Դեօկուպացիա

Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից պետության բռնազավթման մասին գնահատականները մնում են հռետորաբանության հարթությունում: Մարդիկ դրանք ընկալում են որպես լղոզված որակումներ՝ չգնահատելով պետության բռնազավթման վտանգավորությունը: Պետության բռնազավթումը որևէ խմբի կողմից պետական ինստիտուտների նկատմամբ վերահսկողության հաստատումն ու դրանց ծառայեցումն է սեփական  նպատակներին: Այն, ինչ կատարվում է Հայաստանում: Օրինակները՝ մեկը մյուսից ցայտուն:

Տարեսկզբին Արտաքին հետախուզական ծառայությունը հրապարակեց ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը, որն ընդամենն իշխանության քարոզչական էժան նարատիվների շարադրանք էր՝ «հիբրիդային պատերազմի մասին»: Իրավապահ մարմինները զբաղված են իշխանության ընդդիմախոսների դեմ գործեր կարելով: Մի քանի օր առաջ Ն. Փաշինյանը հայտարարեց կենսաթոշակների՝ 10.000 դրամով բարձրացման մասին, ինչը նախատեսված չէ «Պետական բյուջեի մասին» օրենքով: Իշխանությունն այս գործընթացին մասնակից է դարձրել անգամ հարաբերականորեն չեզոք համարվող Կենտրոնական բանկին, որը վերջերս հանդես է եկել բանկային միջնորդավճարները նվազեցնելու նախաձեռնությամբ:

Սրանք ընդամենը մի քանիսն են անհաշվելի այն օրինակներից, որոնք ցույց են տալիս՝ ինչպես է ՔՊ-ն պետական ինստիտուտները ծառայեցնում խմբային նպատակներին, ինչն ամբողջությամբ համապատասխանում է պետության բռնազավթման չափանիշներին: Եվ սա այն դեպքը չէ, երբ կարող է որպես հակափաստարկ օգտագործվել հիմնավորումը, թե ՔՊ-ն՝ որպես կուսակցություն, իշխանության է եկել նախընտրական ծրագրով ու պետական կառույցների միջոցով իրագործում է դա:

Այն, ինչ արդեն վեցերորդ տարին անում է իշխանությունը, 2021թ. նախընտրական ծրագրի տրամագծորեն հակառակն է՝ սկսած «Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումից»՝ մինչև ՀՀ օկուպացված տարածքների ազատագրում: Իրականում այսօր տեղի ունեցողը ծառայում է բացառապես այս խմբակի իշխանության վերարտադրությանը, ինչին սպասարկում են բոլոր պետական ինստիտուտները:

Կարդացեք նաև

Պետության բռնազավթման գործընթացում ներգրավված են ոչ միայն մի քանի տասնյակ բարձրաստիճան ՔՊ-ականներ, այլ բոլոր պետական համակարգերի աշխատակիցները, որոնց թիվը հաշվվում է հազարներով: Բոլոր այդ մարդիկ գիտակցում են, որ ապագայում կարող են քրեաիրավական պատասխանատվության ենթարկվել և ամեն ինչ անելու են այս իշխանության վերարտադրության համար: Խոսքը ոչ թե հազարավոր ուղղակի ընտրողների, այլ ամենատարբեր լծակների տիրապետող պաշտոնյաների մասին է, որոնց ընտրական էֆեկտը կարող է հասնել տասնյակ-հազարների: Իշխանափոխությունը, որն այսօր ձևակերպված է՝ որպես առաջնային խնդիր, տեխնիկական գործողություն է:

Ավելի խորքային իմաստով, խնդիրը պետությունը բռնազավթումից ազատագրելն է, որի համար անհրաժեշտ է առաջին հերթին, այդ թվում, բայց ոչ միայն՝ իշխանափոխություն:

Հակառակ դեպքում, օկուպացված տարածքներով Հայաստանը շարունակելու է ապրել բռնազավթված պետության, ներքին ու արտաքին օկուպացիայի ռեժիմում՝ մինչև բռնազավթման իրական շահառուները կվերջնականացնեն օկուպացիայի նպատակները: 2020թ. արտաքին կապիտուլյացիա ապրած Հայաստանը կանգնած է ներքին կապիտուլյացիայի սպառնալիքի առաջ, որը չկանխվելու դեպքում, հանգեցնելու է անդառնալի, այսօր անհավանական թվացող հետևանքների: Հունիսի 7-ը կարող է դառնալ դրա վերջին հնարավորությունը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս