«Երաշխիք չկա, որ Հայաստանն ապահովագրված է հարձակումներից. ցույց տվեք աշխարհում մի փաստաթուղթ, որը պետք է երաշխիք լինի». Թևան Պողոսյան
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող ռազմական գործողությունների և առհասարակ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ֆոնին ՀՀ իշխանությանը պահվածքը ոչ ադեկվատ է։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ հարձակումից երաշխավորված չէ, այդ թվում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված «խաղաղության փաստաթուղթը» երաշխիք չէ։
«Որևէ երաշխիք չկա, որ Հայաստանն ապահովագրված է հարձակումներից, ցույց տվեք աշխարհում մի փաստաթուղթ, որը պետք է երաշխիք լինի, նույնիսկ տարբեր խորհրդարաններում հաստատված, ստորագրված թուղթը չի կարող երաշխիք լինել։ Արդյո՞ք մեր թշնամիները չեն օգտվի իրավիճակից, որ վայրկյանին ցանկանան, կարող են օգտվել, ինչո՞ւ չպետք է օգտվեն։
Այս համատեքստում ադեկվա՞տ է մեր իշխանությունը՝ ոչ, ո՛չ լեգիտիմ էր մինչև պատերազմը, ո՛չ լեգիտիմ է նաև դրանից հետո։ Իշխանության նկատմամբ չկա վստահություն, եթե որևէ կառավարություն իր տված խոստումները չի կատարում, նախընտրական ծրագրերը չի կատարում՝ դառնում է ոչ լեգիտիմ»,-հավելեց քաղաքագետը։
Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն իրենց անդրադարձն արդեն իսկ ունեցել են Հայաստանի վրա։ Ապրանքներով բեռնված այն մեքենաները, որոնք պետք է գային Հայաստան կամ Հայաստանով գնային ուրիշ տեղ՝ չեն կարողանում գնալ։
«Այս պահին ինքս էլ մի մարդ եմ, ով այս պատերազմի պատճառով տուժած եմ։ Պետք է մեկնեի Տոկիո, միջոցառման մասնակցելու, սակայն չկարողացա, այլ ճանապարհներով գնալու ծախսերն էլ այնքան են բարձրացել, որ Տոկիո հասնելը դարձել է անհնարին։ Նկատի ունեմ, դուք խոսում եք մի մարդու հետ, ով իր առօրյա կյանքում արդեն իսկ այս պատերազմի հետևանքները տեսնում է։ Իսկ եթե Իրանում պատերազմը երկարաձգվի, ի՞նչ ենք անելու։ Այսինքն՝ եթե ասենք, որ ինչ լավ է, Երևանում կրակոցների ձայներ չի լսվել, բայց այլ տեղերում լսվել է, չէ՞, Իրանից այդ կրակոցների ձայները Կապանում լսվել է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ պատերազմական գործողությունների ժամանակ միշտ էլ եղել է, որ այս կամ այն երկրի ինքնաթիռը փոխում է ուղղությունը ու հայտնվում մեկ այլ երկրի տարածքում, դրան զուգահեռ՝ կարող է ճանապարհ ու տնտեսական տարբեր ուղղություններ փակվել։
«Պարզ օրինակ բերեմ՝ եթե մարդու հարևանի տանն ամեն օր կռիվ է, մարդը կարող է հանգիստ ապրել, անհնարին է։ Հարևանի տանն ամեն օր մի բան են կոտրում, մի բան են ջարդում, ո՞վ հանգիստ կապրի այդ պայմաններում։ Իշխանությունների հայտարարությունների համար եմ սա ասում։
Հիմա մեր իշխանությունները ցանկանում են վերարտադրվել, նախընտրական պրոցեսի մեջ է, դրա համար էլ ինչ ասես՝ կասեն, որպեսզի վերընտրվեն, բայց դրան մենք պետք է հավատա՞նք, սեփական կարծիք չունե՞նք։
Հիմա տեսեք, մեր հարևան երկրում պատերազմ է, ամեն օր կրակում են, ու այդ ամենը ամեն օր սաստկանում է, ինչպե՞ս կարող է դա մեզ վրա չազդել։ Այս ֆոնին մեր հարևանները չեն ասելու, թե՝ վայ, եթե այսպես է եղել, Հայաստանը թող հանգիստ ապրի, հակառակը՝ ճնշելու են»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի վաղ առավոտյան իսրայելա-ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանի վրա, ռազմական գործողություններն առ այսօր շարունակվում են։




