ԻՆՉԻ՞ ՄԵՋ ԵՔ ՄՏՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, Ո՞ՒՄ ՀՈՒՅՍԻՆ ԵՔ ԹՈՂԵԼ. ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԴՈ՞Ւ ԻՆՉ ԿԱՆԵԻՐ. ԴԵ ԼՍԵ՛Ք
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև։

- Թրամփն Իրանի դեմ պատերազմի ոչ մի պլան էլ չուներ՝ ո՛չ բլից-կրիգի, ո՛չ մեկ այլ ստրատեգիայի։ Թրամփը ներքաշվեց պատերազմի մեջ, ու սրա մասին Մարկո Ռուբիոն բացահայտ ասաց մի քանի օր առաջ։ Նա ասաց՝ Իսրայելը գնում էր պատերազմի, և իրենք այլ բան չէին կարող անել, քան միանալ դրան։ Փաստորեն, Իսրայելը կարողացավ ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ։ Թրամփը երկար ժամանակ դիմադրել է, որ չգնան այս պատերազմին։ Պատերազմից մի քանի օր առաջ Գլխավոր շտաբի պետը խոսեց անհաղթահարելի խոչընդոտների մասին, ու դա եղավ արտահոսքի ձևով։
- Պատերազմի նախորդ օրն Իրանը համաձայնեց ուրանի զրո հարստացման պայմանին։ Նեթանյահուն, սակայն, պահանջում էր Իրանից հրաժարվել բալիստիկ հրթիռներից։ Այլ պայմաններ ևս դրվեցին։ Նեթանյահուի նպատակը մերժում ստանալն էր։
- Փաստորեն, ԱՄՆ-ը պատերազմի գնաց առանց պլանի, ռազմավարության և հիմա իրավիճակային լուծումներ է գտնում։ Իսրայելի հիմնական նպատակն Իրանի ոչնչացումն է՝ որպես խոչընդոտի Մերձավոր Արևելքում, որպես Իսրայելի հեգեմոնիային դիմադրող միակ ուժի։ Այս պատերազմի իրական նպատակն Իրանը քաոսի վերածելն է, եթե ոչ՝ լիովին մասնատելը։
- Դավադրապաշտություն է թվում, որ Իսրայելի պես փոքր երկիրն ազդեցություն ունի ԱՄՆ-ի վրա, բայց փաստը մնում է փաստ` այդպես է․ նրան հաջողվում է ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի քաղաքական համակարգի վրա։ Լոբբիստական ազդեցությունն առհասարակ մեծ է ԱՄՆ-ի համակարգում։ Նույն կերպ դեղագործական խոշոր ընկերություններն են կարողանում քաղաքականություն թելադրել, օրինակ՝ ինսուլին չներմուծելու վերաբերյալ, որքան էլ որ դրան դեմ են ԱՄՆ քաղաքացիները…
- Ամերիկյան ու եվրոպական վերնախավում չկա մարդ, ով կեղտոտված չէ «Էփշտեյնի կոալիցիայով»։ 99%-ով համոզված եմ, որ Թրամփը նույնպես զերծ չէ դրանից, ու այս առումով նրա վրա նույնպես լծակներ կան։
- Իրանի պարագայում ԱՄՆ բանակը ժամանակին միշտ դիմադրել է ցամաքային օպերացիայի գաղափարին, ինչն ԱՄՆ-ը արեց Իրաքի դեպքում, որովհետև Իրանը բաց անապատ չէ, 4 անգամ տարածքը մեծ է, և կան այլ խոչընդոտներ։ Դրա համար նրանք երբևէ նման պլան չեն ունեցել։ Այսօր արդեն խոսում են Իրանի դեմ ԱՄՆ ցամաքային գործողություններ սկսելու մասին:
Բայց արդյո՞ք հնարավոր է հաղթանակի հասնել միայն օդուժի կիրառմամբ։ Նման որևէ դեպք չկա։ Միայն օդուժի միջոցով որևէ երկիր ծնկի բերելու պլանը միֆ է։ Օդային հարձակման դեպքում տվյալ երկրի բնակչությունը կա՛մ դուրս չի գալիս տներից, կա՛մ եթե դուրս է գալիս, համախմբվում է իր իշխանության շուրջ։
Ի դեպ, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությանը։ Այս մասին Լարիջանին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ամերիկյան որոշ պաշտոնյաներ խոսել են ցամաքով Իրան ներխուժելու մտադրության մասին։ Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենիի քաջարի որդիները սպասում են ձեզ»,- գրել է Լարիջանին։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելել է, որ Իրանի սրբազան հողը «դժոխքի ծառաների համար չէ»։

- Իրանի վրա հարվածները Իրանին ծանր գին են պարտադրել, շատ դժվար է Իրանի համար դիմադրելը, բայց Իրանի համակարգը չի փլուզվել, Իրանը շարունակում է դիմադրել բավականին էֆեկտիվ, ունի էշելոնացված հիերարխիայի 3 մակարդակ, և սա փաստ է։ Իրանում 20 տարի պատրաստվել են այս պատերազմին։ Հունիսի 12-օրյա պատերազմին Իրանն ավելի անպատրաստ էր, հիմա սպասում էին։ Իրանում չեն սպասում կենտրոնից կոորդինացման։ Բոլորը գիտեն՝ ինչ անել, ինչպես դիմադրել։ Ապակենտրոնացված համակարգը թույլ է տալիս Իրանին դիմանալ կաթվածահար անող հարվածներին։
- ԱՄՆ-ը հենց 2-րդ օրն էր Իտալիայի միջոցով զինադադարի կոչ արել, սակայն Իրանը մերժել էր։ ԱՄՆ-ը զինատեսակների դեֆիցիտի խնդիր ունի։ Զինատեսակներ կան, որ արտադրության համար մեկ տարի է պահանջվում:
- 2 օր առաջ Թրամփը հանդիպել էր զենք արտադրող մի քանի կազմակերպությունների հետ, կոշտ պահանջել էր արագացնել զենքի արտադրությունը, որովհետև զինապահեստները դատարկվում են։ Այս առումով շատ կարևոր է Իրանի ստրատեգիան, որ նրանք կարողանում են էժան, նաև հին սերնդի իրենց բալիստիկ հրթիռները, դրոններն օգտագործել։ Հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն տարբերակում՝ հի՞ն բալիստիկ հրթիռ ու դրոն են խփում, թե՞ նորագույն։ Դրա նպատակը հակառակորդի հակահրթիռային համակարգը ջլատելն է, ինչը կարծես թե նույնպես Իրանին հաջողվում է։
- Թրամփը փորձում է բացահայտորեն Իրաքի քրդերին ներքաշել այս պատերազմի մեջ։ Իրանի բանակի մանևրելու հնարավորությունը շատ սահմանափակ է, քանի որ Իսրայելն ու ԱՄՆ-ը Իրանի օդի վրա հսկողություն ունեն։ Համոզում են ներքաշվել նաև Ադրբեջանին։ Եթե Ադրբեջանն էլ միանա, Իրանի համար բարդ կլինի։ Պլան Բ-ն դա է։
- Ես տակավին ցածր եմ համարում հավանականությունը, որ գործը կհասնի միջուկային զենքի կիրառությանը։ Բայց այն, որ այս թեման այլևս տաբու չէ, ակնհայտ է։ Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ Թրամփը ցանկացած պահի կարող է ասել՝ ես հաղթել եմ, որովհետև Խամենեին ոչնչացված է, ու շրջվի գնա։ Դա նրանից հեռու չէ։ Բայց եթե միջուկային զենք կիրառի, նույնիսկ Ամերիկայի հավատարիմ դաշնակիցները կլքեն նրան։ ԱՄՆ-ը կդառնա իզգոյ երկիր։ Իսրայելի պարագան ուրիշ է, այնտեղ կա ծայրահեղական մտայնություն՝ եթե չհաղթեն այս պատերազմում, կլինի 2-րդ Հոլոքոսթ։ Բայց Իսրայելում գիտեն՝ ինչ էլ անեն, ԱՄՆ-ը իրեն կպաշտպանի։ Երկու տարի ոչնչացնում էին պաղեստինցիներին, ու նրանց ոչինչ չեղավ, շարունակում էին խրախուսվել ու զենք ստանալ։
- Երեկ սոցցանցերում տարածվում էր, որ Իրանի ադրբեջանական համայնքը Ալիևից օգնություն է խնդրել, ու բացի դրանից, Ադրբեջանն իր բանակը բերել է թիվ մեկ պատրաստության։ Դրանից հետո Նախիջևանին հարվածը չուշացավ… Սա կարող է լինել նախազգուշական հարված։ Անհասկանալի է՝ ի՞նչ է լինելու Ալիևի վարքագիծը, մոբիլիզացնելո՞ւ է իրանցի ադրբեջանցիներին, թե՞ ոչ։ Հնարավոր է, որ անգամ Իրանը չի հարվածել Նախիջևանին, այլ եղել է Իսրայելի կողմից սադրանք։ Հենց սրա մասին հայտարարեց Իրանը։ Այսօր լուրեր տարածվեցին նաև, որ Վրաստանի տարածքում հարվածել են Բաքու-Ջեյհան նավթամուղին, թեպետ սրա պաշտոնական հաստատումը չկա։ Սա սկզբունքորեն կարող է տեղավորվել Իրանի ստրատեգիայի մեջ՝ նավթային շուկաներում քաոսի ստեղծումը։ Իրանի առաջին փուլի հարվածների թիրախը Ծոցի երկրների ամերիկյան օբյեկտներն էին, երկրորդ փուլով սկսեցին հարվածել նավթագազային կարևոր հանգույցներին, նավթային տանկերներին։ Իսրայելական նավթի 30%-ը գալիս է Բաքու-Ջեյհան նավթամուղից։ Բայց կրկնեմ՝ այս ինֆորմացիան հաստատված չէ։

- Թուրքիան հայտնվել է երկու կրակի արանքում։ Մի կողմից՝ չեն ուզում դուրս գալ ԱՄՆ-ի ու Իրանի դեմ, մյուս կողմից՝ Թուրքիայի համար կարմիր գծերից մեկը, էքզիստենցիալ վտանգը քրդական հարցն է։ Չմոռանանք, որ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր, որ Իրանից հետո Թուրքիայի հերթն է։
Հիշեցնենք. Նաֆթալի Բենեթը Երուսաղեմում ամերիկա-հրեական կազմակերպությունների համաժողովի ժամանակ ասել էր. «Թուրքիան նոր Իրանն է։ Էրդողանը հնարամիտ է, վտանգավոր և ձգտում է շրջափակել Իսրայելը։ Մենք չենք կարող կրկին աչք փակել դրա վրա»:
- Իրանի մասնատումը Թուրքիային ձեռք չի տալիս 2 պատճառով՝ քրդական հարց և Իսրայելի՝ բավականին անթաքույց հակումները՝ Մերձավոր Արևելքում հեգեմոնիայի մասին։
- Ես կարծում եմ, որ մենք հիմա կարիք չունենք խոսելու Սյունիքի զավթման մասին։ Եթե նույնիսկ Սյունիքը չզավթեն, եթե Իրանը հաջողեն մասնատել, ու Ադրբեջանին հաջողվի վերահսկողություն հաստատել այդ հատվածի վրա, մենք կդառնանք ադրբեջանական անկլավ՝ Սյունիքով թե առանց Սյունիքի։ Մենք կդառնանք հայկական Լեսոտո։ Սյունիքը կորցնելու վտանգը կա, Ադրբեջանը դա չի էլ թաքցնում։
- Ես համաձայն եմ ռուսների չտված անվտանգության հետ կապված յուրաքանչյուր փաստարկի հետ, եթե ինձ ասեն՝ ի՞նչ են պատրաստ մեզ տալ ուրիշ երկրները ռուսների չտվածից ավելի։
- Ես բոլորովին այն կարծիքին չեմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է աջակցություն հայտնեին Իրանին, բայց նաև կարծում եմ՝ շատ մեծ պրոբլեմ չէր լինելու քաղաքակիրթ ցավակցություն հայտնել, կողմերին խաղաղ լուծում գտնելու կոչ անել։ Հարևան երկրում այս տեսակ իրադարձությունների ֆոնին ՀՀ իշխանությունների նման անհոգ վարքագիծը, ծրագիր չունենալը չգիտեմ ի՞նչ անուն ունի։ Եթե իրանական դպրոցի վրա հարձակումը դատապարտեին, ի՞նչ պիտի լիներ, Ամերիկան սանկցիանե՞ր էր կիրառելու։ Մենք մեզ դրել ենք այն վիճակում, որ այս վտանգավոր իրավիճակում այսքան անպաշտպան ենք, ու դա ՔՊ-ի մեղքն է։ Էս մարդիկ որոշել են, որ մեր ապագան Արևմուտքում է, իսկ թե դա ինչ է նշանակում, իրենցից ոչ ոք դեռ մի հոդաբաշխ պատասխան չի տվել։ Մենք վտանգել ենք մեր անվտագային համակարգը՝ փոխարենը չստանալով ոչինչ։ Արևմուտքում մեզ գործոն չեն համարում, մեզ վերաբերվում են որպես մի երկրի, որի նկատմամբ վերաբերմունքն ածանցյալ է այլ խնդիրներից։ Նրանց համար Հայաստանին վստահել-չվստահելու խնդիր գոյություն չունի։
- Ամերիկայի բնակչության 80%-ը դեմ էր Իրանի վրա հարձակմանը։
- Ադրբեջանը կներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, եթե վստահ լինի, որ Իրանը երերում է, և իր հարվածը կարող է Իրանին իսկապես տապալել։ 2020թ․ 44-օրյա պատերազմում իրենց հաղթանակը իրենց գլուխն է ընկել, ու կարող է իրենց գերակայությունը շատ ավելին թվալ իրենց աչքում, քան իրերի իսկական դրությունն է։ Ադրբեջանին կարող է սթափեցնել Թուրքիայի դիրքորոշումը։ Չի կարելի բացառել նաև այն սցենարը, որ եթե փլուզման լուրջ հնարավորություն ստեղծվի, դժվար է ենթադրել, որ Ադրբեջանը զերծ կմնա միջամտելուց։
- Հայաստանի իշխանությունները երկիրն էնպիսի վիճակի են հասցրել, որ եթե ԱՄՆ-ը ու Իսրայելը հաղթեն, «Զանգեզուրի միջանցքը» ոնց եղել է, այնպես մնալու է, ինչպես Ալիևն ուզում է՝ հայի երես չտեսնելու համատեքստում։ Եթե պարտվեն, Իրանը կարողանա հաջողությամբ դիմադրել, մենք խնդիրներ կունենանք պարսիկների հետ։

- Իրանի մասնատումը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է:
- Հայաստանն այսօր ոչնչի ու ոչ մի ճնշման դիմադրել չի կարող։ Մենք մեր սուբյեկտայնությունը կորցրել ենք։ Դա նորություն չէ։ Մենք անում ենք այն, ինչ մեզ ասում են՝ հույսով, որ մեզ լավ աչքով կնայեն։ Չեմ բացառում, որ Հայաստանի տարածքը կարող են օգտագործել։ Ես չգիտեմ՝ էս վիճակում, եթե ես լինեի Հայաստանի վարչապետը, կկարողանայի՞ դիմադրել, բայց հաստատ գիտեմ, որ երկիրը չէի հասցնի այն վիճակին, որ չկարողանայի դիմադրել։ Ինչ ասես, արել են, պատերազմ են բերել, Արցախ են հանձնել, հիմա ասում են՝ էս իրավիճակում, եթե վարչապետ լինեիր, դու ի՞նչ կանեիր։ Ես հունիս ամսին՝ ընտրություններին, որևէ մեկին կընտրեի, բացի ՔՊ-ից։ Այ ես դա՛ կանեի։ Մնացած խոսակցություններն ինձ հետաքրքիր չեն։ Եթե պատասխանատվության ինստիտուտ գոյություն չունի, ամեն ինչ էլ կարող են անել քեզ հետ։
- Վենսը որ Հայաստան էր եկել, եկել էր Նիկոլ Փաշինյանին բացահայտ աջակցելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ Բելաուսովը կամ Մեդվեդևը նման հայտարարոթյուն անեին Հայաստանի ինչ-որ քաղաքական գործչի վերաբերյալ։ Սկանդալ կլիներ։
- Ռուսաստանն Ուկրաինայում դժվար պատերազմ է մղում, շատ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Բայց Լավրովը երեկ և այսօր Իրանին աջակցող կոշտ հայտարարություններ արեց։ Մի բան հստակ է․ և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը շահագրգռված են թույլ չտալ, որ Իրանը պարտվի, բայց այդ երկու երկրներն էլ ունեն իրենց խնդիրները։ Չմոռանանք, որ Իրանը կանգնած է շատ-շատ հզոր հակառակորդների դեմ։



