ԳԱՆՁԱԳՈՂԸ Ի՛ՆՔՆ Է. ՎԵՀԱՓԱՌԸ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՊԵՍ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է. ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ, ԱՐԴԱՐԻ ՁԱՅՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ. ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ղևոնդյանց քահանաներն այն անձինք ենք, ովքեր Պարսկաստանից եկող, առերես ուրացած Վարդան Մամիկոնյանի ու պարսից մոգերի դեմ ապստամբության դրոշ բարձրացրեցին: 
  • Այսօր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրստոսի ընծայման օրն է տաճարին, և Սեմեոն ծերունին գրկեց մանուկ, 40-օրյա Հիսուսին ու ասաց իր հանրահայտ խոսքերը՝ բացահայտելով Քրիստոսի հայտնությունը: 
  • Բուն բարեկենդանի տոնը կապված է մեր նախահիշատակների և կորսված դրախտի ճանապարհը գտնելու հետ: Այս տոնը ժողովրդական մեծ վայելք է ունեցել, արտացոլված է անգամ մեր ժողովրդական հեքիաթների մեջ: Անցկացնում են երգերով, պարերով, մեծ ուրախություններով:
  • Տեառնընդառաջը մեր եկեղեցում անշարժ տոն է: Փետրվարի 13-ին նախատոնակն է, իսկ այսօր արդեն՝ պատարագը:
  • Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ արդեն տարիներ ի վեր Նոր տարվա գիշերը կատարվում է Նռնօրհնեքի ծիսակատարությունը, որը բավականին լավ ընդունելություն է գտել ժողովրդի մեջ:
  • Կախյալ մոլորություններից հրաժարվելը նույնպես Պահք է: Պահք պահելը հավատացյալ քրիստոնյայի համար պարտադիր է: Հակացուցված է առողջական խնդիրներ ունեցողներին:

Կարդացեք նաև

  • «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժմամբ սկիզբ դրվեց եկեղեցու պառակտմանը, ինչը հիմա շարունակվում է և գործի դնելով ողջ պետական ապարատը՝ հարձակվել են այն եզակի կառույցի վրա, որը հազարամյակներ կռնակ է դարձել հայոց պետականությանը, ուղեկցել մեր ժողովրդին: Եկեղեցին պետության թշնամին չէ, թիկունքն է: Բայց այսօր ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոններով ձևավորվող մտածելակերպի շրջանակում եկեղեցին խանգարում է իրենց: Դրա համար ուզում են քանդել այն: Կամ ուզում են գործի դնել մի մոդել, որի պարագայում եթե Վարչապետին դուր չի գալիս կաթողիկոսը, կարողանան փոխել, մարզպետին դուր չի գալիս թեմակալ առաջնորդը, փոխի, գյուղապետին՝ թեմական քահանան, նա էլ նրան փոխի: Եկեղեցին ուզում են սարքել նախարարության վարչություն: 
  • 1920-ական թթ. հակաեկեղեցական շարժումն իր քարոզչությամբ, արտահայտչամիջոցներով ու հալածանքների ձևերով մեկին մեկ համապատասխանում է այսօրվան: Նույն հետապնդումներն են: Այն ժամանակ էլ էին ասում՝ Մայր Աթոռի մասին այնպիսի կեղծ տեղեկություններ տարածեք, որ ժողովուրդը հավատա: Գևորգ 5-րդ կաթողիկոսի պես անձնավորության մասին ինչ ասես, ասացին: Նույնն այսօր է: Նույնն է նաև Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի ու ներկայիս Վեհափառի հետ համեմատությունը: Խորեն Մուրադբեկյանի եղբայրներին էլ ձերբակալեցին:
  • Հունվարի 31-ին Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրն էր: Առավոտյան՝ 8:50 զանգ ստացա, որ ինձ հրավիրում են Քննչական կոմիտե: Խնդրեցի հետաձգել, որովհետև պատարագիչը ես էի, չհամաձայնեցին: Եկա, Քննչական կոմիտեում բացառիկ հարգալից վերաբերմունք ենք տեսել մեր նկատմամբ: Մեծ ակնածանք կար: Մեզ հրավիրելու նպատակը Եպիսկոպոսաց ժողովը խափանելն էր. արգելք դրվեց երկրից մեր ելքի վրա: Եպիսկոպոսաց ժողովը այս կամ այն դեպքում, սակայն, կայանալու է:
  • Իրենց բոլոր գործողությունների նպատակը Վեհափառին վնասելն է: Այլապես ինչպե՞ս կբացատրեք, որ Արմեն Չարչյանի վերաբերյալ վարույթը հարուցվի հոկտեմբերին, բայց քննչական գործողություն անեն հիմա: Կամ գիտեին, որ Արմեն Չարչյանն այդ ժամին վիրահատություն ունի: Երբ օրենքի հետ գթասրտություն չկա, այն վերածվում է դահճի: Օրենքը երկսայրի չպետք է լինի:
  • Եպիսկոպոսաց ժողովից, չգիտեմ՝ ինչու, բայց սարսափած են: Ամեն կերպ փորձում են խոչընդոտել: Ո՛չ տեղանքի հետ կապված խնդիր կա, որ վայնասուն էին բարձրացրել կեղծ կանոնագետները, ո՛չ Վեհափառ Հայրապետի մասնակցության: Պետք լինի, այստեղից էլ կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին: Այդ ժողովը եղել է Երուսաղեմում, Կահիրեում, Ռուսաստանում, Արցախում, այլուր, և ոչ մի կանոն չկա, որ Եպիսկոպոսաց ժողովը պետք է պարտադիր տեղի ունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
  • Այդ մարդու (Ն.Փ.- Ս.Ս.) բոլոր հայտարարությունները ոչ թե տգիտության արդյունք են, այլ գիտակցված արարքներ: Դու ո՞ր մի կանոնական պատարագին ես գնացել, նորմալ քարոզ լսե՞լ ես: Գնացել ես կարգալույծների միջոցառումներին, նորմալ քարոզ չես լսել: Թող մի քարոզ ցույց տա, որ ծայրահեղական խոսույթ ունի: Կամ Արևելքի երկրներում ապրող մեր հայրենակիցների վիճակը պատկերացնո՞ւմ է, որ մեր եկեղեցու քարոզները համեմատում է ծայրահեղական իսլամի հետ: Այդ մարդը վաղուց է հատել բարոյականության բոլոր սահմանները:
  • Ո՞վ է մանկապիղծ եպիսկոպոսը. եթե կա նման մարդ, թող դատեն, եթե չէ, ասողը զրպարտիչ է: Եվ ես այդ մասին ասել եմ: Թող մանկապիղծներին փնտրի իր շրջապատի, ընտանիքի մտերիմների մեջ, ոչ թե հոգևորականների:

  • Եկեղեցին այդ հարվածները խոնարհությամբ տանում է, բայց թող իրենք վախենան Աստծո արդար դատաստանից: Աստված կպատժի այդ մարդկանց, և լիահույս ենք, որ Հայաստան աշխարհն այս վիճակին հասցնողներն արդար դատաստանի կարժանանան:
  • Ինքը ցանկանում է Հայ Առաքելական եկեղեցին վերափոխել Անգլիկան եկեղեցու մոդելի, իրեն էլ նշանակել պետ, որ ինքը կարողանա նշանակել Եկեղեցու ղեկավարին: Եկեղեցին չի կարող պետական կցորդ լինել: Եկեղեցին անժամանակ է ժամանակների մեջ: Ինքը չի կարող Քրիստոսին ղեկավարել: Ինչ-որ մեկն իր հիվանդ երևակայությամբ եկեղեցու կարգ է փորձում փոխել: Բարոյականության հետ խնդիր ունեցողն ուզում է բարենորոգել Հայոց հազարամյա եկեղեցին:
  • 2018թ. տնտեսական զարգացման կախարդական փայտիկի մասին էր խոսում: Տնտեսական զարգացում եղավ, բայց ոչ հայ ժողովրդի, այլ իրենց համար: Այս մարդիկ ստոպ չունեն, սրբություն չունեն, այս երկրի համար որևէ բարոյական պարտականություն չունեն: «Արարատը մեզ պետք չէ» ասողն ազգի դավաճան է: Արարատը սրբազան լեռ է անգամ հին հավատալիքների մեջ: Ամբողջ աշխարհը հավատացել է, որ այնտեղ աստվածներ են ապրում: Արարատը մեր ինքնությունն է: Եթե ծառը զրկվի իր արմատից, կչորանա: Նույնը մեզ է սպառնում, ու պատահական չէ, որ այս մարդիկ մեր ինքնությանն են կպչում՝ օրինակ՝ ասելով՝ Հայաստանը հերոս չունի, Արցախը, Արցախյան ազատամարտի հերոսները մեզ պետք չեն: Ինչպես Սուրբ գիրքն է ասում, մենք նմանվելու ենք խոտի, եթե չարթնանանք:
  • Իրենց խանգարում է Հայոց պատմությունը, մեր՝ բնիկ լինելը, Մեսրոպ Մաշտոցը, մեր հոգևորական պատմիչները: Այս մարդիկ հոգևորականի սքեմը տեսնելիս այսահարվում են ու ուզում են գրականության, պատմության դասագրքերից հանել հոգևորական հեղինակներին, մինչև Սայաթ-Նովա: Թուրքերն էլ մինչև 18-րդ դար գրականություն չեն ունեցել, հավանաբար հենց իրենք էլ պատվիրել են:
  • Այդ մարդը (Արսեն Թորոսյանը,- Ս.Ս.) աթեիստ էլ չէ, ու նման չգոյությունների մասին խոսելիս մենք մեզ ենք վիրավորում: Կամ եկեղեցի բարենորոգող հայհոյախոսից լավ բան սպասելն ապաշնորհություն է: Ամբողջ աշխարհի քրիստոնյաները զարմացած են, որ նման մարդը կարող է լինել Հայաստանի վարչապետ:
  • Նա իր կեղտոտ գործունեությունն ուզում է քողարկել, ծխածածկույթի տակ դնել նման կեղծ թեզերով: Երբևիցե Հայոց կաթողիկոսությունը Հայաստանից դուրս չի գա, եթե կա Հայաստանի Հանրապետություն: Սա ցնդաբանություն է: Մինչև աշխարհի վերջը Հայոց կաթողիկոսությունը լինելու է Հայաստանում: Կամ ի՞նչ գանձերի մասին է խոսքը: Գանձագողն ինքն է, գանձագող է, որ հայ եկեղեցու գանձերի մի մասը նվիրեց ադրբեջանցիներին: Հիմա մենք ասում ենք՝ թույլ չենք տալու Հայաստանը դարձնել Էրմենիստան: Ինչ անում է, չի ստացվում, հիմա նոր թեմա է մեջտեղ գցել, որ նոր ատելություն գեներացվի:
  • Մեր եկեղեցիներում որևէ ձեռագիր ու թանկարժեք մատյան չի պահվում. Բոլորը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում են: Մայր Աթոռը միշտ թափանցիկ է եղել: Եթե մի փոքր թեմա ունենային այդ առումով, վաղուց Մայր Աթոռը պաշարել էին: Դարձյալ ատելություն սահմանելու համար է: Թափանցիկությունից են խոսում, մինչև հիմա չգիտենք 2020թ. պատերազմում զոհվածների անունները:
  • Մենք ի՞նչ պատասխան պիտի տանք այն երկրներին, ովքեր Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ինչ-ինչ խնդիրներ են ունեցել Թուրքիայի հետ: Արդարության կողմը կանգնելով՝ նրանք իրենց շահը մի կողմ դրեցին: Բայց Հայաստանն այսօր կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը: Սա ամենամեծ ողբերգությունն է ու ամենամեծ ամոթն ու խարանը, որ դրվեց մեր ժողովրդի ճակատին: Չգիտեմ՝ ինչպես պետք է մաքրվենք սրանից:

  • Հայ եկեղեցին երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: 2018թ. իր ծննդյան օրը նա եկավ Մայր Աթոռ: Մեկ ամիս էր անցել իր իշխանության գալուց: Մեր հոգևորականներից մեկը հարցրեց՝ որտե՞ղ է սկսվում ու ավարտվում քաղաքականությամբ զբաղվելը: Չկարողացավ պատասխանել: Ասաց՝ կրթությամբ, մշակույթով, սոցիալական հարցերով կարո՞ղ ենք զբաղվել, ասաց՝ այո: Բա ի՞նչ մնաց… Դիվանագիտությո՞ւնը… Բա որ Սփյուռք էր գնում, ինչո՞ւ էր հանդիպում եկեղեցու դահլիճներում: Այնտեղ, ուր պետությունը ոչինչ չի կարող անել, անում է եկեղեցին:
  • Ասում է՝ եկեղեցին պետություն է պետության մեջ: Կարո՞ղ է, թող գնա, մի հատ պտտվի Եհովայի վկաների շենքի կողքով, հետո ներս մտնի, հարցնի՝ ինչո՞ւ եք պետություն ստեղծել պետության մեջ: Ո՛չ պետությունդ են ընդունում, ո՛չ դրոշդ, ո՛չ պետական կարգդ: Կարո՞ղ ես կպչել, իհարկե ոչ: Կամ գնա՛, իրենց թափանցիկությունը ստուգի, կարո՞ղ ես:
  • Ես եղել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն խայտառակ նիստին, երբ ներկաներից մեկն ասաց՝ կանոնադրության մեջ փոխեք այն ձևակերպումը, որ շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, դարձրե՛ք՝ շահառուն բորդի անդամներն են, որովհետև գումարները չկան, կորչում են: 
  • Վեհափառը հաստատակամ է, ինչպես Արարատ լեռը և երբեք տեղի չի տալու այս ոչնչություններին: Եթե զիջի, ոչ միայն հայ ժողովրդի, այլև բոլոր 131 կաթողիկոսների անեծքը կլինի վրան: Մարդիկ չեն հավատում, բայց Աստված կա, ու նա կարող է երկնքից իջեցնել բազմաթիվ հրեղեն գունդեր, ինչը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին. ձախողվեց իրենց ողջ պլանը: Կաթողիկոսը միայն անձ չէ, նա շաղախված է առաքյալների հետ: Կաթողիկոսին ընտրում է Սրբագումար ժողովը, որոնց առաջնորդում է Սուրբ հոգին: Եթե Սուրբ հոգին որոշել է, որ այս մարդը պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոս, դու ոչինչ չես կարող: Աստվածաշունչն ասում է՝ բոլոր մեղքերը կներվեն, բացի Սուրբ հոգու դեմ հայհոյախոսություն անելը: Պիտի խնդրենք՝ վերանայեն իրենց:
  • 10 տիրադավների մի մասը եղբայր է եղել մեզ, մյուս մասը՝ ավագ ընկեր: Միասին Մայր Աթոռի հացն ենք կերել, միասին սովորել ենք: Սա ծանր բան է: Այս մարդիկ պիտի մտածեն՝ ինչ են անում: Անգամ եթե ավելանան, որևէ հարց չի լուծվելու: Եկեղեցին այն կառույցն է, ուր հարցերը լուծվում են բացառապես կանոնական կարգով, այլ ոչ ամբոխավարի: Եթե մինչև այսօր Եկեղեցին կա, նրանից է, որ պահպանողական է: Եկեղեցին ժողովուրդը չէ, Քրիստոսն է: Չի կարող Քրիստոսը պատկանել ժողովրդին, հակառակը կարող է լինել: Չի կարելի սրբապղծություն անել ու իրենց բոլոր հանցագործություններին մասնակից դարձնել ժողովրդին:
  • Ես շատ զարմանում եմ իր խորհրդատուների վրա, որ թույլ են տալիս այնպիսի բառեր ու արտահայտություններ կիրառել, որոնք տեղավորվում են Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ: Լավ, այդ մարդիկ չե՞ն ասում՝ էս ի՞նչ ես ասում:

  • Նայեք Ուկրաինային. Ռուսաստանը չպարտվեց, ՆԱՏՕ-ն չպարտվեց, Ռուսաստանը տարածքներ շահեց, Ամերիկան՝ միլիարդներ, բայց Եվրոպայի այդ մարգարիտը՝ Ուկրաինան, չկա:
  • Այսօր մեր բոլոր եկեղեցիները լեփ-լեցուն են, էլ չասած՝ հաղորդություն ստացողների թիվը: Մարդկանց մոտ մեծ արթնացում կա: Չեն վախենում, պարզ, առանց կաշկանդվելու իրենց մտքերն արտահայտում են: Ժողովրդի գերակշիռ մասը հասկանում է՝ ինչ է կատարվում:
  • Մեր քաղաքական գործիչները պետք է մտնեն գյուղեր, իրականությունը բացատրեն մարդկանց, թե ինչ աղետի առաջ ենք կանգնած մենք:
  • Մինչև 2018թ. բոլոր պաշտոնական պատվիրակություններն այցելում էին Մայր Աթոռ, հիմա դա վերացել է:
  • Ամեն ինչ լավ է լինելու, Աստծո օրհնությամբ ու միջամտությամբ մեր երազած Հայաստանն ենք ունենալու: Այսքան արդարի ձայնը հասնում է Աստծուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս