«Ադրբեջանից Իրանի ցանկացած զգուշավորություն արդարացված է. Իրանը, Ռուսաստանը, նաև Հայաստանը թերագնահատել են Արցախին՝ որպես գործոնի». Գրիգորի Այվազյան

Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները մարտի 5-ին Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, նրան բողոքի նոտա էր փոխանցվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումն անպատասխան չի մնա»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։ Ալիևն Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական ակտ իրականացնելու մեջ և շեշտել, որ դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ Իրանը պետք է Ադրբեջանին պարզաբանումներ ներկայացնի։

Ալիևը նաև հայտարարել է, որ զինված ուժերին հանձնարարված է նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։ Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը և 12 ժամով փակել է նաև Իրանի հետ օդային սահմանը։

Կարդացեք նաև

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, ինչպես նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել են Թեհրանի առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների գրոհին։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ հայկական կողմը չպետք է միանգամից տուրք տա ադրբեջանական կեղծ քարոզչամեքենային։ Չպետք է բացառել, որ սա թուրք-ադրբեջանական սադրանք է, որը կարող է առիթ ստեղծել Ադրբեջանի իշխող ֆաշիստական վարչակարգին՝ իրականացնելու իր առավելապաշտական ծրագրերը։

«Հիշում ենք՝ ժամանակին, որ Ֆաշիստական Գերմանիան հենց Լեհաստանին էր մեղադրում Գերմանիայի հանդեպ ագրեսիայի մեջ։ Այնպես որ՝ այս դեպքում էլ չպետք է բացառել այս սցենարը։

Հիշում ենք նաև, թե արցախա-ադրբեջանական հակամարտության ժամանակ որքան անհիմն մեղադրանքներ էին հնչում, թե իբր հայկական կողմն է Ադրբեջանին հարվածներ հասցրել։ Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանն ի սկբանե թշնամական դիրքորոշում է որդեգրել հարևան Իրանի նկատմամբ։ Ադրբեջանը տասնյակ տարիներ շարունակ սեպարատիստական, անջատողական շարժումներ է ֆինանսավորել Իրանի հյուսիսում թուրքալեզու բնակչության շրջանում, փորձել է հովանավորել նաև տարբեր կուսակցություններ։ Իզուր չէ, որ Ադրբեջանում Իրանի հյուսիսը համարում են «Հարավային Ադրբեջան»»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը։

Ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է մեծացել պետական մակարդակով տարվող այս քարոզչության ներքո, հետևաբար՝ այս ամենն ամբողջությամբ տեղավորում է ադրբեջանական քարոզչության մեջ։

«Իրանի ցանկացած զգուշավորություն Ադրբեջանի նկատմամբ արդարացված է, կարծում եմ՝ Իրանի զսպվածությունը սխալ է Ադրբեջանի հանդեպ։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված Արցախը դարձել է հակաիրանյան ուժերի կենտրոնացման վայր՝ ահաբեկիչներ ու տարբեր երկրների հատուկ ծառայություններ են օգտագործում այդ տարածքներում։

Ժամանակին տարածաշրջանային պետությունները, առաջինը՝ Իրանը, Ռուսաստանը, նաև Հայաստանը թերագնահատել են Արցախին՝ որպես գործոնի և այդ բոլոր պետությունների անվտանգության երաշխավորի։ Արցախն ինչ-որ առումով նաև ուժերն էր բալանսավորում մեր տարածաշրջանում»,- հավելեց Գրիգորի Այվազյանը։

Շարունակելով միտքը, Ադրբեջանի հարցերով փորձագետը նկատեց՝ սխալ է թույլ տվել նաև հարևան Իրանը, որը տարիներ շարունակ հայտարարում էր, թե Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, և շտապեց շնորհավորել Ադրբեջանին՝ «հաղթանակի» առիթով, ինչից հետո Իրանի նկատմամբ տեղի ունեցան խարդավանքներ, օրինակ, Իրանի նախագահ սպանվեց, երբ վերադառնում էր Ադրբեջանից։ Դրանից հետո տեղի ունեցան ամերիկյան հարձակումներ Իրանի վրա։ Սրացումներ եղան նաև Հարավային Լիբանանում, Գազայի հատվածում։

«Ինչպես ասում են՝ այսօր մեր տարածաշրջանը գտնվում է վառոդի տակառի վրա, ինչն ավելի սրվեց Արցախի օկուպացիայից հետո։

«Մենք ըստ էության գործ ունենք այն սխալ քաղաքականության հետևանքների հետ, որն այս պարագայում Իրանը զգում է սեփական մաշկի վրա՝ սխալ հաշվարկելով հետագա վիճակը, մասնավորապես՝ Արցախի հետ կապված։

Տեսնում ենք, որ Ադրբեջանի զինուժն արդեն մարտական վիճակի է բերվել, ուժեր է կուտակում Իրանի հետ սահմանում։ Ցանկացած նման գործողություն՝ կնշանակի ցամաքային պատերազմ, ոչ միայն Ադրբեջանի, այլև նրա դաշնակից Թուրքիայի հետ։ Չպետք է մոռանանք «Շուշիի հռչակագիրը» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև և այլ փաստաթղթեր, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը պարտավորվում են համատեղ պատասխանելու ռազմական որևէ գործողության։ Այստեղ Պակիստանն է նաև փոխկապակցված Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Եթե իրավիճակը սրվի, ապա Ադրբեջանն, անշուշտ, ռազմական գործողություններ կարող է սկսել Սյունիքի նկատմամբ՝ հաստատելու իրենց բաղձալի երազանքը՝ ցամաքային ճանապարհ Թուրքիայի հետ։

Ընթացող այս բոլոր գործողություններն անմիջապես սպառնում են Հայաստանին»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ հարևան Իրանում տեղի են ունենում ռազմական գործողություններ. փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն Իսրայելի հետ հարձակում գործեց Իրանի վրա։

Տեսանյութեր

Լրահոս