Իրանը կբանակցի հրադադարի շուրջ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի չհարձակման երաշխիքների դեպքում
Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում հրադադարի մասին կքննարկի միայն այն դեպքում, երբ ստանա երաշխիքներ, որ ապագայում հարձակումները չեն կրկնվի. «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է իրանական քաղաքական աղբյուրը։
«Իրանը համոզված է, որ հրադադարի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ պատերազմի ստվերը վերանա Իրանից և լինեն իրական երաշխիքներ, որ ապագայում ցանկացած հարձակում չի կրկնվի»,-ասել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Իրանի շուրջ իրավիճակը վերջերս այնպես է զարգանում, որ ԱՄՆ-ն սկզբում ձգտում է բանակցություններ վարել, ապա հարձակումներ է գործում, որից հետո հրադադարը վերականգնվում է, սակայն որոշ ժամանակ անց լարվածությունը վերադառնում է։
«Սա վերածվել է արատավոր շրջանի, որը չի ապահովում ո՛չ Իրանի, ո՛չ էլ տարածաշրջանի անվտանգությունը»,-հավելել է աղբյուրը՝ նշելով ներկայիս հակամարտության սցենարի և 2025 թվականի հունիսի իրանական հակամարտության միջև նմանությունները։



