ԱՊՇԱԾ ԷԻ. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՏԵՑ Հ1-Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ. ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ 2-ՐԴ ՃԱԿԱՏ ԲԱՑԵԼ, ԶՈՀԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ. ՀՐԱՅՐ ԲԱԼՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման մասնագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն է։

Ամերիկահայ հայտնի կոնֆլիկտաբան, միջազգային իրավունքի, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ (Conflict Resolution, International Law, Mediation), իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանը եղել է ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ելույթների հեղինակներից, նա 2008-2022թթ. եղել է «Քարտեր կենտրոնի» (The Carter Center) Հակամարտությունների լուծման ծրագրի տնօրենը:

Հրայր Բալյանը վերահսկելով ծրագիրը՝ մոնիթորինգի է ենթարկել ամբողջ աշխարհում առկա հակամարտությունները և համակարգել այդ կենտրոնի միջծրագրային ջանքերը Մերձավոր Արևելքում: Նա նաև դասավանդել է Էմորի համալսարանի իրավաբանական դպրոցում (Emory University School of Law):

Կարդացեք նաև

1991 թվականից ի վեր Հրայր Բալյանն աշխատել է Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, նախկին Խորհրդային Միությունից անկախացած պետություններում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ ծառայելով միջկառավարական կազմակերպություններում (ՄԱԿ և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (the United Nations and the Organization for Security and Cooperation in Europe)) և ոչ կառավարական կազմակերպություններում («Միջազգային ճգնաժամային խումբ» և այլն (International Crisis Group and others)):

Նա աշխատել է ընտրությունների կազմակերպման և վերահսկողության, մարդու իրավունքների և հակամարտությունների լուծման ոլորտներում:

Հրայր Բալյանը ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպաս» համալսարանում (Golden Gate University in San Francisco):

2009 թվականի մայիսին Նոր Անգլիայի քոլեջը (New England College) Հրայր Բալյանին շնորհել է իրավունքի դոկտորի աստիճան՝ պատվո աստիճան՝ «ողջ կյանքի ընթացքում բոլոր ժողովուրդների արժանապատվությանը, հարգանքին և ինքնորոշմանը նվիրվածության» և «միջազգային հակամարտությունները լուծելու անզիջում ջանքերի» համար:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. ես չգիտեմ՝ հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակ ի՞նչ պայմաններ ու պահանջներ են դրվում։ Դրա մասին չի խոսվում։

  • Ադրբեջանի համար չկա փոխզիջում․Հայաստանից նրանք միայն զիջումներ են ուզում՝ սահմանազատում, Զանգեզուրի միջանցք, Սահմանադրության փոփոխություն, միջազգային հայցերի հետկանչ, և այլն, և այլն։ 17 կետերից բաղկացած «Խաղաղության համաձայնագրում» հայտնի չէ՝ ինչ առևտուր է տեղի ունեցել։ Հուսամ՝ Հայաստանը կդիմադրի Ադրբեջանի այդ պահանջներին։
  • Ինձ համար շատ կարևոր է Բաքվի բանտերում գտնվող գերիների հարցը։ Ես որևէ տեղեկություն չունեմ՝ Հայաստանի իշխանությունը գերիների հարցով ինչ-որ բան անո՞ւմ է, թե՞ չէ։ Կարող եմ միայն հուսալ, որ գերիների վերադարձի հարցը բանակցության մաս է։ Բայց եթե Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցը չի քննարկվում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։
  • Երկար տարիներ է, որ Ադրբեջանը Երևանն անվանում է՝ Էրիվան ու համարում իրենը, խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին… Այդ դեպքում Բաքվի հայերն էլ պետք է վերադառնան Բաքու, արցախահայերը պետք է վերադառնան Արցախ… Ինչո՞ւ Հայաստանի իշխանություններն այս հարցն առաջ չեն բերում: Չէ՞ որ վերադարձի իրավունքը միջազգային իրավունք է։
  • Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ես նախընտրում եմ անվանել Մեղրիի միջանցք։ Ադրբեջանը ներկայացնում է իր պահանջները, իսկ Հայաստանն ինչո՞ւ չի պահանջում Թուրքիայից դեպի Տրապիզոն 90 տարով ծովային միջանցքի վարձակալում, որ ելք ունենանք դեպի ծով, ինչո՞ւ չի պահանջում Ադրբեջանով ճանապարհ դեպի Ռուսաստան, Նախիջևանով ելք դեպի Իրան։ Բոլոր ճանապարհները պետք է բացվեն, ոչ միայն Զագեզուրի կամ Մեղրիի միջանցքը։ 
  • Պարտված ղեկավարը պետք է հրաժարական տա։ Սա ընդունված եղանակ է աշխարհում, պատմության մեջ։ Հայաստանի ղեկավարը պարտությունից հետո մնաց, բայց գոնե թող արդյունավետ բանակցեր, առանց միայն զիջելու…
  • Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի, ՀՀ իշխանությունները համաձայնությունը տվել են, որ փոխելու են: Բայց Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Հուսամ՝ բանակցությունների ժամանակ Հայաստանը կպահանջի նաև Ադրբեջանի Սահմանադրությունը փոխել։ Այո՛, Հայաստանը պարտված երկիր է, բայց պարտված երկիրն էլ կարող է պահանջներ ներկայացնել։
  • Հայաստանն այսօր վտանգի տակ է։ Եթե չբանակցենք՝ վտանգի տակ է, բանակցենք՝ նույնպես վտանգի տակ կարող է լինել՝ կախված նրանից, թե Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի կողմից ներկայացված ինչ նախապայմաններ ու պահանջներ են ընդունում։
  • 30 տարուց ավելի Մինսկի խմբի համանախագահները հավասարակշռում էին բանակցությունները։ Այդ բանակցությունները տեղ չհասան։ Երբ 3-րդ կողմ է մասնակցում բանակցություններին, հաճախ նաև իր շահերն է առաջ մղում ու կարող է թույլ կողմին ավելի թուլացնել, կամ իր շահերը նաև առաջ բերել։ ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական բանակցություններում ըստ երևույթին առաջարկում է, որ ամերիկյան իբրև թե անկախ մասնավոր ընկերություն վերահսկի այդ ճանապարհը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Բայց այդ կազմակերպությունն ո՞ւմ շահերն է պաշտպանելու։ Արդյո՞ք այդ ընկերությունը տարածաշրջանից Իրանին ու Ռուսաստանին դուրս մղելու հանձնառություն չի ունենալու։ Գազայում էլ կա նման ամերիկյան կազմակերպություն՝ ամերիկյան մասնավոր անվտանգության և լոգիստիկ ընկերություն։ Ի՞նչ են անում… Մարդ են սպանում, Իսրայելի գործառույթն են կատարում։ Ես տեղեկություն չունեմ՝ ամերիկյան ի՞նչ մասնավոր ընկերության մասին է խոսքը, որին ուզում են արտապատվիրակել «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը, հարցնում եմ՝ ի՞նչ նպատակով է ամերիկյան կազմակերպությունը գալու այստեղ։

Հիշեցնենք, որ Գազայի հումանիտար հիմնադրամը (GHF) օգտագործում է ամերիկյան մասնավոր անվտանգության և լոգիստիկ ընկերություններ՝ Գազա օգնություն հասցնելու համար։ 

Հիշեցնենք նաև, որ «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, թե սկզբունքների՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության, պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։ Շատ մանրամասներ հայկական կողմը չի բացահայտում, միայն ասվում է, որ կան տարբեր առաջարկներ, և Հայաստանը դրանք դիտարկում է։

Օրերս նմանատիպ առաջարկի առկայության մասին էր գրել Carnegie Politika-ի իր հոդվածում վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների և նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։

  • Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արդեն ուժ չունի, որովհետև նրա գլխավոր առարկան՝ Արցախը, այլևս գոյություն չունի։ Այդ հայտարարության հիման վրա «Զանգեզուրի միջանցքի» բացման հանձնառությունը չպետք է ստանձնել։ Այլ հարց է, եթե նոր համաձայնագիր կնքվի։
  • Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, էթնիկ զտում էր, հայաթափում և ցեղասպանություն։ Բավականաչափ փաստեր կան, որոնք փաստում են՝ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր։ 
  • Այսօր ամբողջ աշխարհը թքած ունի միջազգային իրավունքի վրա։
  • Պետք է ընդունել, որ Մինսկի խումբը գոյություն չունի, որովհետև կրկին՝ գոյություն չունի նրա ստեղծման իմաստը՝ Արցախը։ Մինսկի խմբի փակման հարցն ինձ համար անհեթեթ հարց է, գոյություն չունեցող մի բան։
  • Եթե համաձայնություն կա «Խաղաղության համաձայնագրի» բոլոր 17 կետերի շուրջ, ինչո՞ւ այն չեն հրապարակում։ Բանակցությունների ընթացքում գաղտնապահությունը պետք է, բայց մինչև որոշ ժամանակ։ Հիմա այլևս պետք է հրապարակեն «Խաղաղության համաձայնագրի» տեքստը։ Ժողովուրդն իրավունք ունի իմանալ՝ ի՞նչ է իրեն սպասվում։
  • Բանակցությունները չպետք է դադարեն, բայց հենց բանակցությունների ընթացքում Հայաստանը պետք է պահանջի, որ բոլոր 23 գերիներն անհապաղ ազատ արձակվեն առանց նախապայմանների։
  • Խաղաղության պայմանագրերը միշտ ձախողվում են, երբ ժողովուրդները պատրաստ չեն լինում ընդունել դրա բովանդակությունը։ Պայմանագրում պիտի վեճերը լուծելու գործիքակազմեր լինեն, որ դրանք նոր հակամարտության չվերածվեն։
  • «Խաղաղության պայմանագիրը» պետք է ունենա երաշխավոր ու վերահսկողություն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարո՞ղ է երաշխավոր լինել այդ համաձայնագրին։ Կարո՛ղ է: Ես համաձայնագիրը չեմ տեսել՝ չգիտեմ՝ կա՞ նման կետ, թե՞ չէ։ Եթե չկա, ապա շատ վատ է։ Երբ երկու կողմերին քաջալերում են համաձայնագիր ստորագրել, թող նաև քաջություն ունենան ու երաշխավոր լինեն այդ գործընթացին։

  • Սամվել Կարապետյանի ասած խոսքի մեջ ո՛չ մի դատապարտելի բան չկա։ Որպես իրավաբան՝ ես նրա ասած բառերի մեջ որևէ հանցագործություն չեմ տեսնում։ 
  • Երրորդ շաբաթն է՝ Հայաստանում եմ, ամեն օր ձերբակալություններ ու խուզարկություններ եմ տեսնում… Երկու արքեպիսկոպոս է կալանավորվել։ Ինձ համար մտահոգիչ է, որ երկրի գլխավոր դատախազը Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ արդեն դատեց բոլոր կալանավորվածներին ու ոտնատակ տվեց անմեղության կանխավարկածը։ Մարդուն դատարանում պիտի դատեն, ոչ թե Հանրային հեռուստաընկերության տաղավարում։ Այդ մարդիկ այնտեղ չէին, չէին կարող իրենց իրավունքները պաշտպանել։ Դա անթույլատրելի է, ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ:
  • Անընդունելի է այն բառապաշարը, որով երկրի ղեկավարն անվանում է Եկեղեցու սպասավորներին։ Չի կարելի արքեպիսկոպոսներին ասել «շնաբարո դուրսպրծուկ»․դա ի՞նչ բառապաշար է… Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ Եկեղեցին ու պետությունն անջատ են։ Եկեղեցին կարող է կարծիք հայտնել։
  • Չի կարող մարդու շապիկի վրա գրված Դաշնակցության «Մա՛հ կամ ազատություն» կարգախոսը հանցագործության տարր լինել։ Սա ի՞նչ անլուրջ վերաբերմունք է։
  • Ես կուզեի՝ ընդդիմությունը միասնականորեն պաշտպան կանգներ քաղաքական հալածվողներին։ Ես նախկին դաշնակցական եմ, բայց երբ հիմա տեսնում եմ՝ ՀՅԴ-ն հալածվում է, ասում եմ՝ ես ներկա դաշնակցական եմ, պաղեստինցին է հալածվում՝ ես պաղեստինցի եմ, ես բոլոր հալածվողների կողքին եմ։ 
  • Եթե երբևէ Հայաստանը հասնի Եվրամիության անդամ (ԵՄ) դառնալուն, դրա համար տասնամյակներ են պետք, բայց ես չեմ տեսնում, որ Եվրոպան նման ցանկություն ունի։
  • Ես նաև հուսով եմ, որ մեզ ՆԱՏՕ չեն տանի, որովհետև այդ դեպքում մենք կթշնամանանք ուրիշ պետությունների հետ։ Մենք ուզո՞ւմ ենք հասնել այն օրին, ինչ 2008թ․Վրաստանը կամ հիմա՝ Ուկրաինան։
  • ՀԱՊԿ-ից դուրս գալը չի նշանակում, որ հաջորդ քայլը ՆԱՏՕ-ին միանալն է։ Եթե մի օր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն, թերևս 102-րդ ռուսական ռազմաբազան պետք չի լինի։ Բայց Թուրքիան դեռ ուրանում է Ցեղասպանության իրողությունը։ Պետք չէ խոսել պատմաբանների հանձնաժողովի մասին։ Ցեղասպանության իրողությունը փաստ է, պատմաբանները՝ հայ, թուրք և միջազգային, վաղուց ասել են այդ մասին։ Ամբողջ աշխարհը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես հավատում եմ՝ մի օր Թուրքիան ու Ադրբեջանն էլ պետք է ընդունեն, որ ցեղասպանություն են իրականացրել՝ Արևմտյան Հայաստանում և Արցախում։
  • Արևմուտքը հանցագործ է, եթե չի խոսում Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մասին։
  • Արևմուտքը փորձում է այստեղ Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել, որ Ուկրաինայում կարողանա հաջողել։ Բայց եթե մենք մտնենք այդ վտանգավոր խաղի մեջ, մենք ենք տուժելու, զոհը մենք ենք լինելու։
  • Ռուսաստանն այսօր արդեն դուրս է եկել տարածաշրջանից։ Չգիտեմ՝ կփորձի՞ վերադառնալ, թե՞ ոչ։ 
  • Ղրիմի հարցով ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերն իրապաշտ մոտեցում ցույց տվեց՝ ասելով, որ Ղրիմը Ռուսաստան է, ու դա այդպես է։ Դա իրողություն է։

  • Թրամփին թվում էր, որ եթե ինքը հայտարարի, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվելու է, այն ավարտվելու է։ Հիմա սովորեց, որ այդպես չէ։ Բայց եկե՛ք հիշենք, որ 2022թ., երբ պատերազմից մի քանի ամիս էր անցել, բանակցություն պիտի ընթանար այն դադարեցնելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան թույլ չտվեցին, որ ուկրաինացիները կանգնեցնեն պատերազմը։ Ուկրաինան այսօր ամբողջովին ավերվել է։ Բանակցություններն այլընտրանք չունեն, պետք է նստեն սեղանի շուրջ ու խոսեն։ Մեծ Բրիտանիան, ինչպես միշտ, խառնում է: 

Ռուսաստանը և Ուկրաինան, ըստ էության, 2022 թվականին Ստամբուլում համաձայնությունների էին եկել, սակայն հետո Կիևը հրաժարվեց դրանցից։

Հետագայում պարզվեց, որ բանակցությունների խափանման, պատերազմի դադարեցման գործում մեծ դեր է ունեցել Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ փաստին անդրադարձել էր և միջազգային մամուլը՝ հրապարակելով Ջոնսոնի խոսքերը, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. 

«Ուկրաինական կողմը նախաստորագրել է այդ փաստաթուղթը, նշանակում է՝ ընդհանուր առմամբ համաձայն էր դրան: Իսկ հետո ինչ-որ պատճառով հրաժարվեցին: Թե ինչու, հասկանալի է: Որովհետև ժամանեց ձեր դաշնակիցը, պարոն Ջոնսոնը (խմբ.՝ Բորիս Ջոնսոն, այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը), լավ սանրվածքով այդ մարդը, և ասաց, որ նրանք պետք է պատերազմեն մինչև վերջին ուկրաինացին», – նշել էր Պուտինը։ 

  • Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը, կարծում եմ՝ արտահայտել է Սպիտակ տան տեսակետը: Այլ կերպ չի կարող լինել, դեսպանն իր տեսակետը չի արտահայտում, խոսքը համաձայնեցվում է Սպիտակ տան հետ: Եթե դեսպանը շարունակում է պաշտոնավարել, ուրեմն նա արտահայտել է ԱՄՆ դիրքորոշումը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը Նյու Յորքում հուլիսի 11-ին խոսել էր Սյունիքի ճանապարհը 100 տարով վարձակալելու՝ ամերիկյան առաջարկի մասին

«Թուրքիան աշխարհի կենտրոնում է: (…) Թուրքիան այդ ամենի կենտրոնում է՝ ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը: Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի համար, բայց սա կատակ բան չէ: Սա շարունակվում է մի ամբողջ տասնամյակ՝ 32 կիլոմետրանոց ճանապարհի համար: Եվ ինչ է տեղի ունենում. Ամերիկան գալիս և ասում է. «Լավ, մենք դա կվերցնենք մեզ վրա: Տվեք մեզ 32 կիլոմետրանոց ճանապարհը հարյուր տարվա վարձակալությամբ, և բոլորդ կարող եք օգտվել դրանից»: Բայց այս ցեղային մտածողությունը չի վերանում: Մենք հասել ենք «e pluribus unum» կոչվող իրավիճակի: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է հրաժարվել զանգվածներից մեկի համար: Դա կա Ամերիկայում: Դա չկա այնտեղ: Այնտեղ առաջնայինը, նախ՝ անհատն է, ընտանիքը, ցեղը, և հետո նոր՝ ազգը: Բայց ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս «e pluribus unum»-ը կտարածվի, և մենք լատիներենից կանցնենք արաբերենի, արաբերենից՝ ռուսերենի, ռուսերենից՝ չինարենի. գուցե հնարավորություն կա»,- ասել էր նա (մեջբերումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված տեքստից):

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս