Մերձավոր Արևելք. սահմանների արյունալի վերաբաշխումը կարող է սկսվել ցանկացած պահի

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական խմբավորումները պատրաստվում են ներխուժել Իրանի արևմուտք

Ագրեսորների կողմից շտապ հավաքվող քրդական խմբավորումների դաշինքը պատրաստվում է մուտք գործել Իրանի տարածք, որպեսզի միանա իրանական ռեժիմը տապալելու ամերիկա-իսրայելական արշավին՝ չնայած Թեհրանի սպառնալիքներին և հարևան Թուրքիայի աճող հակազդեցությանը, որը խիստ մտահոգված է տարածաշրջանում քաոսի աճի հեռանկարներով։

Թեև ենթադրյալ ներխուժման ստույգ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն զենք և անհրաժեշտ զինամթերք ստացած քրդական ուժերը, իբր, կարող են սահմանը հատել «մի քանի օրվա ընթացքում»: Մարտի 1-ին՝ ագրեսիայի երկրորդ օրը, Թրամփը զանգահարել է Էրբիլ Իրաքի քրդերի առաջնորդներ Մասուդ Բարզանիին և Բաֆել Թալաբանիին՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կարդացեք նաև

Քիրքուքի և այլ շրջանների նավթահանքերից խողովակաշարերը ձգվում են դեպի Թուրքիայի (Յումուրթալիք, Ջեյհան), Սիրիայի (Բանիյաս, Տարտուս) և Լիբանանի (Տրիպոլի) նավահանգիստներ։  Բանակցությունների մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվում, սակայն, ըստ որոշ տվյալների, չի բացառվում այդ տարածաշրջանի ամբողջական և վերջնական տարանջատումն Իրաքից Սպիտակ տան աջակցությամբ, եթե Բաղդադի իշխանությունները փորձեն գոնե սահմանափակ օգնություն ցուցաբերել արևելյան հարևանին:

Հայտնի է՝ Իրաքի արաբ բնակչության մեծ մասը շիաներ են, որոնք կապված են Իրանում հավատակիցների հետ սերտ մշակութային – ազգակցական կապերով։ Մարտի 1-2-ին հակաամերիկյան ցուցարարները գրոհել են Բաղդադում ԱՄՆ-ի ներկայացուցչությունը՝ քարկոծելով անվտանգության ուժերին, որոնք ի պատասխան արցունքաբեր կիրառել են գազ: Ցուցարարների հիմնական կորիզը կազմել են արմատական խմբավորումների ներկայացուցիչները, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները դիվանագիտական թաղամասի մատույցներում, որի շուրջ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել:

Իր հերթին, «քաթաիբ Հըզբոլլահ» իրաքյան ռազմականացված խմբավորումը հայտարարել է Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումներ սկսելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ և հարավ-արևելքում՝ «Արևմտյան Կուրնա» խոշոր նավթային հանքավայրից ոչ հեռու, որը 2026 թվականի փետրվարից վերահսկվում է ամերիկյան «ՇԵՎՐՈՆ»-ի կողմից՝ «ԼՈՒԿՕՅԼ»-ի փոխարեն, ինչպես նաև Սուլեյմանիայի և Էրբիլի վրա, որի օդանավակայանը գնդակոծվել է արդեն փետրվարի 28-ի երեկոյան։ Իրաքում «էպիկական կատաղություն» գործողության տարածման հեռանկարը հղի է երկրի վերջնական պառակտմամբ՝ սողալով դեպի քաոս, հնարավոր է՝ շատ ավելի խորը, քան այն, որը երկրում տիրեց 2003 թվականին ամերիկացիների ներխուժումից և «Սադամ Հուսեյնի ռեժիմի» տապալումից հետո։

Մարտի 2-ին, եթե հավատանք CNN-ին, Սպիտակ տան տերը բանակցություններ է վարել Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ԻՔԴՄ) ղեկավար Մուստաֆա Հիջրիի հետ: Նույն օրը երեկոյան իրանական Քուրդիստանի քաղաքական ուժերի նորահայտ կոալիցիան (ԻՔՔՈՒԿ) հինգ կուսակցություններից բաղկացած հայտարարություն է տարածել՝ ակնարկելով նախապատրաստվող գործողությունների մասին և կոչ անելով անվտանգության ծառայողներին անցնել ժողովրդի կողմը և «ընտրել իրենց ազգի կողմը»: Իրանական քրդերի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ առաջիկա օրերին իրանական քրդական ընդդիմության ուժերը, որոնց զինելու համար, ըստ լուրերի, զգալի միջոցներ են հատկացվում, կմասնակցեն Իրանի արևմուտքում նախատեսվող ցամաքային գործողությանը:

Տարածաշրջանային որոշ աղբյուրներ պնդում են «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Մասուդ Բարզանին, հրաժարվելով նախկին մտավախություններից, այլևս չի առարկում այն ծրագրին, որի համաձայն «Ամերիկայի մարտական քրդերի» ջոկատներն իրենց վերահսկողության տակ կվերցնեն Իրանի արևմուտքում սահմանամերձ շրջանները՝ գերակշռող քրդական բնակչությամբ:

Այս արկածախնդիր գործողության ավելի լայն նպատակն է արագացնել «այաթոլլաների ռեժիմի» փլուզումը՝ թուլացնելով իրավիճակը տեղերում վերահսկելու նրա առանց այն էլ նկատելիորեն նվազած հնարավորությունները, ապստամբության դրդելով այլ էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ թուրքերին (ադրբեջանցիներին), բելուջներին, լուրերին, բախտիարներին, Խուզեստանի արաբներին (Իրանի հարավ-արևմուտքում հիմնական նավթարդյունահանող շրջանը) և այլն (Իրաքյան Քուրդիստանի կոմունիստական կուսակցությունը (ԻՔԿԿ, հիմնադրված 1993 թվականին) օրերս դեմ է հանդես եկել «Էրբիլում և Թել Ավիվում Թրամփի և նրա դաշնակիցների՝ Իրանի և Իրաքի միջև պատերազմ հրահրելու փորձերին»:

ԻՔԿԿ-ի կարծիքով՝ «Վաշինգտոնն ու Թել Ավիվը ցանկանում են տապալել Իրանի ռեժիմը , մասնատել այն քրդական արյունահեղության ու սահմանի երկու կողմերում գտնվող քրդերի միջև թշնամանքի միջոցով»։ Նշվել է նաև, որ Իրաքի և Իրանի միջև համագործակցությունը «միշտ եղել է և կլինի անընդունելի արևմտյան տերությունների և Իսրայելի համար»: Իրանում և Իրաքում նախկին վարչակարգերի դեմ դիվերսիոն գործողությունները « անմիջապես սկսվել են» Ալժիրում (1975թ.) իրանա-իրաքյան բարեկամության և սահմանի մասին պայմանագրերի ստորագրումից հետո, հիշեցնում են քուրդ կոմունիստները)։

Մարտի 3-ին ամերիկյան և իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հաջ Օմրանի դիմաց գտնվող Պիրանշահր քաղաքին և Սուլեյմանիայի դիմաց գտնվող Բանե քաղաքին: Մարտի 1-ից սկսած՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ռմբակոծությունների են ենթարկում Իրանի արևմտյան և առափնյա հարավային շրջանները, այդ թվում՝ ճանապարհները մաքրելու համար այսպես կոչված «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության» և նմանատիպ այլ կազմակերպությունների գրոհայիններին։  Ակնկալվում է՝ նրանք սահմանը հատելու են ՔԴԿ-ի կողմից վերահսկվող Հաջ-Օմրան շրջանով, այնուհետև դեպի հարավ՝ Սուլեյմանիայի Բաշմակ սահմանային անցակետ, որը գտնվում է Քուրդիստանի հայրենասիրական միության վերահսկողության տակ՝ Ջելալ Թալաբանիի ղեկավարությամբ:

Նախօրեին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ փորձել է նսեմացնել «քրդական գործոնի» դերը Իրանի դեմ ռազմական գործողությունների տրամաբանության մեջ՝ հայտարարելով. «մեր նպատակներից ոչ մեկը կապված չէ որևէ կոնկրետ ուժերի զինմանն աջակցելու հետ… մենք գիտենք, թե ինչ են անում այլ կազմակերպություններ, բայց մեր նպատակները կապված չեն դրա հետ»:

«Վերջին տասնամյակների ընթացքում ԿՀՎ – ն ֆինանսավորել է ապստամբներին և զինված խմբավորումներին շատ երկրներում՝ ձգտելով ապակայունացնել կառավարությունները, որոնք քննադատում են ԱՄՆ արտաքին քաղաքականությունը»,- գրում է Al Jazeera-ն: Իրաքում և Իրանում քրդական զինված խմբավորումների վրա խաղադրույքը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հատուկ ծառայությունների վաղեմի ավանդույթն է: Կախված ներկայիս աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից՝ այս կամ այն քրդական խմբակցությունները, կլանները և առանձին էթնո-ցեղային խմբերը որպես «մանրադրամ» են օգտագործվել տարածաշրջանային «խզումներում», ինչպես դա տեղի է ունեցել նույն Իրաքում 1990-ականների կեսերին և ինչպես դա տեղի է ունեցել բոլորովին վերջերս Սիրիայի հյուսիս-արևելքում։

Կարելի է չկասկածել, որ ճիշտ նույն կերպ կլինի նաև այս անգամ: «Իրանում քրդական խմբավորումները դժվար թե հույս ունենան, որ ԱՄՆ-ի կողմից ամբողջ ծավալով աջակցություն կցուցաբերվի։ Ռեժիմը փոխելու Թրամփի մոտեցումը հիմնականում հանգում է «ինքդ արա» սկզբունքին, և չնայած իրանական քրդական խմբավորումներին աջակցելը կարող է նպաստել նպատակին, ԱՄՆ-ը հետևանքների համար ոչ մի պատասխանատվություն չի կրի.նրանք կարող են պարզապես հեռանալ և թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա», – ասում է դիտորդներից մեկը:

ԱՄՆ-ն լիովին ցուցադրել է դաշինքներից դուրս գալու ունակությունը, որոնք անհարմար են Վաշինգտոնի այնպիսի կարևոր տարածաշրջանային գործընկերների համար, ինչպիսին, օրինակ, Թուրքիան է։

Իրանում «քրդական գործոնի» ակտիվացումն անխուսափելիորեն կհանգեցնի էթնոքաղաքական լարվածության աճին, ընդհուպ մինչև հողի և ջրի դիմաց ուղիղ բախումներ Իրանի հյուսիսարևմտյան թյուրքալեզու (ադրբեջանական) բնակչության հետ: (Իրանական) Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգները արագորեն չորանում են, վերջին տարիներին ջրի հասանելիությունը կորցրել են հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր բնավեր բռնել են ներքին միգրացիայի ճանապարհը: Արտաքին զինված միջամտությունը կարող է կարճ ժամանակում բորբոքել մխացող հակամարտությունը, որից անմասն չեն մնա ոչ Թուրքիան, ոչ նրա դաշնակից Ադրբեջանը, որոնք պատեհ առիթ են ստանում տարածաշրջան մուտք գործելու՝ խաղաղ բնակչության պաշտպանության և ահաբեկիչների դեմ պայքարի «մարդասիրական առաքելությունների» բարենպաստ պատրվակով:

Այսպիսով, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված ագրեսիան հղի է, առանց բացառության, սահմանակից բոլոր պետությունների աղետալի հետևանքներով՝ տարածաշրջանային սահմանների վերաձևման հեռանկարով: Առայժմ Աստարայի (Ադրբեջան) և Մեղրիի (Հայաստան) անցակետերով Իրանի շատ քաղաքացիներ չեն անցնում, և իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկվում է:

Սակայն Իրանում վարչակարգի փոփոխության և, առավել ևս, այդ երկրում քաղաքացիական պատերազմի բռնկման և ինքնավարության տրամադրությունների աճի դեպքում իրադարձությունները կարող են անվերահսկելի շրջանառություն ձեռք բերել, ինչը նշանակում է երկարաժամկետ ռիսկեր ինչպես Կովկասի պետությունների, այնպես էլ Ռուսաստանի ռազմաքաղաքական անվտանգության համար։

Անդրազգային կորպորացիաների կողմից Իրանի հսկայական նավթագազային ռեսուրսների գրավումը Ամերիկային կառաջադրի համաշխարհային նավթային շուկայի առաջին դերերի համար, ինչպես դա եղել է մինչև 1960-ականների առաջին կեսը ներառյալ։ Իսկ արտատարածքային «Թրամփի ճանապարհի» նախագծի իրագործումը Իրանին արտաքին քաղաքական սուբյեկտիվությունից զրկելուն զուգահեռ՝ ի շահ ԱՄՆ-ի, կձևավորի ռազմաքաղաքական ներկայության և տնտեսական նեոգաղութատիրության բավական ընդարձակ հենակետ Թրամփի վարչակազմի «հորիզոնից» այն կողմ։

Հ.Գ. Իրաքի քրդական ուժերը մարտի 2-ին սկսել են դիրքեր գրավել Իրանի տարածքում, հայտնում է i24NEWS-ը՝ հղում անելով ԻՔՔՈՒԿ ներկայացուցչին: Այլ աղբյուրներում այս տեղեկատվության հաստատում չկա, սակայն շատ բան է հուշում, որ Իրանի դեմ գործողությունների պլանավորողները, որոնց ֆրոնտմենն է հանդես գալիս Դոնալդ Թրամփը, կանգ չեն առնի։ Քրդերի հետ միաժամանակ կարող են հանդես գալ այսպես կոչված «Իրանի ժողովրդի մոջահեդները», որոնք օպերատիվորեն փետրվարի 28-ին հայտարարել են «վտարանդի կառավարության» ստեղծման մասին, ինչպես նաև բելուջ գրոհայինները Պակիստանի հետ սահմանակից շրջաններում: Մարտի 5-ի ցերեկը իրանական աղբյուրները հաստատել են երկրի արևմուտքում Իսրայելի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալների սահմանը ճեղքելու փորձի կանխումը:

ԴՄԻՏՐԻ ՆԵՖՅՈԴՈՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս