ԱՄՆ-ը Մադուրոյին առևանգելիս օգտագործել է ԱԲ Anthropic Claude գործիքը. WSJ
Ամերիկացի զինվորականները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առեւանգելու գործողության ընթացքում օգտագործել են արհեստական բանականության Anthropic Claude գործիքը, գրել է The Wall Street Journal-ը։
Անցյալ ամիս ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը բռնել են Մադուրոյին եւ նրա կնոջը, որոնք տարվել են ԱՄՆ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության լուրջ մեղադրանքներով։
Claude-ը գործադրվել է եւ Palantir Technologies տեղեկատվական ընկերության հետ Anthropic-ի գործընկերության շնորհիվ, որի գործիքները լայնորեն օգտագործվում են պաշտպանության նախարարության եւ դաշնային իրավապահ մարմինների կողմից, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրներին։
Anthropic-ի օգտագործման պայմաններն արգելում են Claude-ի օգտագործումը բռնության, զենքի մշակման կամ լրտեսման համար։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Anthropic-ը ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից գաղտնի գործողություններում օգտագործվող արհեստական բանականության մոդելի առաջին մշակողն է: Anthropic-ը մտահոգություններ է հայտնել այն մասին, թե ինչպես կարող է Պենտագոնը օգտագործել Claude-ը, ինչը Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին դրդել է քննարկել անցյալ ամռանը կնքված մինչեւ 200 միլիոն դոլարի պայմանագրի խզման հարցը, հաղորդել է թերթը։
Պարբերականը նշել է, որ արհեստական բանականության գործիքները կարող են օգտագործվել ամեն ինչի համար՝ սկսած փաստաթղթերի ամփոփագրերի կազմումից մինչեւ ինքնավար անօդաչու թռչող սարքերի կառավարումը։
Թրամփի վարչակազմն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում արհեստական բանականության զարգացմանը, դեկտեմբերին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել էր, որ «ամերիկյան պատերազմի ապագան արդեն այստեղ է, եւ այն կոչվում է ԱԲ»։



