«Ցավդ տանեմ, այդ անունն ինձ մոտ մի տվեք… Մեր հազարավոր տղաների արյունն իր քթերից պետք է գա». Նարինե Ասատրյան

Անցնող շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «քարոզարշավային ավտոբուսն» իր մշտական ուղևորներով՝ ՔՊ-ականներով, երգ ու պարով, Վայոց ձորի մարզում էր։ Նախորդ մարզային այցերի նման, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը շուկաներում առևտուր արեց, տեսախցիկների առջև կերավ, մարդկանց համոզեց, թե խաղաղություն է, և համարելով, որ բոլորը գոհ ու երջանիկ են, գնաց Սյունիքի մարզ։

2023 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Վայոց ձորի մարզ, Բերձորից բռնի տեղահանված բազմազավակ մայր Նարինե Ասատրյանը նրա  ուղղությամբ անձրևանոց էր նետել՝ հիշելով հազարավոր զոհերին, կործանած հայրենիքը, Բերձորում իր կորցրած տունը՝ այդպիսով իր զայրույթն արտահայտելով։ Նարինե Ասատրյանին այդ միջադեպից հետո մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 2-5 տարի:

Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու  համար, նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանվել էր փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։

Նարինե Ասատրյանին դատարանը պարտավորեցրել էր՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշման՝ թույլ չտալ լքել ՀՀ տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:

Կարդացեք նաև

Այսօր Նարինե Ասատրյանից հետաքրքրվեցինք՝ Վայոց ձորի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ արդյո՞ք նրան հանդիպել է։

Լսելով Նիկոլ Փաշինյանի անունը, տիկին Նարինեն ասաց՝ այլևս նյարդերը չեն բավարարում այդ անունը լսելիս։

«Ցավդ տանեմ, այդ անունն ինձ մոտ մի տվեք, նա ո՞վ է, որ ասում է՝ Արցախի հարց չկա, մոռացե՛ք, գլուխը պատին է տվել։ Չեմ ուզում ուրիշ բառեր ասել, ո՞վ է ինքը, երբ այդ թեմայով այդ մարդը խոսում է, իմ նյարդային համակարգը խանգարվում է։ Ո՞վ է, ի՞նչ է իրենից ներկայացնում, որ մեր հայ ազգին հասցրել է այս օրին, եթե ինքը ուզում է թրքապաշտ դառնա, թող գնա դառնա, բայց մեզանից հեռու»,- 168.am հետ զրույցում ասաց Նարինե Ասատրյանը։

Նա դժվարացավ ասել՝ Արցախից բռնի տեղահանված որևէ մեկը Վայոց ձորում գնացե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, թե՞ ոչ։

«Երեկ այդ անձի ուղիղ եթերն էի նայում, աշխատանքի էի, հազիվ եմ զսպել ինձ, որ տաքսի չկանչեմ՝ բարձրանամ վերև։ Ես իր պատճառով դատապարտված եմ, այսօր ստորագրելու օրն է, 3 ամիս է մնացել, որ ամբողջովին ազատվեմ։

Թող ԱԱԾ-ն էլ լսի՝ մեր հազարավոր տղաների արյունն իր քթերից պետք է գա, գոնե այդքանից հետո իրեն մի քիչ զուսպ պահի, ժողովուրդը կաթվածահար վիճակում է։

Եթե մեր ազգի գոնե մի մասն արժանապատիվ լինեին, մենք, բնականաբար, այս վիճակում չէինք հայտնվի»,- ընդգծեց Նարինե Ասատրյանը։

Հիշեցնենք նաև, որ Նարինե Ասատրյանը 44-օրյա պատերազմից հետո երեխաների հետ եկել էր Հայաստան: Պատերազմից հետո վերադարձել էր Արցախ՝ Քաշաթաղում մշտական իր տանն ապրելու նպատակով, սակայն 2022 թվականի օգոստոսին, երբ Հայաստանի իշխանությունները հանձնեցին Բերձորը, Նարինե Ասատրյանի ընտանիքը պարտադրված տեղահանվեց և տեղափոխվեց Հայաստան՝ Մալիշկա բնակավայր։ Նա Բերձորի վերջին բնակիչներից էր, որ թողել էր իր տունը։

Տեսանյութեր

Լրահոս