Անչափահասների կողմից կատարված հանցագործություններն աճել են․ ՔԿ-ն տվյալներ է հայտնել

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2025 թվականին քննվել է 464 քրեական վարույթ, ինչը 20-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընդհանուր գործերի թվում 158 քրեական վարույթ փոխանցվել էր 2024 թվականից։

ՀՀ ՔԿ-ի 2025 թվականի վերաբերյալ ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ հանցագործությունների թվի աճ է նկատվում 2024 թվականի համեմատ։

«Նախորդ տարվա 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ)։ 1 անչափահասի նկատմամբ հարուցված քրեական վարույթն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96)։ 2025 թվականին 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը` միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45)»,- ասված է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ 136 քրեական վարույթ նախորդ տարվանից փոխանցվել է 2026 թվական:

Դատարան ուղարկված գործերը վերաբերում են տարբեր ծանրության հանցագործությունների․

  • 5 սպանություն
  • 1 սպանության նախապատրաստություն
  • 2 սպանության փորձ
  • 11 առողջությանը ծանր վնաս պատճառել
  • 4 սեռական ազատության դեմ ուղղված հանցանք
  • 7 կողոպուտ
  • 1 գողություն
  • 2 շորթում
  • 7 խուլիգանություն
  • 12 զենքի, զինամթերքի օրինական շրջանառություն
  • 6 թմրամիջոցների օրինական շրջանառություն
  • 20 այլ հանցագործություններ։

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել։

Տեսանյութեր

Լրահոս