Հաքերները կոտրել են ԵՄ դիվանագետների տվյալների բազան՝ աշխատակիցներից մեկին գայթակղելով կեղծ ուկրաինուհու՝ «Օքսանայի» միջոցով
Ռուսական PalachPro և Desinformador Ruso հաքերային խմբավորումները մուտք են գործել Եվրամիության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) տվյալների բազա, որը ղեկավարում է Կայա Կալասը։ Հարձակումը տևել է ութ օր, իսկ համակարգ մուտք գործելու համար օգտագործվել է դիվանագետներից մեկը։
Գործողության մեթոդը բավականին պարզ է եղել․ «Օքսանա» անունով ուկրաինուհու կեղծ օգտահաշիվը շուրջ մեկ շաբաթ նամակագրություն է վարել դիվանագետի հետ, շահել նրա վստահությունը և ինտիմ լուսանկարներ ուղարկել։ Ֆայլերից մեկը պարունակել է ֆիշինգային մեխանիզմ, և այն բացելով՝ աշխատակիցը հաքերներին հեռակա հասանելիություն է տվել իր աշխատանքային համակարգչին։
Արդյունքում հաքերները, ըստ հաղորդագրության, ստացել են EEAS-ի բոլոր աշխատակիցների ցանկը, ինչպես նաև նրանց անձնագրային տվյալները, ծննդյան ամսաթվերն ու վայրերը, բնակության հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները և ընտանիքների մասին տեղեկությունները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակման պատճառ է դարձել Կայա Կալասի՝ նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը, որով նա առաջարկել էր կոտրել Ռուսաստանի տվյալների բազաները՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։

