ՁԵՐ ՆՍՏԱԾ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՂԵԿԸ ԿՎՍՏԱՀԵԻ՞Ք ՏՐԱԿՏՈՐԻՍՏԻ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՂԵԿԱՎԱՐԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԸ. ՄԱՆԿԱՄԻՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՍ, ՈՐ ՉՀԱՍԿԱՆԱՍ՝ ՎԵՐՋՆ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ. ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ժամանակին, երբ նախարար էի, իմ տեղակալի պաշտոնում հրավիրեցի աշխատել Դավիթ Անանյանին, ով մասնավոր ոլորտում այդ պահին 5.5 միլիոն աշխատավարձ էր ստանում՝ առանց հարկերի, որովհետև հարկերի լավագույն մասնագետն էր իր ոլորտում։ Բայց ինքը եկավ անգամներով ավելի ցածր աշխատավարձով աշխատելու պետության համար։ Մասնավորում աշխատողը միշտ ավելի բարձր է վաստակում։ Պետական հատվածը սովորաբար աշխատավարձային ցածր շեմ ունի, բայց նաև լրացուցիչ բոնուսային ոչ նյութական խրախուսում, ավելի կայուն է, երաշխավորված։
  • Եթե դու ուղղակի կանոն ես սահմանում, որ մարդիկ պետք է ստանան բոնուս՝ պարգևավճարներ՝ առանց լրացուցիչ աշխատանք կատարելու, դա դառնում է աշխատավարձ։ Ցանկալի է, որ պետական ոլորտում դրվի աշխատանքի գնահատման սանդղակի փորձը։ Ես, օրինակ, կարգադրում էի, որ փոխնախարարները համատարած չպարգևատրեն բոլորին, այլ գնահատեն աշխատողների կատարած աշխատանքը։
  • Ցավոք, ծրագրային բյուջետավորմանը, որը ժամանակին մենք ներդրել էինք, կառավարությունում այդքան էլ լուրջ չեն վերաբերվում։

  • Այն ֆինանսները, որը հարկատուների վճարած գումարներից հատկացվում է ոստիկանությանը, պետք է ծառայի հանրային անվտանգության ապահովմանը։ Այնինչ, հանցագործությունների թիվը կտրուկ աճել է:
  • Վերջին մի քանի տարիներին Ազգային վիճակագրական ծառայությունը մի քանի անգամ փոխել է իր մեթոդոլոգիան, ինչը լավ բան չէ։ Բայց անգամ այդ իրավիճակում պետք է փաստել, որ աղքատության մակարդակը չի նվազել։ Մարդկանց բարեկեցության մակարդակը պարզելու համար պետք է նայել սպառողական վարկերի ցուցանիշին։ Ենթադրենք՝ 36% աշխատավարձերի աճ է գրանցվել 2018թ–ից հետո, մենք կարո՞ղ ենք ասել, որ մարդիկ ավելի լավ են ապրում… Իհարկե ո՛չ։ Տրանսֆերտների աճ չկա, կապիտալի սեփականատերերի հետ խնդիր կա, մնում է միայն աշխատավարձը։ Աշխատավարձը, ենթադրենք, որոշակի աճել է, բայց որքա՞ն են աճել մարդկանց ծախսերը։ Սպառողական վարկերը 2018թ․ համեմատ աճել են 2.4 անգամ։ Սա ցավալի ցուցանիշ է։ Քանի որ մարդուն իր աշխատավարձը չի բավարարում հոգալ իր ընթացիկ կարիքները, նա դիմում է սպառողական վարկերի օգնությանը։ Իսկ այդ վարկը պետք է սպասարկել։ Վատթարացում կա մարդկանց սոցիալական վիճակի մեջ։

 

Կարդացեք նաև

  • Հանցագործությունները 2018թ․ համեմատ աճել են 20.000-ով։ Մարդիկ հարկեր են վճարում ոչ թե՝ որ ոստիկանները լավ մեքենա քշեն, այլ՝ որ իրենց չթալանեն, չդանակահարեն, հանցավորությունը զսպվի, որպեսզի մարդիկ անվտանգ լինեն:                       
  • Վտանգ կա, որ կարող է գրանցվել հարկային դիսցիպլինայի անկում, մարդիկ չուզենան հարկեր տալ, որովհետև չեն ստանում ո՛չ անվտանգություն, ո՛չ նորմալ դատարաններ, ո՛չ բարվոք սոցիալական վիճակ։
  • Քաղաքական բազմակարծությունն այն է, որ իշխանության թևերը տարանջատված են։ Երբ մի մարդու տակ են աշխատում, երբ մի մարդու կողմից իջեցված ցուցումով են գործում բոլոր համակարգերը, դա չի աշխատում։ Երբ քաղաքական բազմակարծություն չկա, դեմոկրատական ինստիտուտները չեն աշխատում։

  • Ամենավտանգավորն այն է, երբ դու հայտարարում ես լիբերալ տնտեսության մասին, բայց քո դեմոկրատիան կեղծ է։
  • Կեղծ է այն պնդումը, որ մեզ մոտ կա քաղաքական կայուն իրավիճակ։ Իսկ երբ դա չկա, ներդրումները փախչում են։ Երբ 2023թ․ իշխանությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերը վերցրեցին, ու եղավ այդ կեղծ գործարքը, ես ասել եմ՝ ժողովուրդ, դուք ականատես կլինեք օտարերկրյա ներդրումների նվազման։ Ես դա հենց այնպես չեմ ասել․ թվերն այդ մասին են խոսում։ Ներդրումների ցուցանիշները նիմա էլ են բացասական։
  • Մինչև Սամվել Կարապետյանի կողմից սեփականաշնորհումը և նրա կողմից կառավարվելը ՀԷՑ-ը վնասով է աշխատել։ Ֆինանսական ցուցանիշները աուդիտ իրականացնող ընկերությունը հրապարակել է։ Կանխիկ հոսքերի հաշվետությունը նայե՛ք, կտեսնեք՝ Սամվել Կարապետյանը ոնց է կառավարել ՀԷՑ-ը։

  • Ես ուզում եմ տխրեցնեմ․ նորմալ է, որ տնտեսվարողը նույն երկրում ավելի բարձր ռեյտինգ կարող է ունենալ, քան պետությունը։ Այնպես որ, թող չնեղվեն, որ ՀԷՑ-ն ավելի բարձր ռեյտինգ ունի, քան Հայաստան պետությունը։
  • ՀԷՑ ընկերությունը պետք է գնահատվի իր լիցենզիայով, որովհետև եթե չկա լիցենզիա, նշանակում է՝ ընկերությունը գործունեություն չի կարող իրականացնել։ ՀԷՑ-ի գնի մեջ պարտադիր պետք է մտնի նաև նրա լիցենզիան, իշխանությունների մեկնաբանություններն աբսուրդ են: ՀԷՑ-ը սովորական ընկերություն չէ։ Այնպես որ, տարօրինակ է իշխանությունների այն խոսույթը, որ ՀԷՑ-ը պետք է գնահատեն առանց լիցենզիայի։ Իսկ կարո՞ղ է այնպես լինել, որ լինի երկու ՀԷՑ. մեկը՝ լիցենզիայով, մյուսն՝ առանց լիցենզիայի…
  • Սա դասական իմաստով իրականում ՀԷՑ-ի խլում է։ Անգամ արդարադատության նախարարն է օգտագործել «ազգայնացում» տերմինը, ինչը մեր օրենսդրությամբ արգելված է։ Ազգայնացումն առանց փոխհատուցման վերցնելն է, ՀԷՑ-ի պարագայում պարտադիր է փոխհատուցումը։ Սամվել Կարապետյանի թիմը 500 միլիոն դոլար թիվ հնչեցրեց՝ որպես ՀԷՑ-ի գին։ Պետք է հասկանալ՝ ինչպես են հաշվել, որովհետև դա մեծ թիվ չէ։
  • Դիմակայելու լավագույն տարբերակն արժանի մարտիկներ ունենալն է, որ բանակցելու կարողություն ունենան։

  • Շատ ցավալի է լսել, երբ ԱԺ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին հավակնող կինը հայտարարում է՝ հա, հետո՞ ինչ, որ բարձրագույն կրթություն չունեմ։
  • Սամվել Կարապետյանի շանսերը Միջազգային արբիտրաժում շատ բարձր են, որովհետև կառավարության բերած վատ կառավարման փաստարկը հիմնազուրկ է։ Սամվել Կարապետյանի թիմն ընդամենը պետք է ասի՝ վերցրեք, նայեք ցուցանիշները ես ներդրումներ եմ արել, դիվիդենտներ եմ բերել։ Արբիտրաժում պրոցեսուալ առումով շատ վատ են նայում նրան, որ միջանկյալ որոշումները չեն կատարվում, իսկ մենք տեսանք, որ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը չկատարվեց։ Սամվել Կարապետյանի հաղթանակի հնարավորությունը զուտ արբիտրաժի տեսանկյունից գրեթե անվիճելի է։ Այլ բան է, եթե հարցին նայենք քաղաքական տեսանկյունից։
  • Ընտրություններին առավել ուշադրությամբ հետևում է բիզնեսը, որովհետև նրա համար կարևոր է կառավարության վարկունակությունը։ Թե չէ՝ ընտրության գնացող մարդիկ առանձնապես նախընտրական ծրագրեր չեն կարդում։

  • Միջազգային հանրության մեջ, ի դեմս ԱՄՆ-ի, դեմոկրատիան արդեն մեծ թեզ չէ։ Թրամփն, օրինակ, իր ազգային ռազմավարության նոր դոկտրինի մեջ հստակ ասում է՝ ինձ համար կարևոր չէ՝ ես ում հետ եմ հարաբերություններ հաստատում, կարևորն իմ երկրի շահն է։
  • Աշխարհը գնում է բազմաբևեռության, դեմոկրատիայի թմբկահարումն արդեն չի աշխատում, աշխարհը գնում է ռազմականացման և ինովացիաների։ Հայաստանը պիտի մտածի՝ այս իրավիճակում ինչպես է դիրքավորվում, իր տնտեսությունն ինչպես է զարգացնում։
  • Երբ Ռուսաստանը և Թուրքիան իրար հետ որոշակի համաձայնության էին եկել Սևծովյան բանկում ու գրոհել Հունաստանը, այդ խոսակցությանը մասնակցում էին 3 խոշոր երկիր և այդ բանկում ամենափոքր՝ 1 տոկոս մասնաբաժին ունեցող Հայաստանը։ Մենք հասանք նրան, որ Ադրբեջանը ոչ միայն քվեարկեց մեծ պրոյեկտին մեր մասնակցությանը, այլև դեմ չեղավ, որ գլխավոր տնօրենին կից ստեղծվի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ու ինքը պաշտոն չստանձնի այնտեղ։ Դա 2012-13 թվականներին էր։

  • Հանրությունը արժեքներ կարողանում է ստեղծել այն ժամանակ, երբ կոնսոլիդացվում է։ Հայոց ցեղասպանության, աշխարհասփյուռ Հայ Առաքելական եկեղեցու, Արցախի շուրջ ողջ հայությունն էր կոնսոլիդացվում: Աշխարհում չէիք գտնի մի կետ, ուր որևէ հայ ասեր՝ Արցախը մերը չէ։ Եվ սա արժեք էր, որը կոնսոլիդացնում էր բոլորիս։
  • Մենք ունենք նախարարներ, ովքեր իրենց ոլորտի հետ կապ չունեն։ Ինձ ավելի շատ մտահոգում է մարդկային պոտենցիալը, որովհետև մնացածն ածանցյալներ են։
  • Երկար տարիներ Բագրատ Ասատրյանից հետո մեր բանկային համակարգը կարողացավ կայացնել Տիգրան Սարգսյանը, որովհետև հասկանում էր այդ գործից։
  • Ես հաճախ եմ ասում՝ դուք կգնայի՞ք, կնստեիք այն ինքնաթիռը, որի ղեկին նստածը ողջ կյանքում տրակտորիստ է եղել, եթե ձեզ համար մեկ է՝ այդ ոլորտն ով է ղեկավարում: Իհա՛րկե չէիք նստի: Նույն կերպ պետության կառավարումն է, դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները:
  • Պետական մարմիններում հաջողակ մարդ դառնալու ամենակարճ ճանապարհը, մեր երիտասարդների կարծիքով՝ դրան իշխանության միջոցով հասնելն է։ Ցավոք, իշխանությունը ցույց է տալիս, որ դու կարող ես ունենալ բարձր պաշտոն՝ առանց տվյալ ոլորտին տիրապետելու, բայց իրենց քաղաքական ուժին միանալով։
  • Սոթքի հանքավայրի վրա վերահսկողություն ունենալն Ադրբեջանի համար նշանակում է, որ բոլոր թևերն Ադրբեջանի ձեռքում են։ Իսկ ինչպե՞ս է լինելու այդ վերահսկողությունը՝ շահո՞ւյթն են կիսելու, զինված մարդի՞կ են կանգնելու դռան մոտ… Եթե քո երկրում գտնվող ընկերության վերահսկողությունը տրվում է մի երկրի, ով քո ոչնչանալն է ուզում, առնվազն մանկամիտ պետք է լինես, որ չհասկանաս՝ դրա վերջն ինչ է լինելու։ Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության համար պետք է, որ նա առնվազն իր հռետորաբանությունը փոխի, մինչդեռ դա չի նկատվում։
  • Նավթի գները ողջ աշխարհում 3 անգամ նվազել են, Հայաստանում նավթի գնի փոփոխություն չի նկատվում։

  • Մենք պետք է մտածենք մեր երկրի սեփական շահերի մասին, երբեք չպետք է երազախաբությամբ զբաղվենք, որ մեր խնդիրները լուծելու են ռուսները, եվրոպացիները կամ ամերիկացիները։ Դա երբեք չի լինելու։
  • Ինձ, օրինակ, շատ են մտահոգում պարտադիր զինծառայության ժամկետի ու բանակի ֆինանսավորման կրճատումները։
  • Վտանգավորը տնտեսության կառուցվածքն է, թե որ ճյուղերն են մեզ առաջ տանելու։ Իշխանությունը կանխատեսում է, որ արդյունաբերությունը աճ կունենա, ես դրան չեմ հավատում։
  • Ես ամեն դեպքում թուրքական էքսպանսիայի վտանգ տեսնում եմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս