Իմ վրդովմունքն եմ արտահայտում ազգիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման լուրը կարդալով. Արմեն Հարեյան

«Որպես Քրիստոնյա՝ իմ վրդովմունքն եմ արտահայտում ազգիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման լուրը կարդալով,- Ֆեյսբուքի իր էջում գրում է հանրային գործիչ Արմեն Հարեյանը՝ մանրամասնելով,- Միշտ չէ, որ այս էջում գրել եմ Ամենայն Հայոց Հայրապետի մասին։ 15 տարիների ընթացքում այս էջում գրում եմ եկեղեցու-կյանքին-մասնակցելով Քրիստոսին հետևելու մասին, ու երևի 15 անգամ Վեհափառ Հայրապետի անունը չեմ նշել։

Բայց այսօր ասում եմ՝ «Փա՛ռք քեզ Քրիստոս Աստված, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատուն կեցվածքի համար։ Երկար կյանք տուր Հայրապետին,երկար օրեր Հայոց Հոր. Քրիստոս թագավոր, լսիր մեր պաղատանքը, ներիր մեր մեղքերն ու միշտ անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Հայոց Եկեղեցին»։

Իսկ «բարենորոգիչների» մասին այսպես եմ մտածում։ Նրանց բերանից Աստուծո Խոսքը չի լսվում, նրանք մեր այս բազմաչարչար ազգին դեպի Քրիստոս դարձի ու ապաշխարության չեն կանչում։ Նրանք խոստովանությամբ անձնական օրինակ չեն լինում, այլ այնպես է թվում որ պայքարում են իրենց պաշտոնի ու դիրքի համար։ Այսպես եկեղեցի չեն բարենորոգում։ Հայրերից մեկն ասել է, որ եկեղեցին բարենորոգվում է, երբ եկեղեցականն ինքն է իր անձն ու վարքը բարենորոգում։

Ես չգիտեմ Աստված ինչու է արտոնել այս հալածանքը եկեղեցու դեմ։ Միգուցե դա մասամբ մեր մեղքերի ու Քրիստոսի-հանդեպ-անտարբերության պատճառով է, մասամբ էլ անբացատրելի մի այլ պատճառով։ Բայց սա հուսադրող է, որովեհետև ամեն անգամ Քրիստոսի եկեղեցին հալածանքից հետո դուրս է եկել ավելի ուղղափառ ու ավելի պայծառ։ Առանց տառապանքի մաքրում ու լվացում չի լինում։

Եղբայրներ, հայրեր, քույրեր ու մայրեր, մենք հին ժողովուրդ ենք ու վաղուց ճանաչում ենք ճշմարիտ Աստծուն։ Եկեք չտրվենք թուլությունների, այլ օգտագործենք Քրիստոսից մեզ տրված շնորհն ու իմաստությունը, և մեր անձից ավելի բարձր կանգնենք։ Այս Մեծ Պահքի նախօրեին խոստովանությամբ ու անձնական ապաշխարությամբ լվանանք մեր անձերը և հոգով ու ճշմարտությամբ հետևենք Քրիստոսին։

Ի՞նչ օգուտ եթե ամբողջ աշխարհը շահենք, բայց մեր հոգիները կորցնենք Քրիստոսի Ահեղ Դատաստանի Օրը։

Իսկ վերջում՝ նորից եմ ասում․ «Փա՛ռք քեզ Քրիստոս Աստված, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատուն կեցվածքի համար։ Երկար կյանք տուր Հայրապետին,երկար օրեր Հայոց Հոր. Քրիստոս թագավոր, լսիր մեր պաղատանքը, ներիր մեր մեղքերն ու միշտ անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Հայոց Եկեղեցին»։

Միացեք «Աստվածաշունչն Ամեն Օր»  Տելեգրամ ալիքին՝ հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչը կարդալու և Աստծո Խոսքը սովորելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս