
Երևան-Մոսկվա-Թեհրան համագործակցությունը կարող էր փոխել ռեգիոնալ խաղի կանոնները. վերլուծաբան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով ժամանեց Հայաստան: Անցակետում նրան դիմավորել է Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
Իսկ կեսօրին նրան ընդունել են արտգործնախարարությունում, սակայն պաշտոնական հաղորդագրություն հանդիպման ու բանակցությունների արդյունքների վերաբերյալ չկա:
Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ, բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգը:
Ուշագրավն այն է, որ Քըլըչը հայաստանյան այցին ընդառաջ՝ պաշտոնական բանակցությունների նպատակով մեկնել էր Իգդիր և հանդիպել նահանգապետ Էրջան Թուրանի հետ։
Թուրքական «Անադոլուի» փոխանցմամբ` Քըլըչը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ռուբեն Ռուբինյանի հետ որոշակի քննարկումներ են ընթանում, նա նաև ասել էր, թե կվերանայեն ուսումնասիրությունները և կհաստատեն նախկինում կատարվածները։
«Մենք կքննարկենք, թե ինչ կարելի է անել ապագայում երկու երկրների, մասնավորապես` այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար»,- ասել էր Քըլըչը:
Թուրք դեսպանը խոսել էր նաև հաղորդակցությունների բացման մասին՝ «Թրամփի ուղի»-ն անվանելով «Զանգեզուրի գիծ»:
Նրա որակմամբ, այն կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական պետությունների միջև կապն ապահովելու համար։ «Մեր ամենամեծ ցանկությունն է՝ կարճաժամկետ հեռանկարում բացել այս գիծը՝ մեր նախագահի հանձնարարականներին համապատասխան, և նպաստել երկու երկրների, նաև՝ Իգդիրի և Կարսի տնտեսությունների զարգացմանը»,- նշել է Քըլըչը։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նաև ասել է, թե հայկական կողմը նույնպես դրական վերաբերմունք ունի այս հարցերի նկատմամբ:
«Մինչև որոշ նախագծերի իրականացումը, անհրաժեշտ է որոշակի տեխնիկական ուսումնասիրություններ անցկացնել, բայց մնացած դեպքերում մենք չենք առարկում նրանց մտադրություններին»,- նշել է նա։
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրան էլ նշել է, որ շրջանը սահմանակից է երեք երկրների. «Այս գործընթացը մեծ ոգևորությամբ է գնահատվում մեր նահանգում: Մեր նախագահի ղեկավարությամբ շատ լուրջ և կառուցողական քննարկումներ են անցկացվել մեր բոլոր սահմանակից հարևանների հետ: Մենք ունենք Ալիջանի սահմանային դարպասը, և վերջերս հիմք դրեցինք 124 կիլոմետրանոց Դիլուջու-Կարս երկաթուղուն, որը նույնպես կապված է Զանգեզուրի գծի հետ»։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-թուրքական բանակցությունները վերաբերում են ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացի շրջանակում, այսպես կոչված, «Զանգեզուրի գծին», որն ԱՄՆ-ում անվանվեց «Թրամփի ուղի»:
Ըստ նրա, ակնհայտ է, որ ռեգիոնում այն անվանելու են՝ օգտագործելով «Զանգեզուր» անվանումը, որին երբեմն կկցեն «միջանցք» բառը, երբեմն էլ՝ այլ որակումներ կտան:
«Ես կարծում եմ, որ հիմնական շեշտը եղել է հենց այս երթուղին: Չեմ կարծում, թե այս այցին ընդառաջ Իգդիրում կանգառը պատահական է. դա, ինչպես նաև այնտեղ լրագրողների հետ շփումն ու փոխանցած ուղերձները խորհրդանշական են: Սակայն ընդհանուր առմամբ, վերլուծելով բանակցային այս գծի աշխատանքի արդյունքները, կարող ենք ասել, որ այս տարիներին հանդիպումները չափազանց քիչ չէին, իսկ պայմանավորվածությունները չկատարվեցին ու չեն կատարվելու: Ի դեպ, ուշագրավն այն է, որ այդ պայմանավորվածությունները վերաբերում էին երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, և Թուրքիան նույնիսկ դա չի անում, որպեսզի սահմանի փակ կարգավիճակը շարունակի լինել լծակ Հայաստանի նկատմամբ:
Հենց սա էլ ցույց է տալիս, որ այս հարթակն իր նպատակին չի ծառայում, քննարկումներն ընթանում են, գուցեև՝ անընդհատ ռեժիմով, սակայն արդյունքներ չկան, քանի որ Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգում է իր քայլերը և Հայաստանի ուղղությամբ որևէ ինքնիշխան քայլ չի նախաձեռնում: Ըստ էության, բոլոր քայլերը եղել են Հայաստանի կողմից ու մնացել են անպատասխան: Ներկայումս էլ ակնկալելու են, որ Հայաստանը բավարարի այս երթուղու վերաբերյալ թուրք-ադրբեջանական բոլոր պահանջներն ու մշակումները»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Նա պնդեց, որ Քըլըչի այցը Հայաստան խորհրդանշական բնույթ է կրում:
«Չի՛ հայտարարվելու որևէ նոր պայմանավորվածության մասին, չե՛ն իրականացվելու նախկին պայմանավորվածությունները, որոնք հայ-թուրքական բանակցային օրակարգի գլխավոր տարրն են: Սակայն, ինչպես երևում է, Թուրքիան այս այցը կօգտագործի այլ հարցեր քննարկելու համար, որը Սյունիքով անցնող երթուղին է: Ինչո՞ւ, որովհետև այստեղ ևս հարցերը վերաբերում են քայլերին, որոնք ակնկալվում են ՀՀ-ից, և ոչ քայլերին, որոնք Թուրքիան պետք է իրականացնի:
Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային օրակարգերը վերաձևում են այնպես, ինչպես ցանկանում են՝ միմյանց հետ համակարգելով ողջ գործընթացը: Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ ձգտում են ոչ թե հավասարակշռված հարաբերությունների, այլ ձգտում են Հայաստանից հերթով ստանալ իրենց անհրաժեշտ բոլոր համաձայնությունները. գաղտնիք չէ, որ ամենակարևոր հարցերից մեկն էլ այս ճանապարհի հարցն է»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց օրակարգն են առաջ մղում, նույնիսկ «Թրամփի ուղի» անվանումը չեն կիրառում:
«Սա նշանակում է, որ նրանք այս հարցում առաջ են մղելու իրենց ողջ ծրագիրը: Ես կարծում եմ, ՀՀ շահերից է բխում այս հարցով ինտենսիվ համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ՝ վերականգնելով ակտիվ մասնակցությունը «3+3» ձևաչափում: Երևան-Մոսկվա-Թեհրան համագործակցությունն այս հարցում կարող էր շատ էական ազդեցություն ունենալ, հատկապես, երբ Մոսկվան ու Թեհրանն այս հարցով աշխատում են Անկարայի հետ: Սակայն ՀՀ-ն, որի տարածքով պետք է անցնի այդ ճանապարհը, պետք է համագործակցի, դա չափազանց կարևոր է: Այս համագործակցությունը կարող էր փոխել ռեգիոնալ խաղի կանոնները»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին: