Առավել վտանգավորը, որ Ադրբեջանից կարող է «ներկրվել» Հայաստան

Հայաստանում միանգամայն հասկանալի պատճառներով քննարկվում է Ադրբեջանից բենզինի ներկրման և սպառման հարցը: Ողջախոհության կանխավարկածի պարագայում, այստեղ նույնիսկ որևէ մեկնաբանություն ավելորդ է:

Միևնույն ժամանակ, Հայաստանում շարունակում են անտեսված մնալ այլ և, թերևս, առավել խորքային ռիսկեր, որ կարող են Ադրբեջանից «ներկրվել» Հայաստան, իրողությունների և իրերի դրության այն տրամաբանության պայմաններում, որ հայ-ադրբեջանական տիրույթում առկա է այսօր:

Նախորդ տարի այս ժամանակահատվածում Ադրբեջանն անցկացնում էր Cop29-ը, որի ընթացքում «կայուն թիրախավորման» էր ենթարկում Հայաստանը, մասնավորապես՝ հայաստանյան տնտեսության համար երկու կարևորագույն ուղղություն՝ հայկական ատոմակայանի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերական սեկտորը՝ այն հռչակելով որպես ռեգիոնալ շրջակա միջավայրի սպառնալիք: Ավելին, Ադրբեջանն այդ միջոցառումների շրջանակում ձևավորեց, այսպես կոչված, միջազգային բնապահպանական հիմնադրամ՝ ներդնելով դրա համար 500 միլիոն դոլար:

Կարծում եմ՝ ավելորդ է ասել, թե ի՞նչն է լինելու Ադրբեջանի ներդրումով ձևավորված այդ հիմնադրամի գործունեության «հարվածային ուղղությունը», եթե հիմնադրամը զբաղվելու է ռեգիոնալ բնապահպանությամբ: Նաև ավելորդ է ասել գուցե, որ Ադրբեջանը երբեք չի գործել ու չի գործում իրավիճակային տրամաբանությամբ: Եթե նրանք «պատից կախել են հրացան», ապա կասկած ունենալ պետք չէ, որ նաև պլանավորել են այդ հրացանի կրակելու «ճանապարհային քարտեզը»:

Կարդացեք նաև

Այստեղ շատ էական ուշադրության է արժանի այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» կոչված հավակնությունը մեր հասարակության կողմից կարծես թե չի պատկերացվում ամբողջությամբ: Ավելին, շատ դեպքերում պատկերացվում է որոշակի անլրջությամբ, երբ Հայաստանում ներկայացվում է, թե Հայաստանի հանդեպ այդ հավակնություններն ընդամենն ինչ որ «սոցիալ-հոգեբանական» բարդույթների դրսևորումներ են: Ավելին, նույնիսկ բացառել պետք չէ այն, որ Ադրբեջանն էլ հենց շահագրգռված է այդ ամենը Հայաստանում այդպիսի ընկալումների արժանացնելու և այդ կերպ Հայաստանի հանրային ու պետական արձագանքի հնարավորությունները բթացնելու հարցում:

Մինչդեռ, երբ Ալիևը խոսում է «պատմական հողից», դա նշանակում է, որ վաղ թե ուշ պլանավորված է նաև հավակնություն այդ հողում եղած օգտակար հանածոների հանդեպ:  Առավել ևս, որ միջազգային հարաբերությունների տրամաբանությունը լավ պատկերացնող Ալիևը տեսնում է, թե այդ ռեսուրսներն ինչ մեծ դեր են ստանում աշխարհաքաղաքական ներկայիս պրոցեսներում:

Երբ Ալիևը Սևանն անվանում է «Գյոյչա», պատմական քաղցը չէ, որ ուզում է հագուրդ տալ, այլ փորձում է իրավունքի և օրակարգի վերածել ջրային ռեսուրսների հանդեպ ախորժակը: Երբ Ալիևը բնապահպանական կոալիցիա է ձևավորում իբրև թե Հայաստանից եկող «վտանգների» դեմ, բնությունը չէ, որ ուզում է պաշտպանել: Այդպիսով նա փորձում է ձևավորել Հայաստանի հանքարդյունաբերական ռեսուրսի հանդեպ հավակնությունների «իրավունքը»: Այն հավակնությունների, որ ունի թե Սյունիքում գործող կոնկրետ ձեռնարկությունների՝ Քաջարանի կոմբինատի, Կապանի կոմբինատի նկատմամբ, թե նաև գոյություն ունեցող և դեռևս չարդյունահանված պաշարների օգտագործման:

Եթե Հայաստանը չունենա այս մարտահրավերների համարժեք, ամբողջական և օպերատիվ գնահատում, չմշակի դրանց դեմ երկարաժամկետ հակազդեցության բազմաշերտ քաղաքականություն, վաղը ստիպված է լինելու կանգնել Ադրբեջանի նաև այդ հավակնությունները որևէ կերպ բավարարելու անհրաժեշտության առաջ:

Իսկ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ ձևավորի, պայմանական ասած՝ «ներդրումային դաշինք», մասնավորապես, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում նոր արդիական խոշոր ներդրումներ ներգրավելու համար: Դրանք թույլ կտան մի կողմից՝ բարձրացնել ոլորտի տնտեսական էֆեկտիվության աստիճանը, այդ կերպ՝ նաև պետության տնտեսական ներուժը, մյուս կողմից՝ թույլ կտան բարձրացնել  ոլորտի կառավարման տեխնոլոգիական մակարդակն ու սոցիալական պատասխանատվության մշակույթը, և ըստ այդմ պաշտպանությունն ադրբեջանական մտացածին մեղադրանքներից և հավակնություններից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս