Օգնեցեք. Փաշինյանը կորցնում է իշխանությունը

Զզվանք: Սա միակ զգացողությունն է, որը ՀՀ ցանկացած քաղաքացու մոտ, ընդ որում, անկախ քաղաքական նախասիրություններից, կարող է առաջանալ՝ լսելով Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը:

Այդ ելույթում նա խտացրել էր Ադրբեջանի, դրա նախագահի հանդեպ իր ողջ գորովանքն ու երախտագիտությունը՝ միևնույն ժամանակ այն զուգակցելով հայկական ամենայնի հանդեպ ատելության հետ:

Եվրախորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց իր ներհայաստանյան քարոզչության ամենակեղտոտ նարատիվները՝ Հայ Առաքելական եկեղեցու, բարձրաստիճան հոգևորականների, իր ապազգային քաղաքականության դեմ պայքարող բոլորի մասին:

Երևի միայն թարգմանության հարցում վստահության բացակայության պատճառով նա չօգտագործեց «դոմփել», «պատերին ծեփել», «ուրիշ բան թափ տալ» արտահայտությունները՝ բովանդակային իմաստով կրկնելով նույն այն մաղձը, որով վերջին երկու տարիներին թունավորում է հայ հասարակությանը:

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ եվրոպական բարձր ամբիոնից նա տարբեր ձևակերպումներով մի քանի անգամ արձանագրեց, որ Հայաստանն իր այսօրվա գոյության համար պարտական է… Ադրբեջանին:

Փաշինյանի ելույթի ողջ պատճառահետևանքային կապը կառուցված էր կեղծ «խաղաղության» ֆետիշացման հիման վրա՝ այնպես, որ եթե երկու տարի առաջ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց չսկսվեր, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա և դրա փոխարեն կլիներ արտաքին կառավարման տակ գտնվող ինչ-որ տարածք: Եվրոպացիներն, իհարկե, ծափահարեցին Փաշինյանին՝ հրապարակավ ցույց չտալով իրենց ընկալումն այն մասին, որ Հայաստանը փրկելով երևակայական «արտաքին կառավարումից»՝ Փաշինյանն այն այլևս անթաքույց հանձնում է ադրբեջանաթուրքական կառավարմանը:

Գնահատականը, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ էքսցենտրիկ ընդդիմադիրի կաղապարից չի կարողացել ազատվել՝ անգամ 8 տարի իշխանություն ունենալով, երեկ Եվրախորհրդարանի դահլիճում ևս մեկ անգամ հաստատվեց իր ողջ թշվառությամբ:

Ընդհանրապես, սեփական երկրի քաղաքական դերակատարներից բողոքելը, արտաքին աջակցություն հայցել-աղերսելը բնորոշ է եղել տարբեր ժամանակների ընդդիմություններին, որոնք եվրոպական ամբիոններում հանդես գալով՝ փորձել են, հաճախ արդարացիորեն, հաղթահարել ներպետական գործիքներով անլուծելի թվացող խնդիրները: Փաշինյանը խախտեց նաև այդ չգրված օրենքը՝ իրեն նույն շարքում դնելով Մոլդովայի նախագահ Սանդուի և նույնպիսի քաղաքական ծագումնաբանություն ունեցող այլ գործիչների հետ, որոնք հանուն իշխանության պահպանման պատրաստ են ամեն ինչի: Առանց բացառության՝ ամեն ինչի:

Եվրախորհրդարանի դահլիճում կատարվածը՝ իր ողջ տհաճությամբ հանդերձ, վկայում է մի դրական իրողության մասին: Փաշինյանը՝ ըստ ամենայնի, լրջորեն գիտակցում է իշխանությունը կորցնելու վտանգը և դրա հետևանքներից սարսափելով՝ օգնություն է աղերսում եվրոպացիներից: Ալիևին էլ Փաշինյանն ակնարկում է, որ եթե նա էլ աջակցի իրեն իշխանությունը պահպանելու հարցում, իր ելույթի վերջում հնչող կեցցեների շարքին կարող է ավելացնել նաև «կեցցե Ադրբեջանի Հանրապետությունը» արտահայտությունը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս