծիք բռնել չի կարողանում»։ Դե, մենք մի քանի անգամ գերատեսչությունների ենք դիմել, ՆԳ նախարարին էլ ենք նամակով դիմել, սակայն մեզ ավելի ցածր օղակներից են պատասխանել։ Այսինքն՝ իրենց գործունեության տրամաբանությունն այն է, որ ոչ թե գողին բռնեն, այլ իրենց թղթաբանության մեջ կեղտ չբռնեն։ Հիմա, եթե քննիչի մակարդակով մեզ նման բան է ասվում, էլ ի՞նչ սպասեմ»,- 168.am հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։

Ռենե Մովսիսյանի խոսքով՝ շենքի տարածքը տեսանկարահանվում է, տեսանյութը տրամադրել է իրավապահներին, ավելին՝ Ամերիկյան համալսարանի շրջակայքի տեսանյութերն էլ են վերցրել։

«Իրենց ասելով՝ այդ տեսանյութերն էլ են վերցրել, բայց անձն անհետացել է, չգիտեն, թե ուր է գնացել։

1,5 տարի է անցել, սկզբում ինձ օրենքն էր հետ պահում այդ տեսանյութը չհրապարակելու համար, բայց հիմա մտածում եմ՝ եթե տեղադրեմ համացանցում, գուցե ինչ-որ մեկն այդ անձին ճանաչի։ Այդ մարդու քայլվածքը պարզ երևում է, դիմակով է։ Նրա առջևից մեկ հոգի էլ է գնում, առանց դիմակի, չեմ բացառում, որ կարող է՝ իրար հետ են։

Կարծում եմ՝ իրավապահները չեն ուզում բացահայտեն այս դեպքը, քանի որ բացահայտելու բոլոր նախադրյալները կան՝ անմիջապես ոստիկանությանն ենք դիմել, տեսանյութը կա»,- նշեց Ռենե Մովսիսյանը։

Ըստ նրա, մինչև այս պահը չեն կարողացել բնակարան ձեռք բերելու համար կանխավճար հայթայթել, ընտանիքը շարունակում է վարձով բնակվել։

Նա փոխանցեց նաև, որ որևէ մեկին չեն կասկածում, չնայած ոստիկանությանն են տրամադրել այն անձանց ցուցակը, որոնք գողության օրն իմացել են, որ իրենք առիթի են հրավիրված և մի քանի ժամով տանը չեն լինելու։

«Հույսս արդեն կտրել եմ, իրավապահները ոչինչ չեն անում, մնում է  այդ տեսանյութը հրապարակեմ, գուցե ինչ-որ մեկն այդ անձին ճանաչի»,- ընդգծեց Ռենեն Մովսիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս