«Թրամփի ուղին» Ռուսաստանը փորձում է ոչ թե ուղիղ մերժել, այլ «մտնել ներս» և ազդել դրա ձևաչափերի վրա. Շիրազ Խաչատրյան
Օրերս իրանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հանդիպումից:
Մասնավորապես, Վելայաթին Իրանում ՀՀ դեսպանին հստակ ասել է, որ Հարավային Կովկասին վերաբերող Թրամփի պլանը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», ուստի Իրանը կատեգորիկ դեմ է դրան։
«Միջանցքը ստեղծում է պայմաններ Իրանից հյուսիս ՆԱՏՕ-ի ներկայության համար և լուրջ անվտանգային սպառնալիք է Իրանի հյուսիսային և ՌԴ հարավային հատվածների համար»,- հիմնավորել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը՝ հավելելով, որ տնտեսական գործունեության պատրվակով ԱՄՆ-ը տարածաշրջան է մտնում, որպեսզի հետո այն ընդլայնի մինչև ռազմական ներկայություն։ Այսինքն, Իրանը դեմ է ամերիկյան որևէ մակարդակում ներկայությանը:
Ի դեպ, այս հայտարարությունից հետո ադրբեջանական կողմում՝ ի դեմս Ալիևին մերձակա քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի, ակնարկել են, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չպետք է արձագանքի, քանի որ նշված թեման վերաբերում է բացառապես Հայաստանին, հատկապես, երբ ամերիկյան ներկայություն լինելու է հայկական կողմից:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայտարարել էր, «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։
Սրան զուգահեռ՝ «Թրամփի ուղի» նախագծի շուրջ որոշակի հետաքրքրություն է դրսևորում Եվրամիությունը, որին կարծես թե դեմ չէ Հայաստանը: Իսկ եթե խոսում ենք Իրանի տեսանկյունից անվտանգային ռիսկերից, ապա մեր հարևանը, ըստ էության, մտավախություններ կարող է ունենալ նաև Մեծ Բրիտանիայի ակտիվության և Երևանի հետ մերձենալու ռազմավարական փորձերի տեսանկյունից:
Այս և այլ հարցեր 168.am-ը քննարկել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Վելայաթիի շեշտադրումը նրա մասին է, որ Իրանի համար սկզբունքային չէ նախագծի անվանումը, քանի որ թե՛ «միջանցք», թե՛«տրանսպորտային ուղի», թե՛«միջազգային ծրագիր» եզրույթները, անվանումները վերջնական արդյունքում ընկալվում են նույն տրամաբանության շրջանակում: Այսինքն, նա խոսում է ռեգիոնում նոր արտաքին ուժերի ներգրավման և տարածաշրջանային ուժային հավասարակշռության խախտման վտանգի մասին։
Հետաքրքիր է, որ Թեհրանն այս անգամ չի սահմանափակվում միայն թուրք-ադրբեջանական գործոնի դեմ ուղղված հռետորաբանությամբ, այլ առաջին պլան է բերում ԱՄՆ-ի դերակատարման խնդիրը՝ դրանով իսկ փաստացի ընդունելով, որ տարիներ շարունակ Իրան-Հայաստան սահմանին թուրքական ներկայությունը զսպելու իր քաղաքականությունը չհանգեցրեց ցանկալի արդյունքի, իսկ այժմ Իրանը կանգնած է շատ ավելի վտանգավոր հակառակորդի առաջ, որի ազդեցության դեմ տարածաշրջանում Իրանի գործիքակազմը զգալիորեն սահմանափակ է։
Այս իմաստով Վելայաթիի խոսքերից կարելի է նաև ենթադրել, որ «Թրամփի ուղին» Իրանի համար նույնիսկ ավելի լուրջ ռազմաքաղաքական ձախողում է, քան երբևէ քննարկված «Զանգեզուրի միջանցքը», քանի որ, եթե վերջինս կապված էր տարածաշրջանային մրցակցության հետ, ապա TRIPP նախագծի պարագայում խոսքը գնում է ԱՄՆ-ի և հնարավոր լայն արևմտյան փաթեթի՝ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ներգրավման հեռանկարի մասին, ինչն Իրանի քաղաքական մշակույթում ընկալվում է՝ որպես համակարգային սպառնալիք։
Ստեղծված իրավիճակում հատկապես հաշվի առնելով Իրան-Իսրայել վերջին պատերազմի հետևանքով Թեհրանի հնարավորությունների էական նվազումը՝ ինչպես ներքին կայունության, այնպես էլ՝ արտաքին քաղաքական մանևրի առումով, առավել հավանական է, որ Իրանն այս փուլում բավարարվի քաղաքական և քարոզչական ուղերձներով՝ կարմիր գծերի պարբերական հիշեցմամբ: Այսինքն, չի անցնի բովանդակային կոշտ գործողությունների, քանի դեռ չկա նախագծի վերջնական իրավական և կառավարման մոդել, որը բացահայտ կխախտի իր անվտանգային ընկալումները։
Միևնույն ժամանակ իրանցի գործչի հայտարարության մեջ հատուկ շեշտադրումը՝ Ռուսաստանի հարավի համար սպառնալիքի մասին, ցույց է տալիս, որ Թեհրանը փորձում է թեման տեղափոխել իրանա-ռուսական ընդհանուր շահերի դաշտ: Սա ակնարկ է այն մասին, որ հենց Մոսկվան կարող է դառնալ այն գործոնը, որը կկարողանա գործնականորեն ազդել գործընթացի վրա, և միայն Ռուսաստանի ակտիվ միջամտության պարագայում Իրանը կարող է գնալ նույնիսկ համատեղ քայլերի, քանի որ միայնակ այս ճակատում իր հնարավորությունները սահմանափակ են։
Ադրբեջանցի քաղաքագետի հնչող ակնարկներից էլ պարզ է դառնում, որ այս փուլում Բաքուն խուսափում է Իրանի հետ հրապարակային լարվածությունից՝ պատասխանատվությունը տեղափոխելով Հայաստանի և ԱՄՆ-ի վրա, մինչդեռ ոչ հրապարակային մակարդակում նրանք շարունակում են Իրանի դեմ ուղղված քաղաքական, դիվանագիտական և անվտանգային քայլերը։
– ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և ՌԴ-ի հնարավոր մասնակցության շուրջ, և, որ դրա համար կան բավարար հիմքեր։ Այսինքն, ՌԴ-ն պատրա՞ստ է նաև ԱՄՆ-ի հետ համագործակցել այս համատեքստում: Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ «Հարավկովկասյան երկաթուղիները», որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։
Հիշեցնենք նաև 44-օրյա պատերազմի արդյունքում կամ համատեքստում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունները, որոնց մասին վերջերս հաճախ է հիշում ռուսական կողմը և դրանք համարում ուժի մեջ: Այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ զարգացումներ սպասել, ՌԴ-ն փորձում է բաց չթողնե՞լ «ձեռքից» տարածաշրջանը:
– ՌԴ ԱԳՆ-ի դիվանագիտական լեզվով ակնարկներն ու ձևակերպումները ոչ թե ԱՄՆ-ի հետ համագործակցության պատրաստակամության, այլ ավելի շատ՝ ռեգիոնում խաղից դուրս չմնալու փորձերի մասին են, հատկապես այս իրավիճակում, երբ խոսքը վերաբերում է «Թրամփի ուղի» նախաձեռնությանը, ինչն ակնհայտորեն ուղղված է նաև Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի համար այստեղ սկզբունքային է ոչ այնքան նախաձեռնության տնտեսական բաղադրիչը, որքան դրա քաղաքական և վերահսկողական ռեժիմը:
Մոսկվան շատ լավ հասկանում է՝ եթե գործընթացն ամբողջությամբ ձևավորվի հայ-ամերիկյան կամ ավելի լայն՝ արևմտյան հովանու ներքո, դա կարող է հանգեցնել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ինստիտուցիոնալ ամրապնդմանը տարածաշրջանում, ինչը Ռուսաստանի համար արդեն իսկ ընկալվում է՝ որպես իր ազդեցության գոտու թուլացում, նեղացում։
Այդ պատճառով Մոսկվան ակնարկում է, որ առանց իր ներգրավվածության, հատկապես՝ ենթակառուցվածքային և տեխնիկական մակարդակում, նախագիծը դժվար իրագործելի է, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» գտնվում է ռուսական վերահսկողության տակ, իսկ երկաթուղային հաղորդակցությունների ցանկացած լուրջ փոփոխություն կամ ընդլայնում օբյեկտիվորեն բախվում է այդ հանգամանքին։
Սա նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է նախաձեռնությունը ոչ թե ուղիղ կերպով մերժել, այլ «մտնել ներս» և ազդել դրա ձևաչափերի վրա՝ վերահսկողության, անվտանգության և կառավարման հարցերում, պահպանելով իր ներկայությունը և լծակները Կովկասում։
– Թուրքիայի նախագահ Էրդողանը նույն ժամանակում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում գալիք տարվա սկզբից կարող են խորհրդանշական քայլեր լինել: Ինչի՞ մասին կարող է լինել խոսքը:
– Մեծ առումով, բովանդակային շրջադարձերի կամ ռազմավարական վերագնահատումների մասին անիմաստ է այս պահին խոսելը։ Անկարան փորձում է մի կողմից՝ կառուցողական և «խաղաղարար» դերակատարի պատրանք ստեղծել արտաքին գործընկերների, հատկապես՝ Արևմուտքի աչքում, մյուս կողմից՝ չթուլացնել և նույնիսկ խորացնել Հայաստանի վրա գործադրվող ճնշումը։
Թուրքիայի փորձը ցույց է տալիս, որ «խորհրդանշական քայլ» ասելով, որպես կանոն, նկատի են ունենում ոչ թե հարաբերությունների իրական կարգավորման մասին, այլ դրանք ուղղակի ցածր ռիսկային ժեստեր են: Օրինակ, հայտարարությունների լեզվի մեղմացում, միջնորդների ակտիվացում, տեխնիկական շփումների վերագործարկում կամ սահմանային-հումանիտար փոքր քայլեր, որոնք քաղաքական իմաստով որևէ պարտավորություն չեն ստեղծում և որևէ կերպ չեն փոխում ուժային բալանսը։
Այս ձևաչափն Անկարային թույլ է տալիս շարունակել խաղալ միաժամանակ մի քանի դաշտում. Եվրամիության և ԱՄՆ-ի հետ խոսել տարածաշրջանային կայունության և երկխոսության լեզվով, իսկ տարածաշրջանում գործել Ադրբեջանի հետ լիարժեք ներդաշնակեցված՝ մեկ միասնական ռազմաքաղաքական բլոկի նման, որտեղ Թուրքիայի «կառուցողական» հռետորաբանությունը հաճախ ծառայում է հենց Ադրբեջանի ավելի կոշտ պահանջների փաթեթավորմանը։
– Ի դեպ, Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն վավերացրել է Ադրբեջան-Թուրքիա փոխադարձ անվտանգության ամրապնդման փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է ռազմական միջամտություն, եթե կողմերից մեկի դեմ սպառնալիք լինի: Ադրբեջանը և Թուրքիան ումի՞ց կամ ինչի՞ց են ապահովագրվում, երբ առանց սրա էլ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին, մասնավորապես, 44-օրյա պատերազմում: Դե յուրե այս լեգիտիմացումն ինչի՞ համար է, ի՞նչ խնդիր են լուծում:
– Թուրքիան վաղուց և բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթակներում, սակայն դե յուրե այս լեգիտիմացումն ունի շատ ավելի խորքային և հաշվարկված նպատակներ, որոնք դուրս են զուտ երկկողմ հարաբերությունների շրջանակից։
Նախևառաջ այս պահին սա ուղղված է ոչ այնքան Հայաստանի դեմ անմիջական նոր պատերազմի նախապատրաստմանը, որքան տարածաշրջանային և արտաքին դերակատարներին հստակ ազդակ է, որ Անկարա-Բաքու տանդեմը գործում է պայմանագրային անվտանգային բլոկի տրամաբանությամբ։
Սա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ տարածաշրջանում ակտիվանում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ արտաքին ուժերի նախաձեռնությունները, և Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են նախապես սահմանել կարմիր գծեր՝ ցույց տալով, որ ուժային հավասարակշռության փոփոխության ցանկացած փորձ կբախվի ոչ թե մեկ պետության, այլ երկու համադրված պետությունների դիմադրությանը։
Միաժամանակ սա կարևոր է նաև Ադրբեջանի համար, քանի որ նման քայլերով Բաքուն փորձում է բարձրացնել իր զսպման մակարդակը՝ ուղերձ հղելով ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին և Ռուսաստանին, որ Ադրբեջանի շուրջ հնարավոր սցենարները պետք է հաշվարկվեն արդեն Թուրքիայի անմիջական ներգրավման հավանականությամբ։
