Փաշինյանի արածը պետության լուծարման ծրագրված քաղաքականություն է․ Նաիրի Սարգսյան

Պետական բյուջեի վատնում, կաշառակերության և կոռուպցիայի դասական օրինակ. սա է պարգևավճարների բնութագիրը։ Չաշխատող պաշտոնյային վարձատրելը որևէ կերպ և երբևէ չի կարող արդյունք ապահովել, հետևաբար՝ սա պետական միջոցների փոշիացում է։ Զուգահեռ պայման է թելադրվում՝ ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու համար 1․5 միլիոն դրամի վճարում։ Պետբյուջեից երեք միլիոն փոխանցում են պատգամավորին, 7 միլիոն՝ նախարարին, այնուհետև 1․5 միլիոնը հետ են տանում ՔՊ-ի բյուջե։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Վերջին հինգ տարում Նիկոլ Փաշինյանն ամբողջ պետական բյուջեն ծառայեցրել է իր վերարտադրությունն ապահովելու համար։ Գույքահարկը մի քանի անգամ բարձրացրել են, շատ դեպքերում՝ զրոյական հարկադրույքից բերել-հասցրել են մի քանի հարյուր հազար հարկադրույքների։ Փոքր և միջին բիզնեսի հարկերը կրկնակի ավելացրել են, ֆիզիկական անձանց ամբողջական, այդ թվում՝ չհարկվող եկամուտները փորձել են հարկման տակ գցել։ Խոշոր բիզնեսին շարունակաբար հարկային տեռորի են ենթարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, կեղծ ձերբակալություններով, քննչական գործողություններով, և այլն։ Եթե, Աստված մի արասցե՝ վերարտադրվեց, շարունակելու է ծրագիրը»,- ասաց Սարգսյանը:

«Փաշինյանը մի կողմից՝ կեղեքում է մարդուն՝ չառաջացած հարկը պետական բյուջե տանելով, մյուս կողմից՝ այդ նույն բյուջեն ծախսում է անարդյունավետորեն։ Օրինակ, ապահովագրական համակարգի ներդրումը բացահայտ ընտրակաշառք է։ Սրանք հազիվ վեց ամսվա բավարարող բյուջետային միջոցներ են, որոնք ընտրություններից հետո այլևս չեն կարող ծառայել հանրության առողջությանը։ Այս մարդն ասում է՝ «ձևը գտե՛ք, խանութը փակե՛ք», սա ուղերձ է բարիք ստեղծող ամբողջ գործարար հատվածին։ Ձևը գտեք՝ եկեղեցին փակեք, Վեհափառին հեռացրեք, դատարանները շրջափակեք, և այլն»,- նշեց հանրային գործիչը:

Սարգսյանի պնդմամբ՝ մենք չունենք անկախ արդարադատության համակարգ, և այս անձի բռնապետական հակումները վաղուց են ի հայտ եկել. «Փաշինյանը տարրական գիտելիք չունի աշխարհի շարժման ուղղության վերաբերյալ։ Իսկ աշխարհում այլևս գոյություն չունի իրավունքի ուժ, դա դարձել է ուժի իրավունք, տրանսֆորմացվել է, և վերջերս արդեն շատ երկրների, այդ թվում՝ գերտերությունների նախագահներ, ուղիղ տեքստով ընդունում են դա։ Իսկ այս մարդը դեռևս խոսում է միջազգային իրավունքից՝ մի բան, որն այս տեսքով այլևս գոյություն ունենալ չի կարող, պետք է նոր սահմաններ և ազդեցության նոր գոտիներ գծվեն։ Այսինքն, նա չի պատկերացնում՝ ինչ է կատարվում աշխարհում, ինչպես են կառավարում իրականացնում»:

«Փաշինյանը յուրահատուկ մեծամտություն ունի, նա չի ցանկանում որևէ ոլորտում տիրապետող մասնագետի նշանակել և չխանգարել նրա գործին։ Ինքը չունի գիտելիքներ և հմտություններ, մի բան էլ ոլորտին տիրապետող անձանց կառավարման համակարգից հեռու է պահում։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ պետության լուծարման դասական և ծրագրված քաղաքականություն»,- ասաց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս