Ամեն ինչ այրվել է, միակ բանը, որ փրկել ենք, իրենց կյանքն է. Արցախից բռնի տեղահանված ընտանիքի վագոն-տնակն ամբողջովին այրվել է. ձյուն-ձմեռով մնացել են դրսում

Երեկ գիշերը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այրվել է Արցախից բռնի տեղահանված Սահակյաններին պատկանող վագոն-տնակը։ Այս պահին ընտանիքի հայրը՝ կնոջ, տարեց մոր և 4 անչափահաս երեխաների հետ, հայտնվել է դրսում, քանի որ բնակվելու տեղ չունեն։

Ընտանիքի կյանքում սա երկրորդ ողբերգությունն է. առաջինը, երբ կորցրեցին Արցախն ու Ասկերանում գտնվող իրենց տունը, իսկ տան հետ միասին՝ նաև Արցախում ապրած իրենց ողջ կյանքը, ու բռնի տեղահանվեցին։ Հիմա էլ վագոն- տնակի այրվելու հետևանքով են կորցրել ամեն ինչ՝ հագուստ, փաստաթղթեր և ունեցած ողջ գումարը։

Երբ զանգահարեցինք Գոհար Սահակյանին, նրա փոխարեն հեռախոսազանգին պատասխանեց նրա մոտ ազգակիցներից մեկը՝ ասելով, որ Գոհարն իրեն  վատ է զգում, չի կարող խոսել։

Մեր զրուցակիցը փոխանցեց՝ ընտանիքը 4 անչափահաս երեխաների հետ հայտնվել է  անելանելի վիճակում, ամեն ինչ հրդեհը ոչնչացրել է։

Կարդացեք նաև

«Գոհարը և իր ամուսինն աշխատող մարդիկ են եղել, նրանք երբեք որևէ մեկից 100 դրամ չեն խնդրել, նույնիսկ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, բայց հիմա նրանց ընտանիքի համար յուրաքանչյուրի 100 դրամը կարող է օգտակար լինել։

Երեկ գիշերը հրդեհից հետո ընտանիքի մի մասը մեր տանն է գիշերել, մյուս մասին ուղարկել ենք մի ծանոթի տուն։ Հիմա եկել ենք ընտանիքի մոտ, հասկանանք, թե ինչ կարող ենք անել։

Ինքս վագոն-տնակում եմ եղել, հրդեհն այնքան ուժեղ էր, որ չկարողացանք դեմն առնել։ Վերևում լույսի լարերն իրար են կպել՝ «դուգա» է տվել, առաստաղը պենոպլաստից էր, ամբողջը վառվեց միանգամից։ Այդ ամենը վառվում ու լցվում էր մեզ վրա, առաջ չէինք կարողանում գնալ։ 3 տղամարդով կրակի դեմը չկարողացանք առնել, ջուրը հեռու էր, մինչև հասնում էինք ջրի մոտ ու վերադառնում, վայրկյան առ վայրկյան կրակն ուժեղանում էր։ Երեխաները քնած էին, վախեցել են, բայց փառք Աստծո, որևէ մեկը չի վնասվել»,- 168.am հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ այս պահին, մեղմ ասած, ընտանիքը կանգնած է ձյան վրա՝ ո՛չ գնալու տեղ ունեն, ո՛չ ապրելու։

«Այս վագոն-տնակն ընտանիքին Գոհարի մայրն էր տվել, որպեսզի ապրեն, մինչև սերտիֆիկատով գնված իրենց տունը կարգի բերեն ու տեղափոխվեն, այդ տան միայն 4 պատերն են կանգնեցրած։ Այդ տունն էլ կարգի բերելու համար դիմել էին բանկ, վարկ էին վերցրել, վերցրած վարկի գումարն էլ է մնացել վագոն-տնակում, պատկերացնո՞ւմ եք, դրա համար եմ ասում, որ այս ընտանիքը բառիս բուն իմաստով ոչինչ չունի, բացի իրենց հագի շորերից։ Անձնագրերով, տան գրքույկով՝ բոլորն այրվել է, միակ բանը, որ փրկել ենք, իրենց կյանքն է։

Արցախից այս ընտանիքը բռնի տեղահանվելիս որևէ բան չի վերցրել, այսպես ասած՝ թևերը թափ տված դուրս են եկել։

Հիմա այդ չորս պատի մեջ մի անկողին, նույնիսկ մեկ աթոռ չկա, որ նստեն, ասում եմ՝ ընդամենը չորս պատն է»,- նշեց նա։

Նա մեզ փոխանցեց, որ այս պահին ընտանիքը տաք հագուստի կարիք ունի և ժամանակավոր մի տանիքի, մինչև հասկանան, թե ինչ են անելու։

«Այստեղի համայնքապետարանին են դիմել, իմ տեղեկություններով՝ ասել են, որ բյուջեում փող չկա, չեն կարողանա որևէ բանով օգնել։ Մեր հույսը հիմա անհատներն են, որ կարողանան այս ընտանիքին օգնել։ Գոհարը 33 տարեկան է, ասում է՝ ամաչում է որևէ մեկից օգնություն խնդրել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ 33-ամյա Գոհար Սահակյանն ունի 3 աղջիկ՝ 3, 6 և 11 տարեկան, և տղա՝ 4 տարեկան։

Հ. Գ. Ընտանիքին օգնելու համար տրամադրել են Գոհար Սահակյանի անունով հետևյալ հաշվեհամարը՝ 9051215206907225 (AEB)։

Տեսանյութեր

Լրահոս