Ինչո՞ւ է Ռուսաստանն ընդունել Հայաստանի խնդրանքը

Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկու երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապվում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայկական կողմի դիմումի հիման վրա և ելնելով հայ ժողովրդի նկատմամբ եղբայրական ու բարեկամական զգացումներից՝ Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել սկսել առարկայական բանակցություններ Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիներին՝ Երասխ գյուղի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիներին՝ Ախուրյան բնակավայրի շրջանում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը նշել է, որ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես 1,6 կմ և 12,4 կմ։ Բանակցությունների ընթացքում կսահմանվեն տվյալ ծրագրի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ պայմանները։

«Մենք բարձր ենք գնահատում, որ հայկական կողմը վստահություն ցուցաբերեց ռուսական փորձի, կարողությունների և տեխնոլոգիաների նկատմամբ՝ դիմելով Ռուսաստանին»,- ընդգծել է Օվերչուկը։

Կարդացեք նաև

Դեռևս դեկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Նա այդ մասին հայտնել էր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես խնդրել եմ ՌԴ մեր գործընկերներին շտապ կարգով զբաղվել երկաթուղու՝ Երասխից դեպի Նախիջևան և Ախուրիկի հատվածի (մինչև Թուրքիա) ամբողջական վերականգնմամբ։ Կարծում եմ՝ շուտով նույն հարցը կբարձրացնեմ նաև Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը ևս հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Հույս ունեմ, որ ռուսաստանցի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն»,- ասել էր Փաշինյանը։

Ինչ վերաբերում է TRIPP-ին Ռուսաստանին հնարավոր մասնակցությանը, Փաշինյանը նշել էր՝ դա Հայաստան-ԱՄՆ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։ Ռուսաստանը ՌԴ ԱԳՆ մակարդակով շարունակում է հայտարարել, որ պատրաստ է սկսել ուսումնասիրություն ԹՐԻՓՓ-ին միանալու հարցով:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «Известия»-ի հետ զրույցում անդրադարձել էր TRIPP նախագծին։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ TRIPP նախագծում իր մասնակցության պարամետրերը։

Նա նաև նշել էր, թե ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարողանա շատ գործընթացներ կազմակերպել: Սակայն այստեղ մի փոքր անհասկանալի է, թե ինչ նկատի ունի ռուս դիվանագետը, եթե խոսք է գնում նաև նոր ուղղության մասին, որոնց նկատմամբ ՌԴ-ն վերահսկողություն չունի:

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ մասնակցությունը Հարավային Կովկասում ձևավորվելիք նոր իրողություններին՝ Ռուսաստանի համար կարևոր է: Ըստ նրա, դա է պատճառը, որ Մոսկվան ցանկություն է հայտնում միանալ ԹՐԻՓՓ նախագծին, որն այս պահի դրությամբ դառնում է, ըստ էության, առանցքային ենթակառուցվածքային պրոյեկտ:

«Սակայն մինչ ԹՐԻՓՓ-ի ձևավորումը՝ Ռուսաստանը նաև հավելյալ ուղղություններով փորձում է ակտիվություն ցուցաբերել, ինչպես Ադրբեջանի տարածքով մատակարարումն է, իսկ ներկայումս արդեն երկաթուղային որոշ ուղղությունների վերականգնումն է: Հայաստանի կողմից նման դիմումը, կարծում եմ, պատահական չէ, որով ՀՀ իշխանությունը փորձում է ցույց տալ,որ Ռուսաստանը ևս ինչ-որ հարցերում ներգրավված է:

Սակայն Ռուսաստանում հասկանում են, որ սա, իհարկե, գլխավոր ուղղությունը չէ, բայց հայկական կողմն այդ դիմումով փորձում է մի քանի հարց լուծել: Եթե ռուսական կողմն արձագանքում է այդ խնդրանքին, ապա, թերևս, հետաքրքրված է դրանով: Սակայն կարծում եմ՝ Ռուսաստանը կցանկանա ավելի գլոբալ նշանակության պրոյեկտներին մասնակցություն ունենալ»,- նշեց Եվսեևը:

Ըստ նրա, սա տեղավորվում է Երևանի այնպիսի քաղաքականության շրջանակում, երբ քաղաքականությունն ունի արևմտյան կողմնորոշում, սակայն կա որոշակի երկխոսություն նաև Ռուսաստանի հետ:

«Ի վերջո, Հայաստանը պահպանում է ԵԱՏՄ անդամակցությունը, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն կարևոր է Երևանի համար, ուստի որոշակի կապեր Ռուսաստանի հետ նաև պետք է պահպանի»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս