Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենի հերթական խմբաքանակը։

Այդ մասին հայտնել է ադրբեջանական Azertag գործակալությունը։

Նշվում է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 21 հազար տոննա ցորեն։ Այդ ծավալի բեռ տեղափոխելու համար ընդհանուր առմամբ օգտագործվել է 302 վագոն։

Հաղորդվում է նաև, որ նույն երթուղով Հայաստան է տեղափոխվել 610 տոննա պարարտանյութ։

Վերջին անգամ 8 վագոնից բաղկացած բեռնատար գնացքն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր տեղափոխել 560 տոննա ռուսական ցորեն։

Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ ռուսական ցորենը Հայաստան կհասնի, անցնելով ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի տարածքով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցություն չկա։

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան էր հասել 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Այդ ժամանակ երկաթուղային ճանապարհով Հայաստան էր տեղափոխվել 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին կրկին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ 1000 տոննա։ Դրանից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվելու են։ Ռուսական կողմը ևս հայտարարել էր Ադրբեջանի տարածքով Հայաստանին ցորենի մատակարարումները շարունակելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս