Կա՞ բացատրելու կարիք, որ իրականում թիրախում Հայ Առաքելական եկեղեցի համաշխարհային երեւույթն է. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը ցավոք սրտի որեւէ կերպ զարմանալի չէ: Չգիտեմ, կա՞ արդյոք որեւէ մեկի համար կրկնելու կամ բացատրելու կարիք, որ այն, ինչ տեղի է ունենում մեր եկեղեցու դեմ, ամենեւին լոկ ներքին քաղաքական չէ, այն աշխարհաքաղաքական է:
Ես ձեզ մատնանշել եմ, որ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնմուխ եղավ իրավապահ լծակների քաղաքական կիրառման կոշտ քայլերի նոր ալլիքի, որի «գագաթը» փաստորեն Կաթողիկոսի դեմ քրգործն է:
Կա՞ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թվում է, թե Գարեգին Երկրորդն է: Իրականում թիրախում Հայ Առաքելական եկեղեցի համաշխարհային երեւույթն է ու դրա սեղմումը «իրական Հայաստանի» 29 743 քառ. կմ շրջանակ: Նաեւ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը:
Մյուս կողմից, նա փորձում է ստեղծել տպավորություն, որ այդ ժողովը Գարեգին Երկրորդի համար Հայաստանից «փախչելու» առիթ էր՝ եկեղեցու գանձարանի հետ մեկտեղ: Պարզ է չէ՞, որ դա նախատեսված է լոկ քարոզչական պարզունակ ուղեղների համար: Բայց Փաշինյանի համար դա էլ կարեւոր է:
Այդ պրոցեսը կարող է կասեցվել մի տարբերակով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից: Դա կլինի ինչ որ հրապարակային շարժմամբ, թե ընտրական պրոցեսով, սա ընդդիմադիր ուժերի քննարկելիք կամ որոշելիք հարցն է, բայց եկեղեցու դեմ պրոցեսը «երաշխավորված» է Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ, որովհետեւ այդ իշխանությունը «երաշխավորված» է եկեղեցու դեմ պրոցեսով, այդ թվում արտաքին ընկալվածության առումով»:



