Փաշինյանը միջանցքի՞ն է դեմ, թե՞ այնտեղ ՌԴ ներկայությանը. ի՞նչ է կանխվել 44-օրյայի ժամանակ և ի՞նչ է փոխվել այսօր

Այսօր Աբու Դաբիում տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը տևել է մոտ 5 ժամ, որը մեկ անգամ կարճ ընդմիջվել է:

Հանդիպման վայրի առաջարկն արել էր Ադրբեջանը. ադրբեջանական կողմն ԱՄԷ-ին համարում է կոնֆլիկտների կարգավորման հարցերում անկողմնակալ կամ չեզոք խաղացող, այսինքն՝ նա չի փորձում միջամտել կամ ազդել բանակցային գործընթացի և արդյունքների վրա, ինչը և Աբու Դաբիի քաղաքական «բրենդն» է կամ «ֆիշկան»:

Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպման գլխավոր թեման, ըստ էության, եղել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը, հատկապես, երբ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ «չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ​​ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»։

Ի դեպ, այսօր, երբ դեռ Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկված հարցերը չէին հանրայնացվել, «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հարցազրույցը, որտեղ հարցին՝ Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա, նա պատասխանել է.

Կարդացեք նաև

«Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի, կարող է դառնալ, կարող է՝ ոչ»:

Հարցին էլ, թե՝ «Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության», փոխարտգործնախարարն արձագանքել է՝ «այո»:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը հիշեցրեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ «Քարնեգի» հիմնադրամի հրապարակած տեղեկությունները, ինչպես նաև պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները հստակ ցույց էին տալիս, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ամերիկյան գաղափարը կրկին օրակարգում է։

«Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ընդհանուր տրամաբանությունն էլ վկայում է, որ սահմանազատման ու այլ թեմաների կողքին առանցքային հարցը հենց այդ միջանցքն է։ Նախնական տեղեկություններով, առաջարկվում է երրորդ կողմի՝ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ռազմական կամ անվտանգության ներկայություն՝ իբրև «երաշխիք»։

Չնայած մինչ այս պահը կոնկրետ մանրամասներ հայտնի չեն, արդեն շրջանառվող տեղեկատվության հիման վրա պարզ հարցեր են առաջանում՝ ի՞նչ պայմաններով է Հայաստանը պատրաստ բացել այդ ճանապարհը, ո՞վ է վերահսկելու այն և ո՞ւմ երաշխիքների տակ: Եթե պայմանական վաղն այս ճանապարհը դառնում է այլ պետության վերահսկողության ներքո գտնվող տարածք, ուրեմն՝ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելն ուղղակի կեղծիք է։ Դա կլինի նույն մեր իմացած «միջանցքը», միայն այլ հովանավորի տակ, երբ Հայաստանի տարածքում հայկական օրենքները չեն գործելու։ Կարճ՝ կապիտուլյացիա»,- նշեց փորձագետը:

Ի դեպ, ինչ վերաբերում է Ադրբեջանի ցանկությանը, թե ում ներկայությունն է նրան ձեռնտու միջանցքային տրամաբանության մեջ, Շիրազ Խաչատրյան ասաց. «Ադրբեջանին ո՛չ ռուսի մասնակցությունն է պետք, ո՛չ էլ, խոշոր հաշվով, Թուրքիայի, չնայած այն, որ Ռուբեն Ռուբինյանն Աբու Դաբիում էր, ուրեմն` Թուրքիայի շահերը ևս հաշվի են առնելու։ Այս դեպքում Ադրբեջանի համար ավելի լավ է, որ ամերիկյան կողմի առաջարկը լինի կամ ԱՄՆ-ն լինի, որը պատեհ պահի տարածաշրջանում հետաքրքրությունները լայնացրել է, բայց, մեծ առումով, Հարավային Կովկասը մյուս ռեգիոնների համեմատ այդքան էլ հետաքրքիր չէ նրան։ Եվ հենց այս ժամանակի ու հավանականությունների վրա էլ Ալիևը խաղում է»։

Ուզում ենք ուշադրություն հրավիրենք կարևոր մեկ հանգամանքի վրա ևս։

2023թ. հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտնել էր, որ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու պայմաններն առնչվել են նաև Մեղրիին:

Մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին.

1. Բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ: ԼՂԻՄ այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին:

2. Շուշին, վերը նկարագրված սցենարով, հանձնվում է Ադրբեջանին:

3. Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ, և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:

Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հավելել էր, թե իր համար կարմիր գիծ է եղել խաղաղապահների տեղակայումը Մեղրիում:

Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախ 2023թ. մայիսին հայտարարություններ էր տարածել, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իր պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, աղերս չունի իր՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

2023 թվականի օգոստոսի 1-ին էլ Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը խոսել էր պատերազմի օրերին իր՝ Սյունիք գործուղվելու և դրա պատճառների մասին՝ առաջարկելով հանձնաժողովին այդ մասին հարցնել Փաշինյանին:

«Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը,- մանրամասնել էր Տոնոյանը՝ հավելելով,- Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել. դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում: Դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ամեն դեպքում, ես նաև ունեի այլ գործառույթ՝ հստակ համագործակցություն, համադրված և շատ լուրջ համագործակցություն հաստատվեց, որի համար ես շատ շնորհակալ եմ տեղի ՌԴ սահմանապահ ուժերին, որոնք այնտեղ գտնվում էին անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ երբ սկզբում Դավիթ Տոնոյանն ասում էր, որ պաշտպանության նախարարը պետք է լիներ ՊՆ-ում, և ոչ թե այդ պահին Մեղրիում, նա, ըստ էության, ցանկանում էր հասկացնել, որ այս դեպքում ևս բանակցությունները ռուսական կողմի հետ ինքն է վարել, թեպետ գլխավոր բանակցողը երկրի ղեկավարն ու գերագույն հրամանատարն է եղել: Մի օր, թերևս, այս առնչությամբ ևս փակագծեր կբացվեն: Սակայն այժմ կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը, ով Քննիչ հանձնաժողովում վստահեցնում էր, թե կողմ չի եղել, որ «Մեղրիում տեղակայվեն խաղաղապահներ», քանի որ «փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող», ավելի ուշ ստորագրել է 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունը, որի 9-րդ կետը սահմանում է հենց վերը նշվածը, այն է՝ «կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

Թե ի՞նչ խմբագրում է եղել եռակողմ հայտարարության մեջ ապաշրջափակման վերաբերյալ, մենք տարիներ առաջ ենք գրել՝ նշելով, որ Փաշինյանն ավելի ուշ հավելյալ բանավոր սրբագրում է կատարել։

Իսկ այն, ինչ այսօր է տեղի ունենում, երբ ակտիվ քննարկվում են արևմտյան կամ ամերիկյան ինչ-ինչ առաջարկներ, երբ քննարկելի են համարում արտապատվիրակման հարցը, կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը, ըստ էության, դեմ է ոչ այնքան միջանցքային տրամաբանությանը, այլ դեմ է այնտեղ ռուսական ներկայությանն ու դերակատարմանը՝ չնայած նրան, որ ՌԴ-ն եռակողմ հայտարարության կողմ է, և պատերազմից հետո եռակողմ այլ փաստաթղթեր են ստորագրվել այս տրամաբանության մեջ։

«Ինչ վերաբերում է Փաշինյանի և Ալիևի այսքան սինխրոն, «կառուցողական» երկխոսությանը, ապա այստեղ խնդիրը վաղուց անցել է երկկողմ հարցերի շրջանակից։ Իրականում այս գործընթացի տակ լուծվում է ռեգիոնում Ռուսաստանի դուրսմղման և արևմտյան դերակատարների ազդեցության ընդլայնման հարցը։ Իսկ թե ինչ վտանգներ դա կարող է առաջ բերել տարածաշրջանի համար՝ թեկուզ մեկ-երկու տարի անց, այս պահին կարծես թե ոչ ոքի չի հետաքրքրում»,- մեր դիտարկումը հաստատեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:

Իսկ Ադրբեջանի ցանկության մասով, թե ում ներկայությունն է նրան ձեռնտու միջանցքային տրամաբանության մեջ, փորձագետի դիտարկմամբ, Ադրբեջանին ո’չ ռուսի մասնակցությունն է պետք, ո’չ էլ խոշոր հաշվով Թուրքիայի, չնայած այն, որ Ռուբեն Ռուբինյանն Աբու Դաբիում էր, ուրեմն` Թուրքիայի շահերը ևս հաշվի են առնելու։

«Այս դեպքում տվյալ պահին Ադրբեջանի համար ավելի լավ է, որ ամերիկյան կողմի առաջարկը կամ ԱՄՆ֊ն լինի, որը պատեհ պահի է տարածաշրջանում իր հետաքրքրությունները լայնացրել է, բայց, մեծ առումով, Հարավային Կովկասը մյուս ռեգիոնների համեմատ այդքան էլ հետաքրքիր չէ նրան։ Եվ հենց այս ժամանակի ու հավանականությունների վրա էլ Ալիևը խաղում է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս