Սա է այն կարմիր գիծը, որը չպետք է կորի ընտրապայքարի ընթացքում. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հայաստանի առաջիկա ընտրությունները այն ընտրությունները չեն, որոնց հիմնական հարցը պետք է լինի՝ ով քանի մանդատ կստանա, ով քանի պատգամավոր կունենա կամ որ քաղաքական ուժը որքան մեծ խմբակցություն կձևավորի ԱԺ-ում: Դա նույնիսկ այս իշխանությանը չի հուզում, որովհետև նրանք բոլորից լավ են հասկանում այս ընտրություննների ոչ սովորականության բնույթը:

Այս ընտրությունները պետք է դիտարկել ոչ թե որպես միայն քաղաքական գործընթաց, այլ որպես հասարակության քաղաքական ինքնապաշտպանության փորձ։նՀենց այստեղ է այն կետը, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է լրջորեն վերանայեն իրենց ընտրապայքարի տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, որովհետև առաջիկա ընտրապայքարում կա մի շատ լուրջ վտանգ։

Այն հիմնական գաղափարը, որի շուրջ պետք է կառուցվի ամբողջ գործընթացը՝ այն է «թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը» կարող է շատ հեշտ կորել ընտրապայքարի ճանապարհին։

Փոխարենը առաջին պլան կարող է դուրս գալ բոլորիս արդեն ծանոթ խոսույթը՝

— ով է սոց. հարցումներով առաջատարը,
— ով է դառնալու նոր իշխանությունը,
— ով է հավաքելու ավելի շատ ձայներ,
— ով է լինելու գլխավոր ընդդիմադիր ուժը։

Եվ հենց այստեղ է վտանգը։ Քաղաքական ուժերը սկսում են զբաղվել ռեյտինգներով, մրցել ոչ թե իշխանության վերարտադրությունը կանխելու համար, այլ միմյանցից առաջ անցնելու համար։
Արդյունքում ամբողջ գործընթացը սկսում է գնալ այն ճանապարհով, որը վաղուց է հաշվարկված, երբ իշխանությունը ձևավորել է խաղի կանոնները, իսկ ընդդիմադիր ուժերը սկսում են մրցել հենց այդ կանոնների ներսում։

Քաղաքագիտության մեջ սա հայտնի մեխանիզմ է, երբ ընտրությունները ձևականորեն մրցակցային են, բայց իրականում ամբողջ գործընթացը կառուցված է այնպես, որ ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունը սկսում է աշխատել հենց իշխանության վերարտադրության օգտին։

Ավելին, վերջին օրերի և հատկապես ԵԽ-ում այսօր Փաշինյանի ելույթը ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը փորձում ընտրությունների տրամաբանությունը տեղափոխել այլ հարթություն։ Ընտրությունները սկսել են ներկայացվել ոչ թե որպես իշխանության հաշվետվություն կամ հանրային գնահատական, այլ որպես քաղաքակրթական բախում՝ Արևմուտք–Արևելք, ժողովրդավարություն–ոչ ժողովրդավարություն տրամաբանության մեջ և հատկապես հիբրիդային պատերազմ հակադրությունների շռայլ օգտագործմամբ։

Սա նշանակում է, որ ընդդիմությունը դիտարկվում է ոչ թե որպես ներքին քաղաքական այլընտրանք, այլ որպես «հիբրիդային պատերազմի» կամ «արտաքին ազդեցությունների» գործիք։
Նարատիվը միտումնավոր փոխում է ընտրությունների բովանդակությունը և հասարակությանը առաջարկվում է ոչ թե ընտրել իշխանություն, այլ ընտրել «ճամբար»։

Այս ամենը դառնում է առկա ընդդիմադիր պայքարի համար առավել սուր մարտահրավեր և եթե « նախկին-ներկա» խայծը որոշ ընդդիմադիր ուժեր վարկանիշային ռիսկի տակ չմտնելու համար կուլ տվեցին ժամանակին ապա այս նոր նարատիվներից ապահովագրվելու որևէ շանս այլևս չունեն: Ուստի հասարակությունը և քաղաքական ուժերը չպետք է թույլ տան, որ ընտրությունները վերածվեն աշխարհաքաղաքական կամ հիբրիդային հակադրության դաշտի, որովհետև առաջին իսկ բարդ պահից կկորչի գլխավոր նպատակը՝ կանգնեցնել այս իշխանության վերարտադրությունը։

Այդ պատճառով այս ընտրությունների գլխավոր հարցը չպետք է լինի՝
ով է լինելու հաջորդ իշխանությունը։

Գլխավոր հարցը պետք է մնա մեկը՝ «ինչպես թույլ չտալ այս իշխանության վերարտադրությունը՝ օգտագործելով ընտրությունների ինստիտուտը որպես քաղաքական գործիք»։

Սա է այն կարմիր գիծը, որը չպետք է կորի ընտրապայքարի ընթացքում։

Որովհետև այս իշխանության կողմից ձևավորված խաղի կանոնների ներսում որևէ դասական մրցակցություն դանդաղ վերածվում է նրանց օգտին աշխատող գործընթացի։

Հայաստանի ընտրությունները պետք է որոշեն իշխանության ճակատագիրը, ոչ թե սահմանեն աշխարհաքաղաքական ճամբարներ կամ վախի ու շանտաժի խաղի կանոններ։ Եթե այս կարմիր գիծը պահպանվի, հանրությունը կկարողանա օգտագործել ընտրությունների ինստիտուտը՝ կանգնեցնելու ներկայիս իշխանության վերարտադրությունը:

P.S.

Այս իշխանությունը փոխում է ընտրությունների բնույթը՝ դարձնելով դրանք քաղաքակրթական, բևեռային հակադրության դաշտ, ներհանրային ավելի լայն պառակտման մեխանիկա քան նախկինում էր: Ընդդիմությունը պետք է չմոռանա իր գլխավոր նպատակն ու առաքելությունը՝ ծառայել հանրության ողջ ընդդիմադիր լայն շերտերի շահերին և կանգնեցնել ներկայիս իշխանության վերարտադրությունը»։

Տեսանյութեր

Լրահոս