Օղակը սեղմվում է Իրանի շուրջ. Հայաստանը չի խախտել «կարմիր գծերը». Հայկ Քոչարյան
Կասպից-Սև-Միջերկրական ծովերի ավազանների տիրույթում ընկած և այդ թվում՝ Հայաստանն ընդգրկող մեծ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի հնարավոր փոփոխությունը շատ առումներով կախված է նրանից, թե իրանա-իսրայելա-ամերիկյան առճակատումը որքան է տևելու։ Տարածաշրջանում իրավիճակը փոխվում է արդեն ոչ թե ժամ առ ժամ, այլ րոպե առ րոպե։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոն վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը՝ խոսելով Իրանի դեմ պատերազմի խորքային պատճառների մասին։
«Կփոխվե՞ն սահմաններ՝ կարող են փոխվել։ Կարող են փոխվել վարչատարածքային սահմանները, Մերձավոր Արևելքի քարտեզը կարող է փոխվել, բայց դեռ ճանապարհի սկիզբն է, և շատ բաներ կախված են, թե Իրանի հետ այս առճակատումն ինչքան է տևելու։ Ըստ ռազմական փորձագետների՝ մոտ 4 շաբաթվա գործողություն է պլանավորված, այլ խոսքերով՝ նախատեսված ռազմական պաշարները բավարարելու են մոտ 4 շաբաթ։

Հենվելով այդ վերլուծությունների վրա՝ նրանք գնահատում են, որ պետք է 4 շաբաթ աչքի տակ ունենալ, բայց հարց է՝ 4 շաբաթ կտևի՞, թե՞ ավելի շատ։ Այդ բոլորը փոփոխականներ են, որոնք փոխում են Ձեր հարցի հավանական պատասխանների տարբեր կոնֆիգուրացիաները, ուստի դա մեկ պատասխան չունի։ Հավանականություն կա ամեն ինչի, բայց զարգացումները շատ կոնկրետ են, որոնք անընդհատ ուսումնասիրելու, վերլուծելու, համադրելու խնդիր ունեն՝ ոչ թե ժամ առ ժամ, այլ արդեն դառնում է րոպե առ րոպե»,- մեկնաբանեց Հայկ Քոչարյանը։
Իրանի դեմ պատերազմի համատեքստում բացատրելով մերձավորարևելյան տարածաշրջանում, իսկ ավելի լայն իմաստով՝ այսպես ասած, «Երեք ծովերի համակարգում»՝ Կասպից, Սև և Միջերկրական ծովերի ավազանների տիրույթում ընկած տարածքում տեղի ունեցող գործընթացները՝ արաբագետ Հայկ Քոչարյանը պարզաբանեց, որ վերջին տարիներին փորձ է արվում տնտեսական, էներգետիկ ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցությունների աշխատանքն ի մի բերել մեկ ընդհանուր տրամաբանության մեջ։
Արաբագետն ընդգծում է՝ Մերձավոր, Միջին Արևելք, Հարավային Կովկաս տերմինների շուրջ բանավեճերի փոխարեն՝ պետք է պարզապես արձանագրել, որ սա մեկ ընդհանուր տարածաշրջան է՝ զարգացող ենթակառուցվածքների իր տրամաբանությամբ, որտեղ տեղի ունեցող բոլոր գործընթացները փոխազդում են միմյանց վրա։ Քոչարյանի խոսքով՝ երեք ծովերի ավազանների տիրույթում ընկած այս տարածքը համաշխարհային առևտրային, ապրանքաշրջանառության, ածխաջրածնային ռեսուրսների, տնտեսական և այլ հաղորդակցությունների ենթակառուցվածքների տեսանկյունից ամենակարևոր տարածաշրջանն է ամբողջ աշխարհում։
«Այստեղ կա Միացյալ Նահանգների գործոնը, որը ձգտում է ունենալ վերահսկողություն այդ ամենի նկատմամբ՝ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ և այլ հարցեր։ Եթե շարունակում ենք այդ տրամաբանությունը, Սիրիայից հետո հաջորդ տարածքը, որն անվերահսկելի է Միացյալ Նահանգների կողմից, Իրանի տարածքն է, որն ամենամեծ կտորն է այս կոմունիկացիաների, ամենակարևոր աշխարհագրական դիրքն ունի, և ակնհայտ էր, որ այն պրոցեսները, որոնք տեղի էին ունենում թե՛ նախորդ տարի, թե՛ դրանից առաջ, բերել են նրան, որ այդ օղակը սեղմվում է Իրանի շուրջ, և օղակի սեղմվելու՝ գրեթե փակվելու վերջին դրսևորումներն այս վերջին զարգացումներն են՝ ռազմական գործողությունները և փաստացի պատերազմ»,- նշում է ԵՊՀ դոցենտը։

Հայկ Քոչարյանի խոսքով՝ այս պահին գործ ունենք օդային-հրթիռային պատերազմի հետ, որում Իրանը, կարելի է ասել, միայնակ է մնացել իր մի քանի «պրոքսի» ուժերով, իսկ մյուս կողմում իսրայելա-ամերիկյան կոալիցիան է, որը ռազմական տեսանկյունից գերակայում է։
«Կան որոշ տեղեկություններ, որ Չինաստանն է ինչ-որ աջակցություն ցուցաբերում ինֆորմացիոն տեսանկյունից և հետախուզական տվյալներով, իսկ մնացածը՝ փաստացի Իրանը մնացել է միայնակ, և մյուս կողմում իսրայելա-ամերիկյան կոալիցիան է, որը ռազմական տեսանկյունից գերակայում է, և եթե վերլուծենք տեղի ունեցող գործողությունները և փորձենք հասկանալ, նման է նրան, որ Իրանը փորձում է բարձրացնել խաղադրույքները՝ տարածաշրջանի երկրների բազմաթիվ այլ շահեր ներգրավելու նպատակով»,- մեկնաբանեց Հայկ Քոչարյանը։
Հենց այս համատեքստում արաբագետը շոշափում է իրանա-իսրայելա-ամերիկյան պատերազմի տարբեր ճյուղավորումները, այդ թվում՝ Իրանի ու Պարսից ծոցի արաբական երկրների միջև լարվածությունն այս հետնապատկերին ու նրանց տարածքներին Իրանի կողմից հասցվող հարվածները։
Անդրադառնալով Հայաստանի վրա ազդեցություններին, անվտանգության ռիսկերին, պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, ինչպես նաև Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի մարտի 2-ի հայտարարությանը, որ այս պատերազմը Իրանի լինել-չլինելու մասին է, և այն ուժերը, որոնք աջակցում են Իրանի դեմ ագրեսիային և համագործակցում են Իրանի դեմ ագրեսիա իրականացրած պետության հետ, նրանց դեմ գործողություններում Իրանը որևէ «կարմիր գիծ» չի ճանաչում, արաբագետը շեշտեց՝ եթե մինչ այժմ Հայաստանի ուղղությամբ որևէ գործողություն չկա, նշանակում է՝ մենք չենք դասվում նշված երկրների շարքին. Իրանի հետ «կարմիր գծերը» խախտված են Հայաստանի Հանրապետության կողմից։
ԵՊՀ դոցենտը կասկածի տակ է դնում Իրանի շուրջ աշխարհաքաղաքական թրիլլերի զարգացման այն սցենարը, որ ռազմական գործողությունները կարող են վերաճել Իրանի դեմ ցամաքային գործողությունների՝ ցամաքային ռազմական ներխուժման փորձի, նշելով, որ Միացյալ Նահանգները կամ Իսրայելը պատրաստ չեն ցամաքային գործողությունների Իրանի դեմ։ Իսրայելի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի պարագայում էլ Հայկ Քոչարյանը չի տեսնում նման շահերի դրսևորում, որը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին գնալ նման գործողության։ Դոցենտի խոսքով՝ «Ադրբեջանը ոչ մի պարագայում դրա տակ չի մտնի»։
«Ցամաքային գործողությունների առնչությամբ, եթե այդ սցենարը դիտարկենք, քրդական գործոնն է քննարկվում, որ կարող են քրդերի գործոնն օգտագործել՝ Իրանում ապակայունացման նպատակով, ինչպես ասում են՝ գետնի վրա։ Բայց սրան զուգահեռ՝ պետք չէ բացառել, որ կարող են լինել ինչ-որ հատուկ նշանակության օպերացիաներ, որոնցում ներգրավված կլինեն մասնավոր ռազմական ընկերությունները՝ Սիրիայի օրինակով»,- հավելում է արևելագետը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։\



