ԱՄՆ զինվորական հետաքննիչները ենթադրում են, որ Իրանում տարրական դպրոցին հարվածը հասցրել են ամերիկացի զինվորականները. Reuters
ԱՄՆ զինվորական հետաքննիչները կարծում են, որ հարվածը Իրանի Մինաբ քաղաքում գտնվող օրիորդաց դպրոցին, ամենայն հավանականությամբ, հասցրել է ԱՄՆ-ն: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Գործակալության զրուցակիցները նշել են, որ սա վերջնական եզրակացությունը չէ. հետաքննությունը շարունակվում է։
Reuters-ին չի հաջողվել պարզել, թե ինչ տվյալների հիման վրա են հետաքննիչներն այս եզրակացությանը հանգել, ինչպես նաև հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ կարող է տևել հետաքննությունը։
Մարտի 4-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները հետաքննում են միջադեպը։ Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն քաղաքացիական օբյեկտներ չի թիրախավորում։
The New York Times-ը վերլուծել է արբանյակային լուսանկարներն ու այլ նյութեր և եկել այն եզրակացության, որ հարվածը դպրոցին հասցվել է այն պահին, երբ գրոհ է իրականացվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտակա բազաների վրա։
Իր հերթին, BBC Verify-ը (BBC-ի փաստերի ստուգման բաժին) հայտնել է, որ զինամթերքի բեկորների լրացուցիչ լուսանկարների բացակայության պատճառով անհնար է վստահորեն ասել, թե ով է կանգնած գրոհի հետևում։
Մինաբում օրիորդաց դպրոցին հարվածը հասցվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանում ռազմական գործողությունների առաջին օրվա՝ փետրվարի 28-ի առավոտյան։ Իրանի իշխանությունները հայտնում են 168 զոհի մասին։
Կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել հարվածի համար։




