Փաշինյանի վարչակարգը Հայաստանի համար պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել․ Ալիևը կարող է օգտվել առիթից․ Վազգեն Հովհաննիսյան

Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ տարածաշրջանային պատերազմը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար:

«Հայաստանի համար ահավոր կատաստրոֆիկ իրավիճակ է ստեղծվել, որովհետև պարզ է՝ հարվածներ են հասցվում սահմանակից երկրի, որը թշնամաբար չի տրամադրված ՀՀ դեմ, դրա մասին չեմ ուզում խոսել, այլ այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի վարքագծային մոդելը պատերազմից հետո ցույց է տալիս, որ նրանք փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից։ Նաիվ գնահատականներ կան, որ Ալիևը փորձելու է օգտվել, հարձակվել Իրանի վրա․ նա այդպիսի բան չի անի, որովհետև Իլհամ Ալիևը բավականին ռացիոնալ գործիչ է։

Ինձ թվում է՝ զորաշարժն առաջնահերթ պայմանավորված էր նրանով, որ օգտվեն առիթից, և հնարավոր սցենարների դեպքում ամենաթույլ զոհը Հայաստանի Հանրապետությունն է լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նկատելով, որ Իրանում շատ վատ զարգացումների դեպքում Ալիևը կարող է ռազմակալման ենթարկել հենց այն տարածքը, որը համարում է «Զանգեզուրի միջանցք»։

Կարդացեք նաև

«Սա հնարավոր սցենար է․ մենք այդ սցենարին պատրաստ չենք, որովհետև Փաշինյանի կողմից ստեղծված մեր Արտաքին հետախուզական ծառայությունն իր վերջին զեկույցում ընտրությունների հետ կապված նորից էլի «հիբրիդային պատերազմ», ինչ-որ մարդիկ ուղղորդում են և այլն․․․

Հասկանո՞ւմ եք՝ ազգային անվտանգության սպառնալիքի այս պարագայում Արտաքին հետախուզական ծառայությունը զեկուցում է բաներ, որոնք տրամաբանությանը հակասող են, ենթադրություններ են՝ առանց փաստերի վրա հիմնվելու, իսկ առաջնային անվտանգության խնդիրն այն է, որ քո պետության գոյությունը կարող է շատ մեծ հարցականի տակ դրվել, որովհետև տարածաշրջանում տեղի է ունենում ռազմական լուրջ բախում, և այն երկրները, որոնք քո անվտանգությանը լուրջ սպառնալիք են՝ Ադրբեջանը և Թուրքիան, զորաշարժ են իրականացնում, որին ոչ մի պատասխան չունենք»,-շեշտեց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգին տեղի ունեցող գործընթացներն այդքան էլ հետաքրքիր չեն․ «Օրինակ, եթե Ադրբեջանը ռազմակալման ենթարկի, ո՞վ է խանգարելու»։

Ինչ վերաբերում է իշխանական քարոզչությանը, թե TRIPP-ի իրականացումը երաշխավորելու է ՀՀ գոյությունը, Վազգեն Հովհաննիսյանը նկատեց, որ այն, իրականում, ավելացնելու է մարտահրավերները․

«Ադրբեջանն ստանում է «Զանգեզուրի միջանցք», ով ինչպես ուզում է՝ բացատրի։ Ադրբեջանն ասում է՝ ստացել է «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ մենք տեսնում ենք ավելի ուժեղ կողմի սկզբունքային մոտեցումն այս հարցի նկատմամբ և դրան համարժեք չենք կարող դիմակայել։

Իսկ այդ նախագծից ուղղակի հրաժարումը՝ առանց հստակ բալանսավորման, ուղղակի ականապատված է, այսինքն՝ մենք արդեն համաձայնություն ենք տվել, որ Ադրբեջանը պետք է ճանապարհ ունենա, հրաժարվում ես՝ Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով վերցնել։ Այսինքն՝ դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս գործող վարչակարգը, որը Նիկոլ Փաշինյանն է գլխավորում, ինչ իրավիճակ է ստեղծել․ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել։ Հրաժարվում ես՝ քո վրա հարձակման կազուս բելի է ստեղծվում, չես հրաժարվում՝ կամաց-կամաց քեզ աբսորբացիայի են ենթարկում»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս