Արմավիրի մարզում առևանգել են դպրոցից տուն վերադարձող 15-ամյա աղջկան
Արմավիրի մարզի Արևիկ գյուղումփետրվարի 11-ին առևանգել են դպրոցից տուն վերադարձող 15-ամյա աղջկան։ Աղջկա հարազատներից մեկը կապ է հաստատել Shamshyan.com-ի հետ ու մանրամասնել, որ որ մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել աղջկա գտնվելու տեղը։
Հարազատի խոսքով, անչափահաս աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս ենթադրաբար առևանգվել է և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ըստ ընտանիքի անդամների՝ ծնողները որևէ հստակ տեղեկություն չունեն աղջկա գտնվելու վայրի կամ առևանգման նպատակի վերաբերյալ և արդեն մի քանի օր շարունակ անհանգիստ վիճակում են։
«Ծնողները դիմել են ոստիկանություն, և իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ գործը գտնվում է ընթացքի մեջ։ Ծնողները որևէ պարագայում չեն ցանկանում բանակցել կամ որևէ համաձայնության գալ առևանգողի հետ։ Նրանց միակ ցանկությունն է հնարավորինս արագ գտնել իրենց դստերը և ապահով վերադարձնել տուն»,– փոխանցել է աղջկա հարազատը։
Վերջինիս խոսքով՝ ընտանիքը տեղեկություններ ունի, որ աղջկան հնարավոր է առևանգել է Օշական գյուղի բնակիչը, սակայն աղջկա գտնվելու հստակ վայրը հայտնի չէ։
Աղջկա հարազատները հույս են հայտնում, որ ՀՀ իրավապահ մարմինները, մասնավորապես ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժինը, կուժեղացնեն որոնողական աշխատանքները և հնարավորինս կարճ ժամանակում կհայտնաբերեն անչափահասի գտնվելու վայրը՝ ապահովելով նրա անվտանգ վերադարձը ընտանիք։
Դեպքի առթիվ ընտանիքը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների հետ և սպասում է գործի արագ բացահայտմանը։



