«Այդ մարդիկ մեր հոգածության ներքո են. իրենց ցանկությամբ խոսում են հարազատի կամ կոնտակտային անձի հետ». Նվեր Կոստանյան
Հունվարի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մինչ այժմ Արցախում բնակվող 10 հայեր և ազգությամբ մեկ ռուս՝ ՀՀ քաղաքացիությամբ, դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։
Արցախից հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը լրատվամիջոցներին ասել էր, որ Արցախի երկու բնակիչ չի ցանկացել դուրս գալ Արցախից. մեկը Ստեփանակերտ է վերադարձել Հակարիի կամրջից, իսկ մեկ կին առհասարակ չի ցանկացել դուրս գալ։ Այդ կինը Հադրութի օկուպացիայից հետո բնակություն էր հաստատել Ստեփանակերտում, ու նրա ծանոթներից շատերը պնդել են, որ վերջինս միշտ ասել է, որ պետք է վերադառնա Հադրութ։
Այս պահին որտե՞ղ են Արցախի մեր այս հայրենակիցները, ինչպե՞ս է գնահատվում նրանց առողջական վիճակը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը մեզ փոխանցեց.
«Գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող ասել, այս մարդիկ մեր հոգածության ներքո են։ Ինչպես զբաղվում ենք մեր 100 հազարից ավելի հայրենակիցներով, այնպես էլ զբաղվում ենք այս անձանցով։
Ըստ իրենց ցանկության՝ հարազատների կամ կոնտակտային անձ եթե ունեն, խոսում են նրանց հետ։
Գտնվելու վայրի վերաբերյալ ոչինչ չասեմ, քանի որ անձնական տվյալների հարց կա, իրավունք չունեմ իրենց անունից դա փոխանցել»։
Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնք այս պահին արդեն իրենց հարազատի տանն են ապրում, Նվեր Կոստանյանը պատասխանեց.
«Երկու օր առաջվա տվյալներով՝ ոչ»։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության վրա, իսկ դրանից առաջ նա 9 ամիս Արցախը պահել էր տոտալ շրջափակման մեջ։ Մեկօրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախն ամբողջությամբ և ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանեց արցախահայերին։



