Խորհուրդ էի տվել այդ մարդկանց համեմատել Արևմուտքի ու Ռուսաստանի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում. Արման Գրիգորյան
Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է. «2012 թվականն էր, Հայ Ազգային Կոնգրեսից արդեն պառակտվել էր արևմտամետների մի մասը ու ձեռնամուխ եղել Կոնգրեսին՝ որպես հակաազատական, հակաժողվրդավարական, հակաարևմտյան, պրոռուսական ուժ ներկայացնելու խիստ շահավետ առաքելութանը։
Նրանց տարատեսակ փաստարկներին ու մեղադրանքներին ի պատասխան՝ մի հարցազրույց տվեցի «Առավոտ» թերթին, որտեղ ի թիվս այլ պնդումների, պնդում էի արել, որ պրո-արևմտյան կողմնորոշումը, որպես ակնհայտորեն ավելի նախընտրելի կողմնորոշում, զուտ բարոյական տեսանկյունից ինձ համար այնքան էլ ակհայտ չէր։
Նաև խորհուրդ էի տվել այդ մարդկանց համեմատել Արևմուտքի ու Ռուսաստանի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում։ Արևմտամետների մոտ բնականաբար անզուսպ կատաղության նոպա սկսվեց ու դրան հաջորդող օրերին իմ հասցեին բերաններն եկածն ասացին, հատկապես դրանց շարքերում շատ հաճախ հանդիպող ինտերնետային ջիգիթները։ Ու միայն նրանց բերաններում չէր դառնահամ առաջացել իմ այդ հայտարարության հետևանքով։ Նույնիսկ ինձ համակրանքով վերաբերվող որոշ մարդիկ համարում էին, որ դա թերևս կանխակալ հայատարարություն էր ու երևի չարժեր էդ տեսակ բան ասել։
Ինչու՞ հանկարծ հիշեցի 14 տարվա վաղեմության էս էպիզոդը։ Որովհետև երեկ Ջոն Միրշայմերի մի հարցազրույց էի նայում, որի ժամանակ նա հայտարարեց, որ ըստ վերջերս արված մի ուսումնասիրության` միայն ամերիկյան տնտեսական սանկցիաները 1971-2021 թթ.-ի ժամանակահատվածում պատճառ են դարձել 38 միլիոն մարդու մահվան։
Այո՛, ճիշտ կարդացիք. 38 միլիոն, այն էլ միայն տնտեսական սանկցիաների պատճառով։ Սրա մեջ չեն մտնում ԱՄՆ-ի կողմից սանձազերծված պատերազմների ու ԱՄՆ-ի կլիենտների իրականացրած վայրենությունների զոհերը։ Միրշայմերի ցիտած թիվը բրիտանական հեղինակավոր Lancet պարբերականում լույս տեսած մի աշխատությունից էր»:



