ԱՄՆ-ը կխուսափի՞ Իրանին հարվածելուց. Ինչո՞ւ են կողմերը հայտարարում բանակցելու մասին

Մինչ մի շարք քաղաքական գործիչներ ու փորձագետներ հայտարարում են Իրանին ուղղված ԱՄՆ հարվածներին 48 կամ 24 ժամ մնալու մասին, օրերս Մոսկվա կատարած այցից ու այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է՝ Իրանը պատրաստվում է բանակցությունների Միացյալ Նահանգների հետ։

X-ի իր էջում Ալի Լարիջանին գրել է, որ չնայած մեդիա պատերազմի շուրջ ստեղծված աղմուկին, «կառուցվածքային բանակցային միջոցառումներն առաջ են շարժվում»։

Ի դեպ, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մեկնել է Չինաստան։ Նա բանակցություններ է անցկացնում ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։

Կարդացեք նաև

Նշվում է, որ կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում փոփոխված իրավիճակը։

Ըստ վերլուծաբանների, այս այցը կարող է կապ ունենալ ԱՄՆ-Իրան սրացման հետ:

Նշենք նաև, որ օրերս Չինաստանում էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է՝ վստահ է, որ կարող են միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ:

«Ցավոք սրտի, մենք կորցրել ենք Միացյալ Նահանգների՝ որպես բանակցային գործընկերոջ հանդեպ մեր վստահությունը»,- նշել է Արաղչին՝ պնդելով, սակայն, որ վերջին օրերին մի շարք միջնորդ պետությունների օժանդակությամբ կայացած շփումներն ամերիկացիների հետ «արդյունավետ էին»։

Պատասխանելով CNN-ի լրագրողի հարցին՝ արդյո՞ք Իրանը պատրաստ է ուղղակի բանակցությունների մեջ մտնել Վաշինգտոնի հետ, Արաղչին նշել է. «Կարևորը բանակցությունների էությունն է, ոչ թե ձևը»։

Իրանական Fars գործակալությունը, սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով, գրում է. «Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ»։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և դուրս չեն գալու այդ շրջանակից։ Fars-ը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային ծրագրին նվիրված միջնորդավորված բանակցությունների հինգ փուլեր էին անցկացրել։

«Վեցերորդ փուլի մեկնարկից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Իսրայելի հարձակումն Իրանի վրա»,- նշել է գործակալությունը։

Զուգահեռաբար՝ Միացյալ Նահանգների նախագահը հույս է հայտնել, որ դեռ հնարավոր է Իրանի հետ համաձայնության հասնել երկրի միջուկային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրեց, որ երկրի վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը կարող է ավելի լայն հակամարտության հանգեցնել։ «Իհարկե ,նա այդպես պիտի ասեր։ Բայց Իրանին շատ մոտ են մեր նավերը, որոնք աշխարհի ամենամեծ, ամենահզոր նավերն են։ Եվս մի քանի օր, և հուսով եմ՝ կկնքենք համաձայնագիր։ Եթե չկնքենք, ապա կիմանանք՝ նա ճի՞շտ էր, թե՞ ոչ»,- հերթական անգամ սպառնալիք է հնչեցրել Դոնալդ Թրամփը:

Ռուս վերլուծաբան, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ ԱՄՆ-ը հայտնվել է բավականին բարդ իրադրությունում, քանի որ սպառնում է հարվածով, սակայն աշխարհը հասկանում է, որ ԱՄՆ-ին այդ որոշումը բարդ է տրվում մի շարք հնարավոր հետևանքների պատճառով:

Սա, նրա խոսքով, ամրապնդում է Իրանի դիրքերը, որը 12-օրյա պատերազմից հետո ակտիվորեն պատրաստվել է պատերազմին թե ներքին, թե արտաքին տեսանկյունից, թեև Արևմուտքը, Իսրայելը շարունակել են աշխատել Իրանի դեմ՝ թուլացնելով այդ երկրի դիմակայունությունը:

«Խոսակցությունները բանակցություններ սկսելու մասին դեռևս ոչինչ չեն նշանակում: Երբեմն դրանք պարզապես ուղղված են լինում զգոնությունը թուլացնելուն կամ ապակողմնորոշելուն: Իրանի շուրջ իրավիճակի հարցում եղել են դեպքեր, երբ խոսք է գնացել բանակցությունների մասին, սակայն դրանց ընդառաջ եղել են հարվածներ, ինչպես եղավ 12-օրյա պատերազմի դեպքում: Ուստի կարծում եմ, Իրանում սա շատ լավ են հասկանում, ուղերձներ են հղում, որ պատրաստ են անուղղակի բանակցությունների, սակայն, բոլորն են տեսնում, որ ԱՄՆ-ը դնում է մաքսիմալիստական նպատակներ, որոնք ընդունելի չեն:

Եթե ԱՄՆ-ը մեղմացնի դիրքավորումը, ապա բանակցությունը հնարավոր է, սակայն չեմ կարծում նաև, որ ԱՄՆ-ը նավատորմը մոտեցրել է, որ դիրքորոշումներ մեղմացնի: Թեև պետք է ասել, որ ԱՄՆ նախագահն անկանխատեսելի է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Նրա տպավորությամբ՝ Թրամփի քայլերն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ պայմանավորվածություն ձեռք բերելու ցանկություն կա:

«Սակայն հարցն այն է, թե ի՞նչ պայմաններով: Հակված եմ կարծել, որ կողմերից որևէ մեկը չի մեղմացնի իր դիրքավորումը: Սա իրավիճակ է, երբ և՛ հարվածն է հնարավոր, և՛ բանակցությունը: Սակայն Իրանն այսօր ավելի պատրաստված է, թեև հունվարը բարդ ամիս էր Իրանի Իսլամական Հանրապետության համար», -նկատեց նա:

Ինչ վերաբերում է Ալի Լարիջանիի մոսկովյան անակնկալ այցին ու դրան հաջորդած հայտարարությանը բանակցություն սկսելու մասին, ապա արևելագետը գտնում է, որ այդ երկու իրադարձություններն, ամենայն հավանականությամբ, կապ ունեն միմյանց հետ:

«Ռուսաստանն աջակցում է Իրանին, ՌԴ-ն երբեմն հանդես է գալիս՝ որպես միջնորդ, սակայն ՌԴ-ն ինքն ունի բանակցային օրակարգ ԱՄՆ-ի հետ, և սա, բնականաբար, ՌԴ-ի հնարավոր աջակցության մակարդակը նվազեցնում է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս