Հայաստանից ՌԴ-ի դուրս մղումը. Երևանում մտադիր են խլել «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիան. Փաշինյանի հայտարարությունները կոծկում են Թուրքիայի և Ադրբեջանի մտադրությունները

«Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, սակայն լավ կլիներ, որ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը ձեռք բերեր և Հայաստանին, և Ռուսաստանին բարեկամ որևէ երկիր», փետրվարի 13-ին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետը։ Դատելով ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի քաղաքական-տնտեսական մերձեցման ներկայիս տեմպերից՝ ՀՀ վարչապետի նշած գաղափարը միանշանակ դրսից է հուշված, ինչում մենք դեռ կհամոզվենք։

«Ռուսաստանը հայտարարել է՝ խոչընդոտներ չի ստեղծի մեր տարածաշրջանային նախագծերին, և ես այդ մասին խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակցում է բոլոր այդ նախագծերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում (ակնհայտ է՝ դրանք ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան են-խմբ) ավելի ու ավելի գերակշռող է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո չարժե շարունակել երթուղին Հայաստանով, քանի որ Հայաստանի երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Այս դիրքորոշման կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցել, և մենք, փաստորեն, հիմա կորցնում ենք դիրքերը։ Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլիներ, որ «Հարավ կովկասյան երկաթուղին» ձեռք բերեր և մեզ, և Ռուսաստանին բարեկամ որևէ երկիր, դա տարբերակ է, որը պետք է քննարկել»,- շարունակել է վարչապետը։

«Փաստացի վարչապետը հայտարարել է՝ եթե ռուսական կողմը օպերատիվ չարձագանքի Հայաստանի առաջարկին, ապա Թուրքիայի տարածքով Նախիջևան – Կարս երկաթգծի կառուցման առաջանցիկ տեմպերը կհանգեցնեն այն բանին, որ Հայաստանի տարածքով դեպի Կարս (Նախիջևան – Երասխ – Ախուրիկ – Կարս) բեռնափոխադրումները կկորցնեն իրենց արդիականությունը։ Սա, ցանկության դեպքում, հնարավորություն կտա Փաշինյանին հայտարարել՝ Հայաստանի այդ հատվածի տարանցիկ ներուժի կորուստը տեղի է ունեցել կոնցեսիոների մեղքով, դրանից բխող հետևանքներով՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կոնցեսիոն համաձայնագրի ակտուալությամբ», – բացատրում է Հայաստանի նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին ղեկավար Խոսրով Հարությունյանը։ Նրա խոսքով՝ չնայած երկաթուղիները ռուսական կողմի կառավարմանը հանձնելուն, ենթակառուցվածքի սեփականատերը մնում է Հայաստանը, ուստի պատասխանատվությունն ընկնում է հենց սեփականատիրոջ վրա: Պայմանագրի պայմաններով կոնցեսիոներն իրավունք ունի ներդրումներ կատարել արդիականացման մեջ, սակայն նա ուղղակի պարտավորություն չունի դա անել Հայաստանը հարևան երկրների հետ կապող հատվածներում, ինչը լրացուցիչ քննարկում է պահանջում իրավաբանների հետ: Ճանապարհների բացումը կհանգեցնի փոխադրումների ծավալների ավելացմանը, ուստի ռուսական կողմը պետք է շահագրգռված լինի խնդրահարույց հատվածների վերականգնմամբ և ավելի ակտիվորեն մասնակցի ենթակառուցվածքային նախագծերի քննարկմանը՝ չնայած լրացուցիչ ֆինանսական ծախսերին:

Կարդացեք նաև

Հաջորդել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվել փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Հայկական երկաթուղային ցանցը «ՀԿԵ» ՓԲԸ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն) կառավարման տակ է արդեն շուրջ 20 տարի 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 30 տարի ժամկետով, ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով, ընդ որում՝ «այդ ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն կայուն կատարում է կոնցեսիոն համաձայնագրի բոլոր պայմանները, այլև զգալի միջոցներ է ներդնում (ներդրումները, ի դեպ, որքանով մեզ հայտնի է, դեռ չեն արդարացվել) ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, ապահովում է մեծ թվով աշխատատեղեր ..․ըստ էության, ռուսական օպերատորն այն կառույցն է, որը Հանրապետությանը ոչ թե զրկում է մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք»։

Շրջանցելով կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխման և բարեկամ երկրին՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին իրավունքների հնարավոր վաճառքի թեման՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Երևանի խնդրանքով Հայաստանի՝ Թուրքիա և Ադրբեջան դուրս գալու համար երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ «հստակ նշվել է փետրվարի 12-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից»: Այլ կերպ ասած՝ Մոսկվան և Երևանը բանակցություններ կվարեն այդ հատվածների վերականգնման շուրջ։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կարծում է՝ Երևանի իշխանությունների չմշակված որոշումները կարող են ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի քաղաքացիների համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանրապետությունում գործում է շուրջ 20 տարի՝ անշեղորեն կատարելով կոնցեսիոն պայմանագրի պայմանները, որը ստորագրվել է 2008 թվականին մինչև 2038 թվականը: Այս ընթացքում ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 30 մլրդ ռուբլին, Հայաստանի բյուջե է փոխանցվել ավելի քան 15 մլրդ ռուբլի հարկ։ Վերանորոգվել է շուրջ 700 կմ ընդհանուր երկարությամբ ցանցի ավելի քան 520 կմ ճանապարհ, վերակառուցվել են տասնյակ կամուրջներ և թունելներ։ Տարեկան տեղափոխվում է ավելի քան 500 հազար ուղևորներ և ավելի քան 1,6 միլիոն տոննա բեռ: Ձեռնարկությունում աշխատում է ավելի քան 2,5 հազար մարդ։ Համաձայն գործող համաձայնագրի պայմանների՝ ներդրումների ընդհանուր ծավալը 2008-2038 թվականների ժամանակահատվածի համար սահմանվել է 14,5 միլիարդ ռուբլի, առաջնահերթություններ են դարձել ճանապարհային տնտեսության և շարժակազմի արդիականացումը: Կառավարման առաջին մեկուկես տարվա ընթացքում ներդրվել է ավելի քան 2 միլիարդ ռուբլի:

Միևնույն ժամանակ, Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպայի կարծիքով՝ Հայաստանի երկաթուղային ոլորտում առավել ակտիվություն են ցուցաբերում ներկայումս Թուրքիան և ԱՄՆ-ը, որոնք կարող են Երևանին գրավիչ պայմաններ առաջարկել երկաթուղային հաղորդակցության ոլորտում լայնածավալ նախագծերի ֆինանսավորման համար: Դժվար է առարկել, որ «Հայաստանի տրանսպորտային համակարգում ներդրումների հարցը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բնույթ է կրում։ Պոտենցիալ ներդրողների միջև մրցակցության պայմաններում կարևոր դեր են խաղում ոչ միայն ֆինանսական առաջարկները, այլև ռազմավարական նպատակները, որոնք հետապնդում են տարբեր պետություններ: Քաղաքական գործիչների և լոբբիստական խմբերի միջամտությունը կարող է էապես ազդել Հայաստանի իշխանությունների վերջնական որոշման վրա», մինչդեռ «ռուսական փորձագիտական հանրությունում մտահոգություններ են հնչում հայկական երկաթուղիների կառավարման հնարավոր փոփոխությունների վերաբերյալ: Որոշ մասնագետներ կարծում են՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը կարող է հանգեցնել արդեն իսկ ստեղծված համակարգի ապակայունացմանը և լրացուցիչ ռիսկեր ստեղծել երկրի տրանսպորտային անվտանգության համար»:

Կայուն տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի կառավարությունը կնախընտրեր Թուրքիային և Ադրբեջանին որպես «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոներներ, և կասկածի ենթակա չէ այն, որ վերջիններիս երկարաժամկետ հանձնառությունը ռուսական կապիտալը Հայաստանից դուրս մղելն է։ Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը հիշում է 2010 թվականի փետրվարը, «երբ հայկական պատվիրակության կազմում ներկայացնում էր «Հարավկովկասյան երկաթուղին» Ստամբուլում TRACECA-ի աշխատանքային հանդիպմանը։ «Ֆուտբոլային դիվանագիտությունն» ընթացքի մեջ էր, սկսվեցին Իրան-Հայաստան երկաթգծի շուրջ բանակցությունները, և Մոսկվան, սպասելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, Ախուրյան կայարանում մեկնարկեց միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծը, որն էլ ներկայացնում էի հատուկ զեկուցմամբ։

Սուրճի ընդմիջման ժամանակ ինձ մոտեցավ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նախագծի մասին մի քանի ճշտող հարց ուղղելուց հետո ասաց. «Ամեն ինչ լավ է, բայց եթե իսկապես ուզում եք ինտեգրվել ու տարանցիկ գոտի դառնալ, պետք է ձեր երկաթուղին կառավարել առանց ռուսների մասնակցության»:

Անկարայի տարածաշրջանային տեսակետներում ոչինչ չի փոխվել, ընդհակառակը, վերջին տասը տարիների ընթացքում ռուսական գործոնի բացառման սկզբունքը միայն ամրապնդվել է։ Դա հստակ արտացոլված է մինչև 2053 թվականը Թուրքիայի տրանսպորտային զարգացման գլխավոր պլանում»։

Տեսանելի է՝ Փաշինյանի հնչեցրած հերթական էքսցենտրիկ գաղափարը ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ – ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համապարփակ մերձեցման քաղաքականության քողարկում, մասնավորապես, ոչ անհայտ «Թրամփի ճանապարհի» (TRIPP) շրջանակներում։  Եթե իրերն իրենց անուններով կոչենք, դա ոչ այլ ինչ է, քան faire bonne mine à mauvais jeu (ձև է անում, թե ամեն ինչ լավ է)։ Ըստ առկա տեղեկությունների՝ նույն TRIPP – ի շրջանակներում քննարկվում են Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, Ադրբեջան և Բաքու – Թբիլիսի – Ախալքալաք-Կարս երկաթգծի նոր տարանցիկ գծերը: Իսկ Փաշինյանի կողմից «Հայկական երկաթուղիների նոր կոնցեսիոներներ նշված «Հայաստանի և Ռուսաստանի բարեկամ երկրները», կոչված են կոծկելու դրանց ինտեգրումը «Թրամփի երթուղուն» որպես «միջին միջանցքի» մաս՝ Անկարայի և Բաքվի վճռորոշ ներդրմամբ։

Ալեքսեյ Բալիև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս