Հունիսի 7-ին՝ դեպի կառափնարան. «Հայկական ժամանակը» հաղթեց հայկական ժամանակին

Կյանքի վերաբերյալ զգայական մոտեցումն ասում է՝ ամեն ինչի շատը լավ է: Կյանքի մասին բանական դատողությունը ցուցանում է՝ ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Առանձին սահմանումներ համբերության մասին, կյանքի մասին, ո՛չ զգայական, ո՛չ բանական հայեցակարգերը չունեն: Բայց ժողովուրդն ասույթ ունի համբերության բաժակի լցման մասին, որը, սակայն, չի ասում՝ ինչ է լինում այդ բաժակի լցնումից հետո: Մեկ այլ պապենական առած ասում է՝ «Համբերի, որ համ բերի»: Մենք հիմա ազգովի համբերում ենք՝ հասկանալով, կամ ոչ, որ այդ համն արդեն իսկ բերում է ադրբեջանաթուրքական համ:

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ առաջիկա ընտրությունն աշխարհին «Զատուլինի աչքերով նայելու» կամ ինքնիշխան հայացքով նայելու մասին է: Նա չի ասում, բայց անում է իրենից կախված ամենայնը՝ աշխարհին, կյանքին հատկապես Ալիևի աչքերով նայելու համար: Ինքն արդեն իսկ սեփական հայացքն ու միտքը փոխպատվաստել է ադրբեջանաթուրքական  հիբրիդային ոսպնյակով ու նույնն անում է համահայկական հայացքի պարագային:

Ու մենք համբերում ենք:
Բայց մենք համբերում ենք:
Այսքանից հետո մենք համբերում ենք:
Համբերում ենք, որ հաստատվի խաղաղություն մեր ստամոքսային երջանկության ու հոգևոր գերեզմանաքարի միջև:

Հայաստանում պայքարը կռիվ է կուշտ կերակրապնակի ու անդատարկ հոգու միջև: Բայց դա պարտված պատերազմ է, որովհետև ստամոքսի առաձգականությունը ճարպակալեցրել է հոգևորն այնպես, որ դրա դատարկությունն այլևս չի զգացվում:

Կարդացեք նաև

Հիմա մեզ տանում են ընտրության՝ այնպես, ինչպես կառափնարան տարվող զոհին են ընտրություն դեմ տալիս՝ դահճի մեթոդների ընտրության հարցում՝ կախաղանի ու գիլյոտինի միջև:  Մենք ոչ միայն համբերում ենք, այլ համբերում ենք երջանկորեն՝ ամերիկյան արտադրության կախաղանի պարանի ու ռուսական ձուլվածքի շեղբի միջև ընտրության հնարավորությունից կուրացած: Չհասկանալով, որ բնաջնջման մեթոդի հարցում ընտրությունը ոչ թե ընտրություն է, այլ վերջին բարոյական խայծը՝ սեփական մահվան ճանապարհի որոշման հարցում:

Հոգևոր մահվան ու ֆիզիկական գոյության միջև ընտրությունն է լինելու հունիսի 7-ին տեղամասում քվեարկվելիքը: Ընտրություն՝ Ադրբեջանից տարբեր որևէ հայացքով, կամ շատ որոշակի Ալիևի աչքերով կյանքին նայելու ու կյանքն ադրբեջանաբար շարունակելու միջև:

Քաղաքականությունն ու ընտրատեղամասն այն վերջին ծուղակն է, դեպի ուր հայ մարդուն ուղղում են՝ ազգային պետությունը խոտաբույսի գոյությամբ փոխարինելու գործողությունից առաջ:

Ու չի լսվում ընտրատեղամասի փոխարեն համազգային խոստովանախուց գնալու մասին կոչը, որը կարող էր ու պետք է լսվեր ոչ թե քաղաքական դաշտից, այլ մտավորական որևէ լռությունից:

Մեզ քվեատուփ են մղում՝ պատասխանելու հարցին՝ այդուհանդերձ մենք կա՞նք՝ որպես ազգ, որպես հայ մարդիկ, թե՞ պատրաստ ենք կամովին բնաջնջման՝ պայմանով, որ  հոգևոր վերացումից հետո մեզ թույլատրվելու է վայելել ֆիզիկական գոյությունը՝ իրավունք չունենալով մտածել՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ԷԻՆՔ գնում հարցերի շուրջ:

Հիմա վերացվում է հայկականության գոյության պատճառը: Համաշխարհային խայծերի և հայկական համբերության ներդաշնակության պայմաններում:
Հայկական տարածությունը կորցնելուց հետո մենք կանգնած ենք նաև հայկական ժամանակը կորցնելու ամենաիրական սպառնալիքի առաջ: Եվ դրան պատասխանում ենք անասնական համբերությամբ: Առանց տարածության ու մոտ ապագայում՝ նաև առանց ժամանակի:

Առանց հայկական ժամանակի, որին հաղթեց չակերտավոր «Հայկական ժամանակը»:

Հարություն Ավետիսյան    

Տեսանյութեր

Լրահոս