ՌԴ-ն վերադառնում է ապաշրջափակման գործընթացի կողմ լինելու իր լեգիտիմ իրավունքին, Հայաստանը նրան դե յուրե դրանից չէր զրկել. Ի՞նչ է անելու այսօր Փաշինյանը

Մոտ մեկ շաբաթ Ադրբեջանը քարոզչական դաշտում փորձում էր Իրանի հայացքը սևեռել Հայաստանի վրա՝ առաջ տանելով ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին թեզը, ըստ էության, երկրի ղեկավարության հրահանգով: Եվ անգամ ԱՄՆ դեսպանատան հերքումը չէր բավարարել ադրբեջանական կողմին, նրանք պահանջում էին ՀՀ պաշտպանության նախարարության և Իրանի հերքումը: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պահպանեց լռությունը, սակայն Իրանն օրեր անց պաշտոնապես արձագանքել է:

Մասնավորապես, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին իբր զենք վաճառելուն, նշել է.

«Ես որևէ փաստացի տեղեկություն չունեմ ձեր նշածի վերաբերյալ և չեմ կարող մեկնաբանել հրապարակված լուրերը»:

Այսինքն, Իրանն այս պահի դրությամբ ապատեղեկատվությո՞ւն է որակում Սյունիքում ԱՄՆ ներկայությունը, Հայաստան անձնակազմի և ռազմական բեռի տեղափոխումը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Ադրբեջանը քարոզչական ռեսուրսի միջոցով նշված տեղեկության տարածմամբ փորձ էր անում այս ընթացքում նաև նոր սպառնալիքի քարոզչական հիմքեր ստեղծել՝ պատասխանատվության սլաքն ուղղելով Արևմուտքի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի վրա: Այս գիծը դեռ շարունակվում է:

Մասնավորապես, ադրբեջանական քարոզչական կայքերից մեկն առաջ ընկնելով՝ «հուշել է» սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի նախագահի Հայաստան հնարավոր այցի ֆոնին սադրանքների հավանականության մասին: Իհարկե, այստեղ նախաձեռնությունը վերապահվել է հայկական կողմին, բայց Բաքուն զգուշացրել է՝ հետևություններ են անում: Թերևս, ավելորդ է բացատրել՝ ինչ կարող է ենթադրել դա, հատկապես, եթե այս ամենին գումարենք նաև այն, որ վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է սահմանագոտու տարբեր ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն էլ, որպես պատասխան, առաջ է մղում Նիկոլ Փաշինյանի՝ հետաքննության երկկողմ մեխանիզմներ ստեղծելու առաջարկը, թե իբր ՀՀ-ն թաքցնելու բան չունի, բայց թե իրականում ինչ ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հետաքննության մեխանիզմների ստեղծման պայմանագիրը գործող իշխանության օրոք՝ 168.amանդրադարձել է: 

Փոխարենը հիշեցնենք, որ մինչև հիմա ՀՀ քննչական կոմիտեն չի հայտնել՝  հունիսի կեսերին Սյունիքի հատվածում պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը հակառակորդի՞ կրակոցից է զոհվել, թե՞ ոչ:

Իսկ Ադրբեջանը, հաշվի առնելով, որ գոնե ԱՄՆ ռազմական բեռի առումով չկարողացավ Հայաստանի վրա սևեռել Իրանի ուշադրությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ֆոնին որոշեց թարմացնել հին տեղեկությունները, թե Հայաստանն Ուկրաինային է փոխանցել խորհրդային կամ ռուսական հրթիռներ:

Ընդ որում, 2023 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը:

Վերադառնանք ՌԴ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած այցին, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, կոմունիկացիաների բացմանը: Ռուսաստանի ղեկավարը, հատկապես, նշել է.

«Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանն էլ է բախվում ճգնաժամերի, նախևառաջ, իհարկե, ուկրաինական ուղղությամբ, սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրավիճակին, այդ թվում՝ վերջին մի քանի տարիներին, թելադրում է նրան այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտությունը, իհարկե, որտեղ դա պահանջված է կողմերի համար: Բայց եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի խաղաղության համաձայնություն կնքվի, գործը հասցվի սահմանազատման, սահմանագծման, կամ՝ ապաշրջափակման համապատասխան ուղղությունների լոգիստիկայում և տնտեսությունում, մենք ուրախ կլինեինք»:

Այսինքն, Ռուսաստանը որոշել է վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությամբ ստանձնած պարտավորություններին և իրավունքների՞ն, կոնկրետ դեպքում՝ ապաշրջափակման մասով, քանի որ Արցախում խաղաղապահ գործունեության առումով, կարելի է ասել, դրանք մոռացվեցին:

Այսինքն, Հարավային Կովկասից Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ, եթե չհաշվենք նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, նրանց ներկայությունը:

Իսկ Պուտինի՝ Բաքու այցից առաջ ադրբեջանական տարբեր քաղաքագետներ, քարոզչական ռեսուրսներ հիշեցնում էին, որ ԱՄՆ-ը փորձում է Բաքվի վրա ճնշում գործադրել, մինչդեռ ապաշրջափակման գործընթացի կողմ է հանդիսանում Ռուսաստանը՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրելով, որի 9-րդ կետում, մասնավորապես, նշվում է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

Այս տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP-29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել էր.

«Այնտեղ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես»:

Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում հաստատվել է երկրորդ եռակողմ հայտարարությունը, որտեղ խոսվում է ապաշրջափակման հարցով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին:

«1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասով 9-րդ կետի իրագործման նպատակով կողմ ենք Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ գործող եռակողմ Աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկին:

2. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը կանցկացնի առաջին նիստը, որի արդյունքներով կկազմի Հայտարարության 9-րդ կետի իրագործումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ սահմանելով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցմամբ կսահմանի այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ուղղություններով փորձագիտական ենթախմբերի կազմը՝ Կողմերի իշխանության իրավասու մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց թվից: Աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում փորձագիտական ենթախմբերը կներկայացնեն նախագծերի ցանկ՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների ու միջոցառումների հիմնավորմամբ և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման նպատակով:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի՝ ամենաբարձր մակարդակով հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների իրագործման ցանկը և ժամանակացույցը, որոնցով ենթադրվում է տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնում և նորերի կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով կատարվող միջազգային փոխադրումների, ինչպես նաև հավասարապես Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքների հատում պահանջող՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից կատարվող փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար»:

2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարները ևս մեկ համատեղ հայտարարություն էին ընդունել Սոչիում, որտեղ, ըստ էության, դարձյալ շեշտը դրվել էր ապաշրջափակման, բայց նաև՝ սահմանագծման գործընթացի վրա:

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարության իրագործման, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին հայտարարության իրագործման ընթացքը:

Պայմանավորվեցինք ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացն ուղղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը՝ դրա հետագա դեմարկացիայով՝ կողմերի դիմումի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական օժանդակությամբ»,- նշվում էր եռակողմ հայտարարության մեջ:

Հայաստանն այս հայտարարությունների տակից իր ստորագրությունը հետ չի կանչել, այսինքն՝ դե յուրե անհամաձայնություն չի հայտնել, որ Ռուսաստանը լինի ապաշրջափակման և սահմանագծման գործընթացների կողմ, և ոչինչ, որ այս ընթացքում արևմտյան հովանավորությամբ ինչ-ինչ հայտարարություններ ստորագրվեցին և Տավուշում անօրինական սահմանագծման և սահմանազատման գործընթաց տեղի ունեցավ:

Եվ հիմա, երբ Ռուսաստանը հիշել է իր այս պարտավորությունների մասին, ի՞նչ է պատրաստվում անել Արևմուտքին խոստումներ տված Հայաստանի ղեկավարությունը, իսկ հարցեր հնչելու են, եթե չասենք, որ որոշումներ կարող են պարտադրվել։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները ներկայացնելու է Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, նաև խոստումներ և երաշխիքներ կարող են պահանջվել: Ի՞նչ է պատրաստվում անել Փաշինյանը, որը Հայաստանը վերածեց գերտերությունների բախման կետի: Սա աշխարհաքաղաքական հեծանիվ է, որի ուղղությունը որոշում են հզորները…

Սա չի նշանակում, իհարկե, որ ինչ-որ պահի Ադրբեջանը զերծ է լինելու աշխարհաքաղական խնդիրների հետ բախումից: Ինչպես լրատվամիջոցներից մեկին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, գերտերությունները պայքարում են Ադրբեջանի նավթի համար, եթե անգամ մի կողմ դնենք Թուրքիայի կողմից հնարավոր վտանգը:

«Երբ Ադրբեջանը և Թուրքիան ունենան ընդհանուր սահման, Ադրբեջանի գոյության հաշվիչը կմիանա, և նա կձուլվի Թուրքիային: Այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, դա ոչ այլ ինչ է, քան հասանելիություն ստանալու ձգտում Բաքվի նավթին: Եվ թուրքերն են՝ Թուրքիան դա ուզում, և ԱՄՆ-ն է դա ուզում: Խնդիրը Հայաստանը չէ, այլ, թե ով է վերահսկելու Բաքվի նավթը»,- նշել է նա՝ հավելելով, որ Թուրքիային շատ կարևոր է այդ ռեսուրսների կառավարումն իր տնտեսության զարգացման համատեքստում նաև:

Այսինքն, ըստ Կարապետյանի, աշխարհի հետախուզություններն Ադրբեջանում են, ուստի Ադրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, ինչպես նաև Թուրքիայի:

Հիշեցնենք՝ 168.amգրել էր, որ դեռ 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը հրաման էր իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:

Հ.Գ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի առաջին ալիքի եթերում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է.«Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը»։

Տեսանյութեր

Լրահոս