Ինչո՞ւ է ԱՀԾ-ն լռում Բաքվի և Անկարայի ազդեցության մասին, ո՞ր երկրներն են թիրախավորված ԱՀԾ հայտարարության մեջ
Մարտի 3-ին հրապարակված՝ «Բաքվի վտանգավոր խաղերն ու հիբրիդային պլանները. ընտրություններից առաջ Փաշինյանին հուշումները» վերտառությամբ հոդվածում գրել ենք, թե Բաքուն հայաստանյան ընտրությունների նախաշեմին ինչ մահացու գործողություններ է հնարավոր համարում ՀՀ-ում «5-րդ շարասյան» ձեռամբ:
Եվ ահա մարտի 10-ին Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։
«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած գերատեսչությունը փաստեր չի ներկայացնում, չի մանրամասնում՝ կոնկրետ ո՞ր երկրի մասին է խոսքը, և, բացի հայտարարությունում նշված գործողություններից, էլ ի՞նչ քայլեր են արվում, երբ ասվում է, որ՝ «չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
Նշենք, որ այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումների, ընտրական գործընթացներին միջամտության մասին տեղեկատվության առթիվ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ հաղորդումն ուսումնասիրման փուլում է:
Իսկ Արտաքին հետախուզական ծառայության այս նախընտրական զգուշացումը բացարձակ զարմանք չի հարուցում, եթե հաշվի ենք առնում 2025 և 2026թթ. զեկույցների հիմնական շեշտադրումները հիբրիդային ճնշումների համատեքստում:
Ի դեպ, մի փոքր թեմայից շեղվելով՝ հիշեցնենք, որ 2024 թվականի գարնանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «2020թ. 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Եվ ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»:
168.am-ն անմիջապես գրել էր, որ Փաշինյանը նկատի է ունեցել ՌԴ-ին և Բելառուսին, այս երկրներին այսօր Փաշինյանը հիմնականում հիշում է ներքաղաքական հարթությունում՝ շեշտելով ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կոնկրետ թեկնածուների արտաքին քաղաքական կապերը:
Եվ վերը նշված հայտարարության ժամանակահատվածում լրագրողները ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանից փորձել էին պարզաբանում ստանալ՝ դա զուտ քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ կան օպերատիվ տվյալներ ՀԱՊԿ 2 երկրի վերաբերյալ: Գրիգորյանը, սակայն, հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով. «ՀՀ վարչապետն արել է հայտարարություն, և ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»:
Այնուհետև նա հավելել էր, որ ՀՀ ինքնիշխանության, սուվերենության համար կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնք գալիս են մի քանի երկրից՝ չտալով կոնկրետ անուններ:
«Այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ: Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հետախուզական տեղեկությունները, որը ծառայությունը պետք է հավաքի, և դրանք ուղղված են հանրապետության արտաքին վտանգները չեզոքացնելուն, որոնք գալիս են տարբեր երկրներից և տարբեր երևույթներից: Եվ մեր հետախուզական տեղեկություններն ու վերլուծությունները միտված են ապահովել, որ քաղաքական որոշումները կայացվեն սոլիդ տեղեկությունների վրա»,- նշել էր Քրիստինե Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերներն ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին դերակատարներ, և Հայաստանը բացառություն չէ։
Այս համատեքստում հավելենք, որ դեռ անցած տարի շրջանառության մեջ էր դրվել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախաձեռնությունը, որով, մասնավորապես, առաջարկվում էր՝
– Ամրագրել ազգային անվտանգության մարմինների կողմից արտաքին հակահետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթը,
-որպես ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական գործունեության իրականացման հիմք սահմանել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում պետական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,
– հետախուզական և հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանելու իրավասությունը վերապահել ՀՀ վարչապետին,
– ազգային անվտանգության մարմինների համար իրավասություն սահմանել ստանալու հասանելիություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ առցանց ձևաչափով,
– ուժը կորցրած ճանաչել Ազգային անվտանգության ծառայության հետախուզական ստորաբաժանումների վերաբերյալ իրավակարգավորումը:
Թե կոնկրետ ո՞ր երկրներում և ինչի՞ արդյունքում է իշխանությունը որոշել անհրաժեշտ համարել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում պետական անվտանգության ապահովումը՝ հայտնի չէ: Հետաքրքիր է՝ որքանո՞վ են սոլիդ Քրիստինե Գրիգորյանի «կանտոռայի» հետախուզական տեղեկությունները, որ նախընտրական տրամաբանությամբ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, ինչո՞ւ չէ՝ ո՞վ կամ որտեղի՞ց է նման տեղեկությունների աղբյուրը:
Եվ ինչպես մեր վերոհիշյալ հոդվածում ենք գրել, արդյո՞ք Արտաքին հետախուզական ծառայությունը Բաքվի նախընտրական հուշումները վտանգավոր չի համարում, ավելին՝ տեղյա՞կ է, որ Հայաստան եկող ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչները շատ լավ համագործակցել են և գուցե դեռ համագործակցում են ալիևյան ռեժիմի հատուկ ծառայությունների հետ: Կամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երբևէ մտածե՞լ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ով 44-օրյա պատերազմի օրերին ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), իր հետ շփվում է՝ որպես հետախուզական ծառայությունը ղեկավարած անձ:
Վերադառնանք ընտրությունների թեմային: Իշխանական շրջանակներից տեղեկություններ են շրջանառում, որ իբր ընտրություններից առաջ Ռուսաստանից սպասվում է ընտրողների մեծ հոսք, որ իբր «քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչներն ավտոբուսների և միկրոավտոբուսների ամրագրումը սկսել են, իրավապահները պետք է խափանեն»: Եթե ՀՀ քաղաքացին, ասենք, աշխատելու համար գնացել է արտերկիր, ու վերադառնում է թեկուզ քվեարկության համար, և ի՞նչ, եթե չկա հարկադրանք, կամ՝ դա «նկարած» չէ: Բայց սա թողնենք ժամանակին և մասնագետներին:
Փոխարենը հիշեցնենք, որ 2021-ի հուլիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում ՀՀ քաղաքացիներից ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ:
Այն ժամանակ 168.am-ը գրել էր, թե ինչպե՞ս է հնարավոր ՀՀ քաղաքացիներից Արցախի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ ստանալ, երբ նախքան պատերազմը Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ Արցախից ինքը ԼՂ հարցը լուծելու մանդատ և լիազորություն չունի, որովհետև նրանք ՀՀ ընտրություններին չեն մասնակցում, ուստի ինքը միայն կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը:
Նիկոլ Փաշինյանի պատճառով պատերազմի ժամանակ իրենց տներից զրկված Քաշաթաղի, Քարվաճառի շրջանի երբեմնի բնակիչնե՞րն էին ընտրել Նիկոլ Փաշինյանին և նրան իրավունք տվել իրենց ապագան դարձյալ որոշելու, գուցե շատ արագ թղթաբանական ինչ-ինչ հարցե՞ր էին լուծվել:
Ի դեպ, նման տեղեկություններ շրջանառվում էին, արդյո՞ք ՀՀ իշխանությունները գնացել են դրանց հետքերով, եթե անգամ դրանք նաև իրենց օգտին եղած լինեն:
Պետք է հասկանալ նաև, թե հիմա արցախցիների ՀՀ-ում տնավորվելը որքանով է բխում կամ չի բխում ՀՀ իշխանությունների շահերից:
Ընտրություններին մնացել է մոտ երկու ամիս, և դեռ շատ բաներ «ջրի երես» դուրս կգան, իսկ Արտաքին հետախուզական ծառայությունն այսօրվա պայմաններում չպետք է մոռանա արտաքին անվտանգային վտանգների կանխարգելման մասին, և չսահմանափակվի զեկույցում ինչ-որ հատված նվիրելով:
Ի դեպ, քանի որ Բաքուն և Անկարան հատուկ հետաքրքրություն ունեն ԱԺ ընտրությունների արդյունքի հետ կապված, արդյո՞ք չպետք է մտածել նաև այնտեղից նախընտրական ճնշման հնարավորությունների մասին: Այսինքն՝ ՀՀ ներքին գործերին դրսից միջամտության որակման առումով չպետք է լինեն երկակի ստանդարտներ:



