Բնակարանների գները ռեկորդային տեմպերով բարձրացել են
Բնակարանները Հայաստանում ռեկորդային տեմպերով թանկացել են։ Գնաճը կտրուկ ակտիվացել է հատկապես վերջին մի քանի ամիսներին։ Եթե առաջին երկու եռամսյակներում բնակարանները Երևանում թանկացել էին 9.1 տոկոսով, երրորդ եռամսյակում գների աճը հասել է 23.1 տոկոսի։
Տարվա երկրորդ կեսին բնակարանների գնաճի տեմպը 2.5 անգամով ակտիվացել է։
Պարզ է, որ նման կարճ ժամանակահատվածում դա չէր կարող պայմանավորված լինել Հայաստանի քաղաքացիների վճարունակության կամ գնողունակության կտրուկ փոփոխությամբ։ Հատկապես որ, այդ ընթացքում քաղաքացիների եկամուտների էական բարելավում տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ շարունակվող համատարած թանկացումների միջավայրում շատերը նույնիսկ կորցրել են իրենց գնողունակությանը։ Բայց այդ պայմաններում անշարժ գույքի ու բնակարանների գների բարձրացումն էլ ավելի է ակտիվացել, ինչը նշանակում է, որ դրա վրա ազդել են բոլորովին այլ գործոններ։ Գործոններ, որոնք քիչ կապ ունեն քաղաքացիների եկամուտների ավելացման ու վճարունակության բարձրացման հետ։
Վերջին ամիսներին բնակարանների գնաճի ակտիվացումը պայմանավորված է եղել տարբեր գործոններով, այդ թվում՝ դրսից թելադրված պահանջարկի ավելացմամբ։
Բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկը մեծացել է հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, թե Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանում նախապատրաստվում է հերթական զորահավաքը, ռուսական քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայեր ստիպված եղան վերադառնալ Հայաստան։
Նրանց վերադարձն ավելացրեց բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկը։ Մի մասն էլ, մնալով Ռուսաստանում, փորձեցին այնտեղից լուծել իրենց բնակարանային խնդիրները՝ հնարավոր վերադարձի պարագայում։ Սա մեծացրեց ճնշումը բնակարանային շուկայի վրա՝ հանգեցնելով գների ավելի ակտիվ բարձրացման։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի ու բնակարանների գնման նկատմամբ ներկայացված պահանջարկի ակտիվություն է դիտարկվել հատկապես երրորդ եռամսյակում։ Եթե տարվա առաջին կեսին օտարերկրացիները Հայաստանում գնել էին 1.120 անշարժ գույք, այդ թվում՝ 650 բնակարան, վերջին 3 ամիսներին գնել են 810 անշարժ գույք, այդ թվում՝ 501 բնակարան։
Սակայն վերջին ամիսներին բնակարանների գների նկատվող ռեկորդային բարձրացումը դժվար է պայմանավորել միայն այդ գործոնով։ Գների վրա ազդել են նաև ներսում ձևավորված սպասումները։ Մարդիկ, ովքեր բնակարան գնելու մտադրություն ունեին, բայց չէին շտապում, արտաքին պահանջարկի ակտիվացմամբ ու գների հնարավոր բարձրացման հեռանկարներով պայմանավորված՝ որոշեցին այլևս չսպասել ավելի լավ ժամանակներին։ Սա էլ իր հերթին ավելացրեց ճնշումները գների վրա։
Իհարկե, գների արձանագրվող կտրուկ աճի գործում որոշակի ազդեցություն է ունեցել նաև նախկինում գնված նորակառույց շենքերի բնակարանների շահագործման հանձնելու գործոնը։ Թեև այն բնակարանների գների վրա ունեցել է ավելի շատ հաշվարկային ազդեցություն։
Այս բոլորը միասին նպաստել են անշարժ գույքի ու բնակարանների գների արձանագրված ռեկորդային բարձրացմանը։
Հրապարակված վերջին տվյալներով, որոնք վերաբերում են սեպտեմբերին, բնակարանները Երևանում նախորդ տարվա համեմատ թանկացել են 25.9 տոկոսով, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին տարիների համար։
Երևանի առանձին հատվածներում թանկացումը հասել է ընդհուպ 35 տոկոսի։ Համեմատաբար համեստ, եթե դա էլ կարելի է համեստ համարել, աճ է գրանցվել միայն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրում։
Կենտրոնում սեպտեմբերին բնակարանները, նախորդ տարվա համեմատ, թանկացել են՝ 10.5, իսկ Արաբկիրում՝ 18.8 տոկոսով։ Այդ թանկացումից հետո մայրաքաղաքի կենտրոնական հատվածում բնակարանների 1 քառակուսի մետրի միջին գներն ընդհուպ մոտեցել են 1 մլն դրամի։ Իհարկե, կենտրոնում կան հատվածներ, որտեղ գները նույնիսկ 1.2 միլիոնն են գերազանցում։ Այս թվերը եթե վերածենք տարադրամի, կստացվի, որ Երևանի կենտրոնում բնակարանների միջին գները տատանվում են 2.7-3.4 հազար դոլարի սահմաններում։
Այս տարվա 18.8 տոկոս թանկացումից հետո, Արաբկիրում բնակարանների միջին գները յուրաքանչյուր մետրի հաշվով արդեն գերազանցում են 2 հազար դոլարը։ Մեկ տարվա ընթացքում գները գրեթե 120 հազար դրամով բարձրացել են։ Ավելի շատ, քան կենտրոնում, որտեղ անվանական արտահայտությամբ գներն ավելացել են շուրջ 95 հազար դրամով։
Երևանի վարչական շրջաններից գների ամենաբարձր աճը գրանցվել է Էրեբունիում։ Սեպտեմբերին բնակարանները մայրաքաղաքի այս հատվածում 35.2 տոկոսով թանկ են եղել նախորդ տարվա սեպտեմբերից։ Եթե անցած տարի միջին գներն Էրեբունիում 401 հազար դրամի սահմաններում էին, այս տարի հասել են ընդհուպ 542 հազար դրամի. 141 հազար դրամով կամ շուրջ 390 դոլարով բարձրացել են 1 տարվա ընթացքում։
34 տոկոսը գերազանցող գնաճ է գրանցվել Շենգավիթում, որտեղ գները, Կադաստրի կոմիտեի տվյալներով, մոտեցել են քառակուսու համար 528 հազար դրամի։ Մեկ տարի առաջ 393 հազար դրամ էին։ Բարձրացել են 135 հազարով։
Նոր Նորքում գների աճը եղել է 32.1 տոկոս։ Միջին գները կազմել են 550 հազար դրամ։
135 հազարով գները բարձրացել են նաև Քանաքեռ-Զեյթունում՝ հասնելով 581 հազար դրամի։ Գնաճը գերազանցել է 30 տոկոսը։ Մի փոքր ցածր է եղել գնաճը Դավիթաշենում, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ բնակարանները թանկացել են 29.5 տոկոսով։ Երևանի այս հատվածում գներն արդեն գերազանցում են 611 հազարը։ Մեկ տարի առաջ 472 հազարի սահմաններում էին. 139 հազարով թանկացել են։ Ավանում գնաճը կազմել է՝ գրեթե 32, իսկ Նորք-Մարաշում՝ 31.2 տոկոս։
Թե նման տեմպերով բնակարանների գների բարձրացման այս անհավանական մրցավազքը մինչև ո՞ւր է պատրաստվում հասնել, դժվար է ասել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ անշարժ գույքի շուկան մի շատ վատ հատկություն ունի՝ գնաճին, այն էլ՝ այսպիսի աննորմալ բարձր գնաճին, սովորաբար հաջորդում է գնանկումը, երբեմն էլ՝ կտրուկ գնանկումը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

