«Լուրջ չէ․ այս թեժ և վտանգավոր իրավիճակում Փաշինյանը զբաղված է բլոտ խաղալով, պերաշկի ուտելով»․ Հարութ Սասունյան

«Ամերիկյան ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է այս պատերազմին, մանավանդ, որ նախագահ Թրամփը երբ թեկնածու էր, խոսում էր խաղաղությունից, ասում էր, որ ինքը խաղաղության նախագահ է։ Բայց մենք տեսանք, որ նախորդ տարվա հունիսին Իրանի վրա հարձակվեց, այս տարվա սկիզբ՝ Վենեսուելայի, այս օրերին՝ նորից Իրանի վրա։ Սա շատ բացասական հետևանքներ է ունենալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

Նրա կարծիքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման արդյունքում սկսված տարածաշրջանային պատերազմը լուրջ հետևանքներ է ունենալու տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար․

«Եթե այս պատերազմը շարունակվի և որքան ավելի թեժանա, այն կարող է ազդել Իրանի հարևան երկրների վրա։ Թուրքիայում արդեն ռումբ ընկել է, և կարող են ռումբեր ընկնել նաև Ադրբեջանի և Հայաստանի վրա։ Իսկ ավելի վտանգավորն այն է, որ ամերիկյան կառավարությունն սկսեց զինել Իրանի և Իրաքի քրդերին, որպեսզի ներքին խլրտումներ ստեղծեն։

Կարդացեք նաև

Այստեղ շատ մեծ վտանգ կա Հայաստանի համար, որովհետև ամերիկացիները երկիրը բաժան-բաժան են ուզում անել, իսկ Իրանում կան բազմաթիվ փոքրամասնություններ, որոնք թվով այդքան էլ փոքր չեն։ Հիմա, երբ քրդերի մասին ԱՄՆ-ը մտածում է, ես վախենում եմ, որ ամերիկյան կառավարությունը մտածի Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիների մասին, որոնք Իրանի քաղաքացիներ են։ Իրանի հյուսիսի ծայրահեղական խմբավորումներին ԱՄՆ-ը կարող է օգտագործել, զինել և այդտեղ էլ խլրտում սկսվի։ Եթե այսպես շարունակվի, պետք է մասնատեն Իրանը, որը կդառնա տարբեր փոքրամասնությունների աշխարհագրական շրջաններ։ Եթե դա տեղի ունենա, Հայաստանի համար շատ վատ է լինելու»։

Ըստ նրա՝ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը շատ անպատասխանատու է վարվում․

«Այս թեժ իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն իրար է անցել, Փաշինյանը զբաղված է նարդի խաղալով, բլոտ խաղալով, պերաշկի ուտելով և շրջաններ այցելելով։ Սա լուրջ չէ, և վախենամ, որ վերջին տարիներին, որ անընդհատ ասում են՝ կերեք-խմեք, ոչ մի բանի մասին մի մտածեք, ինքն էլ շարունակում է այդ նույն ուղղությամբ, ժողովրդին էլ փորձում է ուղեղի լվացում անել։

Երեկ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանն անվտանգ է, որևէ հարց չկա, բայց շատ վտանգավոր է, մանավանդ, եթե լուրջ պատրաստվածություն չունենաս, հետևանքները շատ ավելի վատն են լինելու Հայաստանի համար»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս