Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը

«Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ դիտարկմամբ, որ «Արմատագիր – երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։

Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից:

«Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում:

«Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանը իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», – ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենի գյուտը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում և հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։

«Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», – ասել է վարչապետը»,- նշվում է գործադիրի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս